Ադրբեջանի առանձին համազորային բանակը, որը գտվում է Նախիջևանում, համատեղ զորավարժություններ է սկսում թուրք զինվորականների հետ։
Թուրքական Կարս քաղաքում մայիսի 29-31 թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ կկայանան։
Մայիսի 14-ին Ումիդ գետի վրա Ադրբեջանն ու Թուրքիան պետական դրոշներով փոխանակվեցին, ինչից հետո Առանձին համազորային բանակն ուղևորվեց դեպի Կարս` զորավարժություններին մասնակցելու համար։
Բաքուն Նախիջևանը դարձնում է ռազմական լուրջ գործոն` ընդդեմ ՀՀ-ի ու ԼՂՀ-ի ապագա պատերազմում։
Ադրբեջանը հաջորդ պատերազմում փորձելու է կիրառել «երեք ճակատների» մարտավարությունը: Մեկը` առաջնայինը, լինելու է ղարաբաղյան ճակատը: Ադրբեջանը փորձելու է ապրիլին գրաված դիրքերից (Թալիշի մերձակայք և Լելե Թեփե) կրակի տակ պահել լայն շառավղով ռազմավարական նշանակության օբյեկտները, գյուղերն ու քաղաքները, ինչպես նաև այդ դիրքերն օգտագործել որպես նոր տարածքներ գրավելու մեկնակետեր կամ հենակետեր։
Երկրորդ ճակատը Նախիջևանն է լինելու, որտեղից Բաքուն կրակի տակ է պահելու ՀՀ-ի ռազմավարական նշանակության մարզերը` Արարատի մարզը` գյուղատնտեսական ահռելի ներուժ, Վայոց Ձորը` բնական պաշարներ, «կապող օղակ» կյանքի ճանապարհ Սյունիք-Իրանի հետ, ինչպես նաև Սյունիքի մարզը, որն ունի հանքաարդյունաբերական հզոր ներուժ: Այդ մարզում գտնվող հզորություններն ապահովում են ՀՀ-ի բյուջեի զգալի մասը, իսկ Սյունիքով են անցնում Իրանի հետ կապող ռազմավարական, այլընտրանքային (Վրաստանը՝ որպես արտաքին աշխարհին կապող «պատուհան») ճանապարհները։
Բացի այդ՝ Նախիջևանից ուղիղ հարվածի տակ կարող է գտնվել Երևանը: ՀՀ-ի մայրաքաղաքի ռազմա-քաղաքական, տնտեսական, ժողովրդագրական կարևորության մասին խոսելն անգամ ավելորդ է։
Երրորդ ճակատը լինելու է Տավուշի մարզը` 3-րդ բանակային կորպուսը: Բաքուն, կրակի տակ պահելով այդ մարզի սահմանամերձ գյուղերն ու առաջնագծում գտնվող զորամասերը, թույլ չի տալու, որ այդտեղից զորքերը տեղափոխվեն և Վարդենիս-Մարտակերտ կարճ ճանապարհով օպերատիվ կերպով օգնության հասնեն հիմնական ճակատ Արցախին։ Բացի այդ՝ կրակի տակ է պահվելու միջպետական ՀՀ-Վրաստան ճանապարհը, որն անցնում է հենց Տավուշի մարզով` խոչընդոտելով ՀՀ-ի տնտեսական կյանքն ու քաղաքացիների տեղաշարժը։
Ադրբեջանական կողմն ամեն հարմար առիթ օգտագործում է ինժեներական և այլ մեթոդներով բարելավելու իր դիրքերն, այդ թվում՝ օգտագործելով «չեզոք գոտիները»։