Արդեն որերորդ դեպքն է, որ հեղափոխական իշխանության ներկայացուցիչը պահում է իրեն ճիշտ այնպես, ինչպես դա անում էին հանրապետականները: Հարգելիներս, ձեր ցավը տանեմ (այս արտահայտությունն ասում եմ առաջին ու վերջին անգամ, քանի որ սովոր եմ դա ասելու միայն ու միայն իմ աղջկան), մենք ընդամենը շահել ենք առաջին լուրջ ճակատամարտը, սակայն պատերազմը դեռ շարունակվում է, ու շարունակվում է ոչ թե փողոցում, այլ կաբինետներում ու մարդկանց ուղեղներում: Եվ եթե դուք շարունակեք ձեզ պահել այնպես, ինչպես դա անում էին հանրապետականները, ապա վաղ թե ուշ կկորցնեք ձեր հարգանքը մարդկանց շրջապատում, հատկապես երբ դա ընդունի ձնագնդի էֆեկտ: Եվ մի խաբվեք ֆեյսբուքյան աջակցությունից, որովհետև եթե այն բախվի փողոցի հակառակ արձագանքին, ապա քոռ կոպեկի արժեք չի ունենա: Իսկ կյանքում միշտ չէ, որ Ֆեյսբուքն իր հետևից է տանում փողոցը, այլ պատահում է, որ Ֆեյսբուքն ու փողոցը/բնակարանները չեն համընկնում: Մի մոռացեք նաև, որ արտահերթ կամ հերթական ընտրություններին ձեր թույլ տված սխալները՝ նույնիսկ ամենաոչէականները, մրցակցի կողմից կներկայացվեն որպես լուրջ սխալներ, և դուք ստիպված կլինեք կռիվ տալ դրանց դեմ, ինչը չի ավելացնի ձեր նկատմամբ համակրանքը: Իսկ նրան, որ այսօրվա դաշնակիցը ընտրություններին վերածվելու է ամենալուրջ մրցակցի, կարծում եմ, որ որևէ մեկը չի կասկածում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: