Armenpress.am-ը գրում է.

Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս փուլում աջակցում է կառավարությանը կուտակային կենսաթոշակային համակարգում բարելավումներ իրականացնելու հարցումԱյս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: «Մենք այս փուլում չենք կարող չաջակցել կառավարությանը, որպեսզի իրականացնի բարեփոխում այս համակարգում, բայց դա անում ենք պայմանով, որպեսզի քննարկումները կուտակային համակարգի հետ կապված շարունակվեն: Ես այս ամբիոնից նույն բանն ասել եմ մեր հարգարժան վարչապետ պարոն Փաշինյանին, որ մենք չենք կարող այս կարևոր հարցում չլսել մեր քաղաքացիների ձայնը: Սա է մեր դիրքորոշումը, և մենք կողմ ենք քվեարկելու»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Էդմոն Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ կուսակցությունում բազմաբովանդակ քննարկումներ են ունեցել և շարունակում են մնալ այն տեսակետին, որ անհրաժեշտ է քննարկումների արդյունքում ներդնել այնպիսի համակարգ, որին քաղաքացիները կմիանան կամավոր: «Այսինքն, մենք չպետք է ունենանք պարտադիր համակարգ, այլ պետք է ներդնենք այնպիսի գայթակղիչ համակարգ, որ քաղաքացիները կամավոր կմիանան: Հենց այս մոտեցումն է ընկած մեր դիրքորոշման, ինչի համար էլ տիկին Մանե Թանդիլյանն առաջարկում էր հետաձգել պարտադիր բաղադրիչի ամբողջական ներդրումը»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը:

Նա շեշտեց՝ հասկանում են, որ նոր կառավարությունը պետք է փորձեր ինչ-որ ճանապարհով լուծում տալ խնդրին: «Հիմա կառավարությունն այս ճանապարհն է ընտրել, իսկ մենք հայտարարել ենք, որ աջակցելու ենք այս կառավարության ռեֆորմները իրականացնելու հարցում»,- եզրափակեց պատգամավորը:

Ազգային ժողովը քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչն ամբողջությամբ ներդնել հուլիսի 1-ից, սակայն հուլիսի 1-ից համակարգի մասնակից քաղաքացիները իրենց աշխատավարձի 5 տոկոսի փոխարեն կվճարեն 2.5 տոկոս, իսկ պետությունը նախկին 5 տոկոսի փոխարեն կվճարի 7.5 տոկոս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել