168.am-ը գրում է.

Սիրիական հակամարտությանը թուրքական բանակի միջամտությունն ուղղված չէ այդ երկրում խաղաղության հաստատմանը, այլ միայն սաստկացնում է քաոսը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցությունից Թուրքիայի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը:

«Սիրիական հակամարտությանը Թուրքիայի անմիջական միջամտությունը կապված չէ Սիրիայում խաղաղություն հաստատելու մտադրության հետ: Անկարան նախեւառաջ փորձում է իրենով անել այդ տարածաշրջանում քրդերի նվաճումները, իսկ դա, իր հերթին, էլ ավելի է խճողում այնտեղ շարունակվող քաոսը: Կառավարող կուսակցությունը եւ Էրդողանը ռազմական այդ գործողություններով փորձում են ստանալ ազգայնականորեն տրամադրված ընտրողների ձայները: Բոլոր այդ քայլերը չեն ծառայում կայուն խաղաղությանը»,-ասել է Դեմիրթաշը:

Նա կոչ է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկխոսություն սկսել սիրիացի քրդերի հետ: «Եթե Ասադը նոր ժողովրդավարական Սիրիա կառուցելու ծրագիր ունի, նա պետք է բանակցություններ վարի հասարակության բոլոր մասերի ներկայացուցիչների հետ: Հարկավոր է, որ միջազգային հանրակցությունը աջակցի բանակցությունների սեղանի շուրջ նստելու եւ իրենց խնդիրները երկխոսության ճանապարհով լուծելու Սիրիայի ժողովուրդների ձգտմանը»,-հավելել է քաղաքական գործիչը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել