Առողջ ապրելակերպի մասին այսօր շատ է խոսվում, իսկ մասնագետները հորդորում են մարդկանց հրաժարվել վատ սովորություններից ու հետևել ճիշտ կենսակերպին, սակայն խնդիրն այն է, որ համացանցում ու հեռուստատեսությամբ գովազդվող առողջ կենսակերպը ոչ բոլորին է համապատասխանում:

Այսպիսով՝ մասնագետները ներկայացրել են ամենատարածված միֆերն առողջ կենսակերպի մասին, որոնց մարդիկ դեռ շարունակում են հավատալ:

1. Ընթրիքից հարկավոր է հրաժարվել

Մարդիկ հաճախ են հրաժարվում ընթրիքից՝ համարելով, որ երեկոյան սնվելը վնասակար է առողջության ու կազմվածքի համար, սակայն գիտնականները նշում են, որ այս սովորությունը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել: Բանն այն է, որ ընթրիքից հաճախ հրաժարվելու սովորությունը նպաստում է նյութափոխանակության համակարգի աշխատանքի դանդաղելուն, ինչպես նաև հանգեցնում է արյան մեջ շաքարի մակարդակի նվազմանը, ինչը կարող է շատ վտանգավոր լինել:

Բացի այդ՝ փորձը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք չեն ընթրում, ավելի շատ կալորիա են օգտագործում նախաճաշին ու ճաշին:

2. Ամենօրյա մարզումներ

Հաճախ ավելորդ քաշից ազատվելու կամ ֆիզիկական մարզավիճակը բարելավելու համար մարդիկ մարզվում են ամեն օր, մինչդեռ ինտենսիվ մարզումները չպետք է գերազանցեն շաբաթական 5 ժամը, քանի որ հակառակ դեպքում մեծանում է սրտամկանի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը:

3. Որքան ինտենսիվ է մարդը քրտնում, այնքան արագ է ազատվում ավելորդ քաշից

Հետազոտությունները վաղուց ցույց են տվել, որ քրտնելու ինտենսիվությունն ու շոգեբաղնիքում անցկացրած ժամանակը ոչ մի կապ չունեն վատնած կալորիաների քանակի հետ: Մասնագետների խոսքով՝ սա ևս մի տարածված միֆ է, որին մարդիկ շարունակում են հավատալ:

4. Նախաճաշն օրվա ընթացքում ընդունած ամենակարևոր սնունդն է

Կա տարածված կարծիք, ըստ որի՝ նախաճաշն օրվա ընթացքում ընդունած ամենակարևոր սնունդն է, սակայն գիտնականները համաձայն չեն այս պնդման հետ: Մասնագետները նշում են, որ եթե արթնանալուց հետո մարդու մոտ ուտելու ցանկություն չի առաջանում, ապա ստիպողաբար ուտելը կարող է վնասակար լինել: Բացի այդ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, որոնք առավոտյան չեն նախաճաշում, օրվա ընթացքում ավելի քիչ կալորիա են օգտագործում:

5. Վազքն օգտակար է բոլորի համար

Բժիշկները նախազգուշացնում են, որ վազքը կարող է հանգեցնել «գերդոզավորման», ինչն էլ կարող է դառնալ սրտամկանի պատերի հաստացման ու թթվայնացնող սթրեսի առաջացման պատճառ: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս վազքին տրամադրել օրական 30-50 րոպե և այն էլ՝ միայն այն դեպքում, եթե դա չի գերծանրաբեռնում օրգանիզմը:

Միևնույն ժամանակ մասնագետները նախազգուշացնում են, որ վազքը կարող է վտանգավոր լինել չմարզված, ավելորդ քաշից տառապող, ինչպես նաև ոտնաթաթերի անհամաչափություն ունեցող մարդկանց համար, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել:

6. Ածխաջրերն ու սպիտակուցները միասին չեն յուրացվում

Շատերը կարծում են, որ սպիտակուցներն ու ածխաջրերը լավ չեն յուրացվում միասին օգտագործելու դեպքում, ուստի քաշի կուտակումից ու առողջական խնդիրներից խուսափելու համար հարկավոր է դրանք առանձին ուտել, սակայն մասնագետները պնդում են, որ նման սննդակարգի անհրաժեշտություն չկա, քանի որ սպիտակուցների ու ածխաջրերի յուրացման համար պատասխանատու են աղեստամոքսային տրակտի տարբեր հատվածներ: Նրանց խոսքով՝ մարդու օրգանիզմը բնությունից ստացել է այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս հնարավորինս շատ օգուտ ստանալ սննդից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել