Գաղտնիք չէ, որ քաղաքացիների առանձին խմբեր ամենատարբեր հարցերով ու պահանջներով, իհարկե, այս օրերին բողոքի ցույցեր, ակցիաներ են իրականացնում: 
Մասնավորապես գլխավոր դատախազության մոտ բողոքի ակցիա էր՝ Սամվել Բաբայանին, Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին ազատ արձակելու պահանջով: Իսկ, օրինակ, Ջերմուկի մոտ էլ օրեր շարունակ քաղաքացիները հանքարդյունաբերության դեմ բողոքի ցույցով էին իրենց պահանջները ներկայացնում: 
Առհասարակ, Հայաստանում, ինչպես որեւէ այլ երկրում, միշտ էլ ամենատարբեր բողոքի ցույցեր, ակցիաներ եղել են: Ինչո՞ւ հեռու գնալ, թավշյա իշխանափոխությունը տեղի ունեցավ հենց բողոքի զանգվածային ակցիաների, անհնազանդության ցույցերի միջոցով: Դրա շնորհիվ «Քաղպայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ։ 
Հետաքրքիրն այն է, որ վարչապետ Փաշինյանը հետեւողականորեն շարունակում է հանդես գալ քաղաքացիների... իրենց բողոքը ցանկացած, օրենքի պահանջները չխախտող եղանակով արտահայտելու հիմնարար իրավունքի դեմ: Ավելին՝ գործադիր իշխանության ղեկավարը հնչեցնում է կոչեր, պահանջներ շանտաժի ակնհայտ տոնայնությամբ: 
Բայց նախ՝ հայտարարությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Ֆեյսբուքի իր պատին մասնավորապես այսպիսի հայտարարություն է հրապարակել (այն տարածվել է ցանցային լրատվամիջոցներով). «Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:
Սիրելի հայրենակիցներ, կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելու համար:
Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:
  
Կրկին խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի»:
  
Այն, որ պետության փաստացի ղեկավարը՝ վարչապետի պաշտոնն զբաղեցնող գործիչը «խնդրում, հորդորում է», ոչինչ, նորմալ է: Կարելի է ինչ-որ տեղ հասկանալ, բայց ի՞նչ է նշանակում «քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները» այս պահից դադարեցնելու պահանջը, ու դա ընդդիմադիր առաջնորդի, որեւէ կուսակցության կամ խորհրդարանական խմբակցության ղեկավարի պահանջ չէ, այլ պետության, գործադիր իշխանության ղեկավարի:
  
Չենք ուզում ասել, թե ինչ տեղի կունենար, առավել եւս՝ ինչ աղմուկ-աղաղակ կդներ նույն Նիկոլ Փաշինյանը (մյուսներին չհաշված), եթե հանկարծ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանը կամ նախկին վարչապետերից, նախագահներից որեւէ մեկը, անգամ եթե որեւէ նախարար կամ նույնսիկ նախարարի տեղակալ նման խայտառակ պահանջ ներկայացներ հասարակությանը: Ասենք՝ ի՜նչ աղմուկ-մաղմուկ: Այնպես «կնաշխազարդեին», որ քիչ չէր թվա: 
Սաքունցն ու մյուս թունդ իրավաքաղաքականապաշտպանները հայտարարություններով կռմբակոծեին Եվրամիության, ԵԽ ԽՎ-ի, ԱՄՆ Պետդեպարտամենտի ու դեսպանատան, «Հյումըն ռայթս ուոչ»-ների դռներն ու գրասենյակները, թե՝ «հասե՜ք, Հայաստանում ժողովրդավարական ազատությունները վերջնական կործանման սպառնալիքի տակ են հայտնվել», «հայ-հավա՜ր, բռնապետությունը կատաղել է, վերջին ազատություններն են սպանում» եւ այլն, եւ այսպես շարունակ: 
Հա, ու ձեւակերպումը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Ասում է, որ եթե ցույց (քաղաքացիական անհնազանդության գործողության տեսակ) եք անում, ուրեմն... ժողովրդի դեմ եք: 
Սրանից էլ ակնհայտ բռնապետության նախադրյա՞լ: Ասել կուզի, թե իմ ասածով չեք շարժվում, ուրեմն՝ էս եք, էն եք: Վարչապետն է ասում: Իշխանությունը: Ասում է հասարակությանը: Ու... ոչ մեկը չի էլ մտածում արձագանքել: 
Օրինակ՝ Մարդու իրավունքների հարգարժան պաշտպանը ինչպե՞ս է նայում գործադիր իշխանության ղեկավարի այդ՝ մեր համոզմամբ՝ հակաժողովրդավարական եւ հակասահմանադրական հայտարարությանը: Նորմա՞լ է, պարոն Թաթոյան: 
Լավ, ՄԻՊ-ը միգուցե դեռ կարձագանքի: 
  
Եթե չենք սխալվում, Հայաստանի Հանրապետությունն ունի նաեւ նախագահ, ով, ըստ սահմանադրության, «պետության գլուխն է»: Ավելին՝ սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. «Հանրապետության նախագահը հետեւում է սահմանադրության պահպանմանը»: 
  
Ինչի մասին է խոսքը: Իսկ ա՛յ թե ինչի: Սահմանադրության 44-րդ՝ «Հավաքների ազատությունը» հոդվածում էլ ավելի հստակ ամրագրված է. «1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք: ... 5. Հավաքների ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հանցագործությունների կանխման, հասարակական կարգի պաշտպանության, առողջության եւ բարոյականության կամ այլոց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության նպատակով»:
  
Հարց է ծագում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկվող հայտարարությունն ու պահանջը որքանո՞վ են «խոսում» հավաքների ազատության իրավունքի այս՝ սահմանադրական նորմի հետ: Մեր կարծիքով՝ Փաշինյանի նման պահանջը ժողովրդավարական ազատության, մարդու տվյալ հիմնարար իրավունքի եթե ոտնահարում էլ չէ, ապա լրջագույն սպառնալիք է այդ իրավունքի իրացմանը, հավաքների ազատությանը, առհասարակ, ժողովրդավարությանը: 
  
Բայց մեր կարծիքը՝ դեռ մի կողմ: Ի՞նչ է այս ամենի մասին մտածում նախագահ Արմեն Սարգսյանը, որ պարտավոր է հետեւել սահմանադրության պահպանմանը: 
  
Հարկավ, մենք հասկանում ենք, որ սա մանուկների հետ պաղպաղակ ուտել կամ նույնիսկ «Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության ներկայացուցիչների հետ պարել չէ: Բայց ՀՀ նախագահը սահմանադրական պարտականություն ունի՝ հետեւել սահմանադրության պահպանմանը: Պետության վարչապետը ներկայացնում է պահանջ, որը կտրականապես հակասում է ժողովրդավարական նորմերին ու ազատություններին, ու հե՞չ: 
Դե, եթե այդպես է, ապա՝ բարի գալուստ «նոր Հայաստան», ուր վարչապետն է որոշում՝ ով ցույց անի կամ չանի: Վաղն էլ, երեւի որոշելու է, թե ով քնի, ով արթո՞ւն մնա, ով ինչ ասի կամ ինչի մասին լռի:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել