Տղերք, արդեն խնդալու չի, երդվում եմ, խնդալու չի։ Տղերք կամ աղջիկներ, էսքան շուտ մի կտրվեք իրականությունից։ Մենք պայքարում էինք սովետական պաթետիկ անիմաստ բառակույտերի դեմ, հիմա դրել եք, ավելի վատ բան դուք եք անում։
Տղերք կամ աղջիկներ, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող կառավարության ծրագիրը որ գրել եք, ՀՀ֊ում մոտ 30 լրջագույն մասնագետներից գոնե մեկի հետ խորհրդակցե՞լ եք։ Հավատացե՛ք, ում դիմեիք, մեծ սիրով կօգնեին։ Տղերք և աղջիկներ, էս ի՞նչ եք արել։ 18 տարեկան սիրահարված պատանյակը նույնիսկ իր սիրած աղջկան այդպիսի պաթետիկ ու երազկոտ խոստումներ չի տալիս։
Ի՞նչ է նշանակում «Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը»։ Հեղափոխական տեմպերովը ո՞րն է, կովը որ տեսավ հեղափոխություն եղավ, պիտի կրկնակի կաթ տա՞, թե՞ լոբին ամեն պատյանի մեջ մի քանի հատ ավել է բռնելու։
Տղերք, գրել եք, ավելի ճիշտ այստեղից-այնտեղից թարգմանել եք «կաթիլայինը և անձրևացման համակարգեր...» առանց հասկանալու, որ անձրևացման համակարգ հասկացողություն գոյություն չունի։ Տղերք և աղջիկներ, որ առանց ոլորտի մեջ խորանալու գրել եք գյուղացու «անտանելի վարկային բեռը», դուք գիտե՞ք, որ գյուղացուն տրվող լիզինգը 2% է, վարկի տարեկան տոկոսադրույքը՝ 5%։
Տղերք և աղջիկներ, բա գոնե մի տարբերակ ինչի՞ չեք գրել՝ ինչ միջոցներով ու ոնց պիտի հեղափոխական զարգացում ապահովեք։ Արտահանումից եք խոսում, գոնե գիտե՞ք ՀՀ֊ում աճեցվող որ կուլտուրան կարող է մրցակցային լինել։
Ի վերջո, տղաներ և աղջիկներ, սա կազմելիս մի՛ մոռացեք, որ սա ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Է, դպրոցական ցանկությունների ու երազանքների տետր չէ, և գոնե մի թեթև իջեք երկնքից, գոնե մի գյուղ մտեք, շատ բան չէ, ու խորհրդակցեք ոլորտից հասկացող առնվազն մի հոգու հետ, գոնե նախարարության աշխատակազմի հետ։
Չի կարելի այսպես, անկեղծ եմ ասում։
Հարգանքով՝ Հարություն Մնացականյան
Հ.Գ. Հավատում եմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու, ահավոր լավատես եմ։