Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պտտեց բանալին, որ խորհրդանշում է գազի հոսքը․ այսպես սկսվեց Տրանսանատոլիական գազատարի (TANAP) կյանքը «Հարավային գազային միջանցքում: Հունիսի 12-ին Էսկիշեխիրում Ալիևն ու Էրդողանը միասին հանդիսավորապես կգործարկեն TANAP-ը: «Հարավային գազային միջանցքը» ներառում է Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի ընդլայնում, Թուրքիայում Տրանսանատոլիական և Տրանսադրիատիկ խողովակաշարերի կառուցում: Նախագծի շրջանակներում գազը Եվրոպա կհասնի 3500- կիլոմետրանոց խողովակաշարով, որ անցնում է Ադրբեջանով, Վրաստանով, Թուրքիայով, Հունաստանով, Բուլղարիայով ու Ալբանիայով մինչև Իտալիա:
Ի սկզբանե նախագիծը չափազանց քաղաքականացված էր: Ադրբեջանում ու Եվրամիությունում TANAP-ն անվանում էին «ԵՄ էներգետիկ անվտանգության ռազմավարության կենտրոնական բաղադրիչ», ընդգծվում էր, որ կապահովի Կասպիական ավազանի գազի մատակարարումը Ռուսաստանը շրջանցելով, իսկ դա «կնվազեցնի ԵՄ-ի կախումը ռուսական Գազպրոմ կոնցեռնից»: Հիմա էլ, երբ ԱՄՆ-ը կտրուկ դեմ է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման նախագծին, Ադրբեջանի նախագահը հատուկ շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին, Լոնդոնին ու Բրյուսելին «Հարավային գազային միջանցքին քաղաքական ու տնտեսական աջակցության համար»: Գուցե Բաքուն սկսում է հերթական բարդ աշխարհաքաղաքական խաղը տարածաշրջանում` փորձելով դա պրոյեկտել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա և ջանալով Արևմուտքից որոշակի վճիռներ ստանալ:
Բայց խնդիրը հենց TANAP-ի՝ էքսկլյուզիվությունից զուրկ լինելն է: ԱՄՆ-ի Oil Price-ի տվյալներով` հիմա ԵՄ-ի օգտագործած էներգիայի կեսից ավելին ներմուծվում է: Ռուսաստանը մատակարարում է բնական գազի 37,4 %-ը, որ ստանում են ԵՄ երկրներն ամենամյա ընդհանուր 600 միլիարդ խորանարդ մետր ծավալից: Ներեվրոպական հանքավայրերի սպառման պատճառով ռուսական մասնաբաժինը, հավանաբար, կավելանա: TANAP-ով ծրագրվում է մատակարարել 13 միլիարդ խորանարդ մետր գազ: Մոսկվան Անկարայի համագործակցությամբ կառուցում է «Թուրքական հոսքը»` շրջանցելով Ուկրաինան ու այլ տարանցիկ երկրներ: «Թուրքական հոսքը» երկու գիծ ունի՝ յուրաքանչյուրը 15 միլիարդ խորանարդ մետր թողունակությամբ, գծերից մեկը նախատեսված է թուրքական սպառման համար, մյուսը` եվրոպական: Թուրքիան տարեկան սպառում է 50 միլիարդ խորանարդ մետր բնական գազ: 24-25 միլիարդն ապահովում է Ռուսաստանը, ապա՝ Իրանը (10 միլիարդ), Ադրբեջանը (6,6 միլիարդ): TANAP-ի գործարկումով բալանսը մի քիչ կարող է փոխվել, նոր հնարավորություններ կստեղծվեն, ու Բաքուն Թեհրանից առաջ կանցնի Անկարա բնական գազի արտահանմամբ: Առավել լուրջ մրցակցություն ադրբեջանական գազի հետ կարող է ունենալ Գազպրոմը թուրքական շուկայում, բայց Անկարան վաղուց է հաշվարկել Ադրբեջանի մատակարարումները և դրանք չեն լինելու ռուսական գազի մատակարարումների կրճատման հաշվին: Հետագայում TANAP-ին կարող են միանալ գազային ռեսուրսներով հարուստ Թուրքմենստանը, Իրանն ու Իրաքը: Սակայն աշխարհաքաղաքական լարվածությունն ու անկայունությունը տարածաշրջանում երկարատև են: Այդ պատճառով ԵՄ-ում ադրբեջանական գազը չեն նկատի․ խոսքը շատ փոքր ծավալների մասին է, որ շուկայում եղանակ չեն փոխում: Oil Price-ը կարծում է, որ, ընդհանուր առմամբ, «կարող է նախագիծը, որի նպատակը դիվերսիֆիկացիան ու Ռուսաստանի ազդեցության նվազումն է, առեղծվածային կերպով այլ արդյունք տալ ու նպաստել գազային շուկայում Մոսկվայի դիրքերի ուժեղացման»:
Իլհամ Ալիևը, իհարկե, այդ կարծիքին դեմ է: Նա ուզում է եվրոպական շուկան հեղեղել ադրբեջանական գազով ու գազի դիմաց գնել լեգիտիմություն ու քաղաքական ազդեցություն և հարցը միայն Լեռնային Ղարաբաղը չէ, այլև Ադրբեջանի տեղն ու դերը տարածաշրջանում: Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները կարող են նպաստել ադրբեջանական գազի պահանջարկի մեծացմանը: Տեսականորեն, իսկ գործնականում` Բաքվի գազային դիվանագիտությունը կարող է ունենալ նույն ճակատագիրը, ինչ խավիարայինը: Պահանջարկի ու առաջարկի անհամամասնության պատճառով և Ադրբեջանի վարած քաղաքականության ու համաեվրոպական արժեքների անհամապատասխանության: