Սիրելի հայրենակիցներ, դիմում եմ Ձեզ, դիմում եմ նրանց, ովքեր ինձ ձայն տալով գործուղել են Ազգային ժողով:

Վերջին շրջանում հայ ժողովուրդը՝ ինչպես Հայաստանում ապրող, այնպես էլ սփյուռքում հոգով ու սրտով ապրում է Հայաստանով, հետևում է երկրում տեղի ունեցող զարգացումներին, ուրախանում է, ոգեշնչվում է ցանկացած լավ լուրով, անհանգստանում է ենթադրվող մարտահրավերներից: Այսօր մեր ձայնը լսելի է, իսկ մեր կարծիքը՝ կարևոր: 

Ժամանակն է օգտվելու պատմական հնարավորությունից: Հարկավոր է արագ ինքնակազմակերպվել ներսում, արտաքին քաղաքական հարաբերություններում ձեռք բերել անկախության աննախադեպ կարգավիճակ և արդյունքում դուրս գալ շահեկան դիրքերով: Կկարողանանք, կմնանք պատմության մեջ բոլորս, բոլորս միասին, առանց բացառության: Առաջին քայլն արված է... Հիմա ժամանակն է զբաղվելու ներքին հարցերով, հնարավորինս արագ, առանց ժամանակ կորցնելու, առանց ներքաղաքական խաղերի, երբեք չառաջնորդվել նեղ թիմային շահերով: 

Նախկինում առիթ ունեցել եմ ասելու և հիմա էլ կրկնում եմ՝ թիմային պայքարում բարոյական չեմ համարում քննադատության դետալային բարձրաձայնումը. դա ևս քաղաքական մշակույթի կանոններից է, բայց եւ այսօր չեմ տեսնում առողջացմանն ուղղված ոչ մի էական գործողություն: Չեմ ուզում տեսնել պայքար մեծամասնություն կազմող քաղաքական ուժի եւ ժողովրդական շարժման միջև: Այն անտեղի է, ծայրաստիճան վտանգավոր:

Տեղեկացնում եմ Ձեզ, որ, դիմումիս համաձայն, դուրս եմ գալիս Հայաստանի հանրապետական կուսակցությունից: Միաժամանակ մեկ այլ դիմումով դուրս եմ գալիս ԱԺ «Հանրապետական» խմբակցությունից:

Իմ այս քայլը հետապնդում է մի քանի հիմնական նպատակ.
• Նպաստել խորհրդարանում լարվածության նվազմանը,
• Ստեղծված քաղաքական ճգնաժամի լուծումը պետք չէ թողնել միայն արտահերթ ընտրություններին, առավել ևս, երբ դեռ հայտնի չէ, թե երբ է հնարավոր այն իրականացնել, և հայտնի չէ՝ ինչ պրոցեսներ կնախորդեն և ինչ զարգացումներ կունենանք վերջնարդյունքում:
• Այսօր ճիշտ եմ համարում աշխատանքի էֆեկտիվությունը բարձրացնելու նպատակով կառավարությանը տալ գործելու ավելի խաղաղ եւ կանխատեսելի պայմաններ: Նման քայլով հնարավորություն կտանք նորաստեղծ, այո, նաև անփորձ կառավարությանը կենտրոնանալ իր անելիքների շուրջ: Սա բխում է մեր ազգային շահից, և երկրորդ՝ նման քայլով նրանց հնարավորություն չենք տա արդարանալու անբավարար արդյունքների դեպքում:
• Պետք է տալ հնարավորություն և պահանջել, այլ ոչ թե խանգարել, հետո մեղադրել...
Մի բան հստակ է՝ ցանկացած պարագայում ընկնում ենք տեմպից, կորցնում ենք ժամանակ, այն, ինչ ամենաթանկն է: Ուստի այսուհետ կքվեարկեմ թիմային որոշումներից և պայմանավորվածություններից անկախ: Պատրաստ եմ կողմ քվեարկել ցանկացած ուժի ներկայացրած այն ծրագրին, որը կծառայի Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին:

Եվ քանի որ պատգամավոր եմ ընտրվել ռեյտինգային կարգով, այս քայլը կատարելիս թիկունքումս զգում եմ բազմահազարանոց ընտրողների աջակցությունը:

ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԸ: ՀԱՅՐԵՆԻՔԸ ՊԻՏԻ ՍԻՐԵԼ ԱՆԿԱԽ ԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՌԵԺԻՄԻՑ, ԻՆՉՊԵՍ ԵՎ ԱՆԿԱԽ ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄՈԶՄՈՒՆՔՆԵՐԻՑ: (Գ.ՆԺԴԵՀ)

Թիվ 2 ընտրատարածքից ռեյտինգային կարգով ընտրված պատգամավոր՝ ԱՐԹՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել