ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, որ չէր ներկայացել հանրության առաջ 20 օր շարունակ, երիկամի վիրահատությունից հետո, պատմել է, որ իրեն լավ է զգում։ Այս մասին առաջին տիկինը հաղորդել է իր Twitter-ում։

Նա ԶԼՄ–ներին խնդրել է չշահարկել այն թեմաները, թե որտեղ է ինքը գտնվում կամ թե՝ ինչով է զբաղվում։ «Վստահ եղեք, որ ես այստեղ եմ, Սպիտակ տանը, իմ ընտանիքի հետ, ինձ հրաշալի եմ զգում և ջանասիրաբար աշխատում եմ ի բարօրություն երեխաների և ամերիկյան ժողովրդի»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Վերջին անգամ հասարակության առաջ Թրամփի կինը հայտնվել էր մայիսի 10-ին։ Նա ուղեկցում էր՝ Մերիլենդում, Էնդրյուս ռազմական բազայում հյուսիս–կորեական իշխանությունների կողմից ազատագրված երեք ամերիկացիներին դիմավորող նախագահին։

Դրանից չորս օր անց Սպիտակ տանը հաղորդեցին, որ 48-ամյա Մելանյան երիկամի վիրահատության է ենթարկվել։ ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ ամեն ինչ լավ է անցել։ Մայիսի 19-ին առաջին տիկինը վերադարձավ Սպիտակ տուն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել