Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀՇ վարչության նախագահ, ՀԱԿ անդամ, ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Մանուկյանը հայտարարեց. «Մենք որևէ մեկին չենք քննադատելու, եթե անգամ կա դրա առիթը, մենք որևէ մեկին թիրախ չենք դարձնելու՝ բացի Սերժ Սարգսյանից և Հանրապետական կուսակցությունից»: Այս հայտարարության մեջ նորություն չկար, քանի որ ՀԱԿ-ի վերնախավը այս օրերին մշտապես այդ նույնն է պնդում: Փորձենք հասկանալ, իսկ որքանո՞վ է արդարացված թիրախը ՀՀԿ-ն ու Սերժ Սարգսյանն են կարգախոսը: Ավելի ճիշտ որքանո՞վ է բարոյական նման կարգախոսը, երբ այս վերջին ժամանակներս ՀԱԿ-ը ՀՀԿ-ի ու ՍերԺ Սարգսյանի հետ գնում էր արժանապատիվ գործարքների, ոչ միայն հասարակության թիկունքում, այլև ընդդիմադիր դաշտի, ու անգամ ՀԱԿ-ի «ոչ էլիտար» անդամների: Չեմ կարծում, որ մեր հասարակությունը հիշողության խնդիր ունի և մոռացել է, որ ՀԱԿ-ը հանդես էր գալիս որպես մեր երկրի կայունության երաշխավոր, որ արտաքին քաղաքական զագացումների հարցում մշտապես աջակցում էր իշխանության վարած կուրսին: Իհարկե նման քաղաքականության արդյունքում ՀԱԿ-ը կորցրեց իր ընտրազանգվածի զգալի մասը, հատկապես ագրեսիվ մասը, որն ընդունակ էր երկրում անկայունություն ստեղծել:
Հիմա ընտրություններ են, իշխանությունները այս տարիներին ինչ չեն արել, այժմ բոլ-բոլ խոստումներ են տալիս ժողովրդին, իսկ ընդդիմությունն էլ, ավելի ճիշտ ՀԱԿ-ը, իր ռադիկալ հայտարարություներով փորձում է կորցրած հավատը վերականգնել, որի շնորհիվ մի քանի մանդատ ավել պոկել ու դարձյալ դառնալ երկրի կայունության երաշխավորը, իշխանության «էջմիածնական միաբանը», «արժանապատիվ» փոխշահավետ գործարք կնքողը: Տվյալ դեպքում բարոյական առումով ինչո՞վ են տարբերվում ՀԱԿ-ի նախընտրական խոստումները, նախընտրական մուրաբա բաժանողների վարքագծից:
Փաստն այն է, որ Արթուր Բաղդասարյանի ղեկավարած ՕԵԿ-ի ու Արտաշես Գեղամյանի ԱՄԿ-ի փառքը ՀԱԿ-ի վերնախավին հանգիստ չի տալիս, և պատրաստ են հաջորդ նմանատիպ ծառայությունը իրենք մատուցել Սերժ Սարգսյանին: Չէ՞, որ տեսնում են, թե ինչ առատաձեռն է Նախագահը «հաճախորդների», «իդիոտների» ու «երաժշտական գործիքների» հանդեպ: Ուղղակի մեր ժողովուրդն է մեղք, որ ամեն անգամ ինչ-որ մեկի մեջ փնտրում է իր հույսն ու փրկույթունը, ու ամեն անգամ հուսախափ լինում: Իսկ իշխանություններն էլ չեն ուզում, կամ ավելի ճիշտ, չեն էլ կարող փոխվել, քանի որ ընդդիմությունը ոչ թե ճնշում է, որպեսզի բարեփոխվի, այլ ասում է, իմ բաժինը տուր ու ինչ ուզում ես արա: Մենք այս մտածելակերպով պետություն չենք դառնա, անգամ եթե ոչ թե 20, այլ՝ 200 տարվա անկախ պետականություն ունենանք: