![]() |
| Քաղաքական մեկնաբան |
Եռատոնին ընդառաջ, հերթական անգամ առիթ ունեցա մեկնել Արցախ ու մասնակցել տոնական միջոցառումներին, ինչպես նաև` այցելել մարտական դիրքեր, որոնց «հրաժեշտ» էի տվել 2008 թվականին՝ զորացրվելուց հետո:
Արցախյան պատերազմում տարած հաղթանակն ու երկրորդ հայկական պետության գոյությունն ինքնին հայ ժողովրդի պատմության ամենավառ էջերից են: Սակայն միայն պատերազմում տարած հաղթանակը բավարար չէ՝ այն լիարժեք վայելելու ու դրա պտուղներները հավաքելու համար:
Այս փուլում հաղթանակած սերնդի թիվ մեկ խնդիրը «պատմությունն» ու հաղթողի ձևավորված հոգեբանությունը սերունդներին փոխանցելն է, իսկ դա կարող են անել միայն իրական հերոսները, մարդիկ, ովքեր հաղթանակի համար պատրաստ էին ամեն ինչի, ընդհուպ՝ զոհելու իրենց կյանքը:
Մայիսյան տոները առիթ էին շփվելու մեկ վայրում հավաքված շատ նվիրյալների հետ, որոնցից յուրաքանչյուրը հպարտության, հաղթանակի հետ մեկտեղ իրենց հոգու խորքում զոհված ընկերների վիշտն են թաքցնում:
Ցավով պետք է փաստենք, որ հատկապես նման խորհրդանշական տոներին ընդառաջ, հասարակության որոշակի հատվածում հիմնական բանավեճն ընթանում է ոչ թե հաղթանակի ամրապնդման ու բազմաթիվ հայորդիների արյան գնով ձեռք բերվածը սերունդներին փոխանցելու ուղիների որոնման, այլ ստեղծվածը բաժան-բաժան անելու ուղղությամբ:
Հաղթանակում իսկապես որոշ անհատների դերակատարությունը բավականին մեծ էր, սակայն Արցախում հաղթեց ժողովրդի ոգին, կամքը կամ ինչպես Շուշիում բնակվող ազատամարտիկ Ռաշիդ Բեգլարյանն ասեց՝ հաղթեց ազատության ձգտումն ու հայրենասերների կամքը:
Եվ ուրեմն, մեր բոլորի խնդիրը պետք է լինի՝ հետին պլան մղել սեփական ամբիցիաներն ու քաղաքական կողմնորոշումները ու լծվել մեր հաղթանակների և ձեռքբերումների վերաարժևորմանն ու սերունդներին փոխանցմանը:




