Հարց. Ս. Գայանե կույսի տոնին, սիրելի´ Հայր Սուրբ, դուք ձեր քարոզի ժամանակ նշել եք. «Այո մենք ունենք խնդիրներ և այդ խնդիրները պետք է բարձրաձայնել, դնել Կաթողիկոսի առաջ իրենց պատասխանները ստանալու համար»։ 
Սիրելի Հայր Սուրբ, Ս. Աննա եկեղեցու մոտ ձեր հարցազրույցում նշեցիք, որ խնդիրը Հայրապետն է (Նոր Հայաստա՛ն նոր Հայրապետ) և որ մեզ պետք է նոր Հայրապետ։ 
Հարց. չե՞ք կարծում, որ ձեր նախորդ խոսքը միանգամից հակասեց հաջորդ խոսքին։ Ինչպե՞ս պատահեց, որ խնդիրները Վեհափառի առջև դնելուց և լուծում ստանալուց հանկարծակի փոխվեցին Վեհափառին մերժելով։ Ինչո՞ւ (մարդ ես, մտափոխվել կա): Իսկ կարո՞ղ է պատահել, որ վաղն էլ ձեր միտքը փոխվի և ասեք՝ սիրելի եղբայրներ, իմ ուղերձը Վեհափառին չէր, այլ Ձե՛զ էր ուղղված, եկեք ձեզ փոխենք։ 
Հարց. սիրելի´ Հայր Սուրբ, կարծում եք այն ժամանակ դեռ հոգևորական էի՞ք և խնդիրները Վեհափառի առջև էի՞ք դնում, որ լուծում ստանար, իսկ հիմա հոգևորական չե՞ք, որ հարցի շեշտադրումը փոխեցիք։ Եվ վերջապես, Հայր Կորյուն, Վեհափառը հոգևորականներ կարգելու կամ կարգը լուծելու իրավունք ունի՞ և եթե այո՝ դուք հիմա կարգալույծ ե՞ք, և եթե ո՛չ, ապա չե՞ք կարծում, որ ազգի կամոք այս գահին նստած Հայրապետը, թողնելով իր 99 –ին, եկել է ձեր՝ իր մոլորված գառան հետևից: Եվ նա բռնապետ չէ, այլ սիրում է իր զավակներին և մտահոգ է նրանց խնդիրներով։ 
Մեկ փաստ, Հայր Սուրբ, այսօր, կարծես թե, ես եմ երդում տվել կամ ուխտել հավատարիմ լինել Հայոց Հայրապետին և Լուսավորչի գահին և ոչ թե դո´ւք: 
Հարց. այսպե՞ս եք ձեր ուխտը պահում։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ Հայրապետական գահին բազմել են կաշառքով: Հարց. տեսե՞լ եք այդ կաշառքը կամ գումարն ինչպես է ձեռքից ձեռք փոխանցվում, ապացույց ունե՞ք, փաստեր ունե՞ք, թե՞ կարող է ձեր ձեռքով է անցել կամ դուք ե՞ք փոխանցել, որ այդպես վստահ եք։ Եթե այո՝ վա՛յ ձեզ, եթե ոչ՝ փաստեր չունեք, ուրեմն, ձեր մեղադրանքները անհիմն են և իրականությանը չեն համապատասխանում։ 
Ցավով եմ ներկայացնում այս ամենը և լիահույս եմ, որ այն ձեզ կօգնի ճիշտ ընտրություն կատարելու հարցում:

Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի միաբան 
Դավիթ սարկավագ Մովսեսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել