Քաղվածք ՀՀ Սահմանադրությունից.
Հոդված 81. Ազգային ժողովը Հանրապետության Նախագահի առաջարկությամբ՝
1) հայտարարում է համաներում.
2) վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը:
Ազգային ժողովի վավերացմանը ենթակա են այն միջազգային պայմանագրերը՝
ա) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ կամ նախատեսում են պետական սահմանի փոփոխություն,
բ) որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին,
գ) որոնք ֆինանսական պարտավորություններ են նախատեսում Հայաստանի Հանրապետության համար,
դ) որոնց կիրառումը նախատեսում է օրենքների փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում կամ սահմանում է օրենքներին հակասող նորմեր...
Ինչո՞ւ անդրադարձ կատարեցինք ՀՀ Սահմանադրության հատկապես այս հոդվածին... Արդեն ակնհայտ է, որ թանկացել է Հայաստան ներմուծվող գազի գինը: Այսինքն՝ ամեն ինչ արվեց, որպեսզի մինչև ընտրությունները հանրությունից գաղտնի պահվեր այս իրողությունը, որը Հայաստանին մղելու է տնտեսական կոլապսի և նոր արտագաղթի... Հայաստանը բացարձակապես կանգնած է տնտեսական քայքայման եզրին, իսկ սա նշանակում է, որ այն կարող է կորցնել նաև իր ինքնիշխանությունը, քանի որ մեր «բարեկամ Ռուսաստանը», որին Հայաստանը հավատում է անվերապահորեն, այսօր ամեն ինչ անում է` այն կործանելու, իրեն բռնակցելու համար... Ստեղծվել է իսկապես ճակատագրական պահ բոլորիս համար, քանզի գազի գնի թանկացումը կհանգեցնի անչափելի գնաճի, սոցիալական հիմքերի կազմաքանդման: Ստեղծված կացությունը, ինչպես պարզվում է, չի հետաքրքրում մեր երկրում որևէ մեկին. կառավարությունն ու Ազգային ժողովը քար լռություն են պահպանում, դեռ վերջերս գազի գնի թանկացումը բացառող էներգետիկայի և բնական պաշարների նախարարը սսկվել ու թաքնվել է բոլորից, էկոնոմիկայի նախարարը որևէ բացատրություն չի տալիս... Լուռ է նաև երկրի նախագահը, որը, բնականաբար, առաջինն է իր վրա կրելու սոցիալական պայթյունի ու համաժողովրդական ըմբոստացումի հարվածները: Բայց նախագահն ունի իրավական բոլոր ռեսուրսները` այս ճակատագրական պահին փոխելու իրավիճակը, Հայաստանը դուրս բերելու ստեղծված ծանր ու կործանարար կացությունից: Սահմանադրության 81-րդ հոդվածը հնարավորություն է տալիս ՀՀ նախագահին` դիմելու ԱԺ-ին` չեղյալ հայտարարելու Ռուսաստանի հետ կնքված պայմանագիրը, որն այս դեպքում մեզ համար ստրկացնող պայմանագիր է: Պայմանագրի չեղյալ հայտարարումը կարող է քննարկվել ԱԺ-ում` միաժամանակ պարտադրելով կառավարությանը` անհապաղ քայլեր ձեռնարկել Իրան-Հայաստան գազատարի գործարկման ուղղությամբ: Այդ գազատարը հսկայական գումարներ է կորզել մեր պետական բյուջեից, սակայն մինչև օրս մնացել է անգործ` այդպես էլ առիթ չտալով մեր կառավարությանը բացատրելու, մեկնաբանելու գազատարի անգործության փաստը: Վաղ թե ուշ պետք է գանք իրանական գազին, վաղ թե ուշ Հայաստանը իր տնտեսական շահը պիտի գիտակցի և կարևորի այն հանգամանքը, որ հարկավոր է օգտագործել այն ռեսուրսները, որոնք մեզ ավելի մոտ են...



