Սերժ Սարգսյանը և նրա հրավերով պաշտոնական այցով Երևան ժամանող Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մայիսի 14-ին ներկա կգտնվեն  Կոտայքի թեմի Աբովյան քաղաքում կառուցված Սբ. Հովհաննես Մկրտիչ նորակառույց եկեղեցու օծման արարողությանը: Այս մասին հաղորդում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը: 

Նշենք, որ եկեղեցին կառուցվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ընտանիքի միջոցներով: 

Վաղը Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում տեղի կունենա Բելառուսի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, ինչից հետո նախատեսված են երկու երկրների նախագահների առանձնազրույցն ու պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցությունները:

Բանակցությունների ավարտին տեղի կունենա մի շարք ոլորտներում Հայաստանի և Բելառուսի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ալեքսանդր Լուկաշենկոն հանդիպման արդյունքների վերաբերյալ հանդես կգան համատեղ հայտարարությամբ: 

Պաշտոնական այցի շրջանակներում Բելառուսի նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ի պատիվ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և նրա գլխավորած պատվիրակության՝ նախագահ Սերժ Սարգսյանի անունից երեկոյան կտրվի պաշտոնական ընթրիք: 

Մայիսի 14-ին Ալեքսանդր Լուկաշենկոն կայցելի Հայկական ատոմային էլեկտրակայան, կմասնակցի նաև Երևանում հայ-բելառուսական առևտրի տան բացման արարողությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել