Հունիսի 22-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արփինե Հովհաննիսյանը ելույթ է ունեցել Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նիստում: Նա իր խոսքում անդրադարձել է մեր երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Ընտրական օրենսգրքի առաջիկա փոփոխություններին։
Արփինե Հովհաննիսյանի խոսքով` նախորդ տարիների համատեղ աշխատանքը կամուրջ է եղել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայուն զարգացման համար, և Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները և եզրակացությունները շատ կարևոր են եղել ժողովրդավարության ձևավորման գործում: Մենք հաջողեցինք իշխանության փոխանցում անցկացնել խաղաղ ճանապարհով։ Անդրադառնալով Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հարցին, տիկին Հովհաննիսյանը նշել է. «Մենք պատրաստակամություն ենք հայտնել մասնակցելու Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ` վարչապետի առաջարկած օրակարգով:
ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի ելույթներից հետո ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիքիոն ընդգծել է, որ կարևոր է ընտրությունները կազմակերպվեն Վենետիկի հանձնաժողովի սկզբունքներին համապատասխան` ներառական և թափանցիկ ձևով, քննարկելով շահագրգիռ կողմերի բոլոր առաջարկությունները՝ կոնսենսուսի հասնելու համար և որպեսզի կուսակցությունները Ընտրական օրենսգրքի ընդունումից հետո ունենան բավարար ժամանակ ընտրություններին մասնակցելու համար: