ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Քննչական կոմիտեի աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի, արտագերատեսչական, անկախ քննչական մարմնի կայացման ուղղությամբ իրականացրած աշխատանքների համար։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 

Ա. Հովսեփյանը տեղեկացրել է ՔԿ ծառայողներին՝ հրաժարական ներկայացնելու իր որոշման մասին և հույս հայտնել, հորդորել, որ նվիրումով ու պատասխանատվությամբ, մարդակենտրոն մոտեցմամբ շարունակեն կատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ հանուն մեր երկրի բարօրության, արդարության և արդարադատության ապահովման։ 

«Ես որոշել եմ այսօր հրաժարական տալ: Ուզում էի դրա մասին տեղեկացնել բոլորիդ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր-բոլոր նրանց, ում հետ 45 տարի աշխատել եմ իրավական համակարգում:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ. մենք միասին շուրջ 4 տարի աշխատանքային ճանապարհ ենք անցել: 

Հետադարձ հայացք գցելով անցած 4 տարիների վրա՝ տեսնում ու համոզվում եմ, որ զգալի համագործակցված աշխատանք է կատարվել։ Մենք, ամենակարևորը, ստեղծել ենք, հիմնադրել այսօր, արդեն իսկ, բոլորի համար կայացած ՀՀ քննչական կոմիտեն. դա մեր ընդհանուր աշխատանքի արդյունքն է: Մաղթում եմ Քննչական կոմիտեի նոր ղեկավարությանը հաջողություններ, աշխատանքային կորով և հմտություններ։ Ամեն մի դրական քայլին սիրով և բարեսրտությամբ կհետևեմ»,- հայտարարել է Աղվան Հովսեփյանը ու ավելացրել. «Ուզում եմ, որ մենք նույն միահամուռ ուժերով, միասին, մի գաղափարախոսությամբ համախմբվենք այն ղեկավարների հետ, որը վաղը, մյուս օրը լինելու է Քննչական կոմիտեում: Ուզում եմ մաղթել հաջողություն, միակամություն և ամենակարևորը, որ կարողանան պահպանել ու հետևողականորեն զարգացնել քննիչի ինքնուրույնությունը, Քննչական կոմիտեի՝ որպես մինչդատական վարույթ իրականացնող մարմնի անկախությունը»:

ՔԿ նախագահը փաստել է, որ այս տարիներին հաջողվել է օրենսդրական կարգավորումներով ապահովել քննիչի անկախությունը դատարաններից, դատախազներից, տեղական ինքնակառավարման մարմիններից, մարզպետներից, կառավարությունից, օրենսդիր իշխանությունից, սակայն կարևորել է նաև ներքին անկախությունը։

«Ձեր ինքնուրույնության դրսևորումը ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողության մեջ է, իսկ երբ չգիտեք ինչպես որոշում կայացնել, գործեք օրենքով»,- դիմելով ՔԿ ծառայողներին՝ ասել է ՔԿ նախագահը և կոչ արել սահմանադրական լիազորություններն իրականացնելիս զերծ մնալ քաղաքականությունից։ 

«Սակայն դա չի նշանակում, որ պետք է հեռու մնաք հասարակական կյանքից։ Ապրել հասարակության մեջ և չլինել դրա մի մասնիկը անհնար է։ Միշտ փորձեք զգալ հասարակության շունչը, սակայն կարողացեք տարանջատել՝ հասարակական գործունեությունն ու ակտիվությունը քաղաքականությունից»,- հայտարարել է Ա.Հովսեփյանը։ 

Աղվան Հովսեփյանն իրավապահ համակարգում մասնագիտական գործունեությունն սկսել է 1974 թվականից՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետն ավարտելուց անմիջապես հետո։ 

Աշխատել է նախ Կարելական Ինքնավար Հանրապետության Սեգեժայի շրջանի դատախազությունում՝ որպես քննիչ, ապա 1978 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Լեռնային Ղարաբաղի դատախազությունում, նախ՝ որպես ավագ քննիչ, դատախազի օգնական, ապա՝ քննչական բաժնի պետ, Մարտակերտի շրջանի դատախազի օգնական: 

1986 թվականից մասնագիտական գործունեությունը շարունակել է Հայաստանի դատախազության համակարգում, որտեղ պաշտոնավարել է մինչև 2013 թվականը։ Այդ տարիների ընթացքում 3 անգամ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ։

2013 թվականին լրացել է նրա՝ որպես ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնավարման ժամկետը և նույն թվականին նշանակվել Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժողովի նախագահ, իսկ ՀՀ Նախագահի 2014 թվականի հուլիսի 18-ի հրամանագրով նշանակվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 

Ա. Հովսեփյանը հայտարարել է, որ շարունակելու է զբաղվել ստեղծագործական, գիտական, մանկավարժական և հասարակական ակտիվ գործունեությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել