Նորանշանակ նախարարների թերևս ամենավիճահարույց հայտարարություններից էր երկպալատ խորհրդարան ստեղծելու մտադրության հռչակումը, որը, դեռևս միսուարյուն չստացած, Հայաստանում սկսեց արժանանալ ոչ միարժեք գնահատականների։ Սփյուռքը ներկայացնող երկրոդ պալատի հետ կապված հիմնական մտահոգությունները վերաբերում էին ինչպես նրա ներկայացուցչականության ապահովմանը, այնպես էլ նրա ֆունկցիաներին, սփյուռքահայերի իրավունքների ու պարտականությունների երկիմաստությանը։

Իր հերթին Սփյուռքում այն արժանացավ համարյա միարժեք դրական գնահատականների, քանի որ տալիս էր Հայաստանի քաղաքականության մեջ խոսք ասելու հնարավորություն։

Իրականում, մինչև սփյուռքահայերի քաղաքական մասնակցության մասին խոսելն արժե ավելի խորը հասկանալ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա զարգացումը։ Փաստն այն է, որ, չնայած անցած տարիներին տարբեր ձևաչափերի մշակմանը, Հայաստանի խոսքը չի հասնում Սփյուռքի բոլոր շերտերին, կամ գոնե այդ կապը չունի հետադարձ ուժ։ Կապի հիմնական ուղիները Սփյուռքում ձևավորված տարբեր կազմակերպություններն են, կուսակցությունները և եկեղեցին։

Եկեղեցին Հայաստանից դուրս շատ ավելի մոտ է եկեղեցու հիմնական կոչմանը, այսինքն՝ այն ոչ թե ինչ-որ շենք է, այլ համայնք, հայերի՝ իրար հետ հաղորդակցվելու վայր։ Այս առումով այն բավականին էֆեկտիվ շփման ուղի է, սակայն մեծ թվով սփյուռքահայեր պարզապես չեն մասնակցում կամ շատ պասիվ են եկեղեցական կյանքում։ Միաժամանակ, եկեղեցին ունի իր հարցերն ու իր կառուցվածքը, և պետության խնդիրները միշտ չէ, որ նույնական են դրանց հետ։ Հայ առաքելական եկեղեցին Սփյուռքում երկփեղկված է, ավելին՝ կան նաև շատ այլ հայկական եկեղեցիներ, որոնք չեն մտնում այս կառուցվածքի մեջ, ինչը լրացուցիչ պրոբլեմներ է առաջացնում եկեղեցին որպես Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ուղեկցորդ դարձնելու գործում։

Կուսակցությունները, բարեգործական, մասնագիտական և այլ միությունները շատ ավելի նեղ շրջանակներ են միավորում, և նրանց միջոցով ընդհանրական պատկեր կազմելը կտա խիստ աղճատված պատկեր։ Սփյուռքի հետ հարաբերություններում բավականին զուսպ են նաև մեր դեսպանատները, և ըստ երևույթին, նման ակտիվությունը միջազգային դիվանագիտության տեսակետից շատ ցանկալի էլ չէ։

Այս խնդիրները նոր չեն, միշտ էլ Սփյուռքի ներկայացվածության հարցը բարձրացվել է Հայաստան-Սփյուռք համաժողովներում և չի ստացել գոհացուցիչ պատասխան։ Այս առումով էլ այդ համաժողովների ընդունած բանաձևերն ու հայտարարությունները միշտ էլ ունեցել են լեգիտիմության լուրջ պակաս։

Անհրաժեշտ է նաև քննարկել, թե իրենց կյանքում և հայրենիքի հետ հարաբերություններում ինչպիսի դեր են հատկացնում Հայաստանին սփյուռքահայերը։ Չնայած հեղափոխության ընթացքում Գլենդեյլում բազմահազարանոց ցույցերին և Սոչիի համայնքի խանդավառությանը Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ՝ այնուամենայնիվ, Սփյուռքի քաղաքական ինտեգրացիան Հայաստանի հետ շատ ցածր մակարդակի վրա է։

Բնական է, որ ներկայումս Հայաստանն իր սահմաններից դուրս բնակվողներին չի տալու ֆիզիկական կամ սոցիալական անվտանգության երաշխիքներ, և նման ակնկալիքներ չկան էլ։ Այն չի կարող ներկայանալ նաև որպես գրավիչ բիզնես միջավայր, մանավանդ որ անցած տարիներին բազմաթիվ սփյուռքահայեր ունեցել են Հայաստանի իշխանությունների և նրանց մոտ կանգնած օլիգարխների կողմից «քցվելու» դառը փորձը։

Հիմնական պահանջը, որ Սփյուռքը ներկայացնում է Հայաստանին, իհարկե, իրենց իդենտիկության անվտանգության և զարգացման խնդիրն է, ավելի պարզ՝ հայապահպանությունը։ Բոլոր տիպի ակնկալիքներն ու գործողությունները, այդ թվում և՝ բարեգործությունն ու զբոսաշրջությունը, ի վերջո, հենց այդ նպատակին են ուղղված։ Հայաստանից դրանից ավելին սպասելը պարզապես կհանգեցնեն հայրենադարձություն։ Եթե երկպալատ խորհրդարանի մասին քննարկումները շարունակվեն, թերևս, պետք է հասկանալ, որ «սփյուռքյան» պալատի ֆունկցիաները պետք է սահմանափակվեն այդքանով կամ ընդլայնվեն մինչև հայրենադարձության խնդիր, որը դեռևս դրված չէ որպես պետական քաղաքականության առանցք։ Ի վերջո, քանի դեռ հայրենադարձության մասին հայտարարությունները չեն դարձել ամբողջական քաղաքական կոնցեպտ, Հայաստանը նույնպես կարող է ներկայացնել Սփյուռքին միայն իդենտիկությանն ուղղված մշակութային ու տուրիստական ապահովում։

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ, անկախ ներկայացվածությունն ապահովելու մեխանիզմներից, այդ պալատում մեծամասնություն կկազմեն Ռուսաստանի Դաշնությունում բնակվող հայերը, քանի որ այնտեղ է ամենամեծ Սփյուռքը։ Հաշվի առնելով Ռուսաստանում ժողովրդավարության ցածր մակարդակը՝ նման ներկայացուցիչները եթե չնշանակվեն, ապա առնվազն կուղղորդվեն Կրեմլի կողմից։ Այսպիսով՝ այս պալատը կդառնա Հայաստանի վրա ռուսական ազդեցության լրացուցիչ լծակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել