Տրետյակովյան պատկերասրահում մի տղամարդ վնասել է նկարը, և նրան ձերբակալել են դեպքի վայրում, հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:

Արտակարգ իրավիճակի մասին Տրետյակովյան պատկերասրահի անվտանգության աշխատակիցները հայտնել են մայիսի 25-ի երեկոյան՝ ժամը 21:00-ի շրջակայքում: Դեպքի վայր են ժամանել ոստիկանները: Նրանք ձերբակալել են չարագործին, ով հսկողության համար նախատեսված մետաղական ձողով կոտրել է նկարի ապակին և կտավին լուրջ վնասվածքներ հասցրել:

Նրա դեմ քրեական գործ է հարուցվել «Մշակութային արժեքների ոչնչացում կամ վնասում» հոդվածի հիման վրա: Պաշտոնական հայտարարությունում Վոլկը չի նշել, թե կոնկրետ որ կտավի մասին է խոսքը:

Սակայն թանգարանի աշխատակիցները պատմել են, որ կտավը Ռեպինի հայտնի «Իվան Ահեղն ու նրա որդի Իվանը 1581 թվականի նոյեմբերի 16-ին»-ն ր, որն առավել հայտնի է որպես «Իվան Ահեղը սպանում է իր որդուն»:

Դեպքը տեղի է ունեցել պատկերասրահի փակումից վայրկյաններ առաջ, երբ աշխատակիցներն արդեն սրահների պլանային ամենօրյա ուսումնասիրումն էին անցկացնում: Վերջին այցելուներից մեկը սրահից վերցրել է հսկողության համար նախատեսված մետաղական ձողն ու մի քանի ուժգին հարված հասցրել կտավի ապակուն: Արդյունքում ապակին կոտրվել է, և բեկորները երեք տեղից վնասել են հանրահայտ կտավը: Ընկնելու հետևանքով վնասվել է նաև հեղինակային շրջանակը:

«Բարեբախտաբար ամենակարևոր հատվածները՝ կտավի հերոսների դեմքերն ու ձեռքերը չեն վնասվել», - հայտնել են մամլոծառայությունից:

Վերականգնողներն անհապաղ գործի են անցել և հատուկ վերականգնողական աշխատանքներ իրականացրել՝ կտավից դուրս են հանել ապակու կտորները, հանել են շրջանակն ու այն վերականգնողական արհեստանոց տեղափոխել: Այժմ նրանք ուսումնասիրում են վնասվածքները: Նախատեսվում է ընդլայնված խորհուրդ հավաքել՝ ռուս գլխավոր մասնագետների մասնակցությամբ:

«Իվան Ահեղը սպանում է որդուն» կտավը Իլյա Ռեպինը ստեղծել է 1883-1885 թվականներին, և այն առաջին անգամ ցուցադրել են հանրությանը 1885-ին: Ռեպինն այս կտավում պատմական իրադարձություն է պատկերել. նկարիչն անմահացրել է այն լեգենդար դրվագը, որում Ռուսիայի ցար Իվան IV Ահեղը կատաղության պահին մահացու հարված է հասցնում որդուն՝ Իվան արքայազնին: Կտավում Իվան Ահեղի դեմքին երևում է ափսոսանքի ու զղջման տառապանքը: Մեռնող որդու դեմքին երևում են արցունքներ, որոնք ձևավորվել են խելեգարվող հոր ողբից:

Հեղինակը՝ Իլյա Ռեպինը, կտավի ստեղծման վերաբերյալ ասել է. «Նկարում էի մի շնչով, տառապում էի, կրկին ու կրկին վերապրում, նորից ուղղում արդեն նկարված հատվածները, հիվանդագին կերպով թաքցնում էի ուժերս, կրկին նահանջում ու գնում հարձակման: Ինձ երբեմն րոպեական սարսափն էր պատում: Ես հետ էի շրջվում նկարից, թաքցնում էի այն: Իմ բարեկամների մոտ կտավը նույն տպավորություններն էր թողնում: Բայց ինչ-որ բան ինձ ձգում էր դեպի այդ կտավը և ես կրկին սկսում էի աշխատել»:

Հետաքրքիրն այն է, որ դեռ նկարչի կյանքի տարիներին կտավը տուժել է վանդալիզմից. 1913 թ. հունվարի 16-ին երիտասարդ սրբանկարիչ, հնավանդ Աբրամ Բալաշովը՝ խոշոր կահույքագործի որդին, հոգեկան հիվանդության պատճառով կտավին դանակով երեք հարված է հասցրել: Այդ ժամանակ խիստ վնասվել էին կտավի հերոսների դեմքերը, և Ռեպինը ստւպված էր դրանք վերստեղծել: այդ ժամանակ Տրետյակովյան պատկերասրահի թանգարանապահ Գեորգի Խրուսլովը, իմանալով նկարի վնասման մասին, իրեն գնացքի տակ նետելով՝ ինքնասպան է եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել