Բոլշեւիկները, 20 թվին իշխանության գալով, փորձեցին ամեն գնով նսեմացնել Առաջին հանրապետությունը: Բայց չնայած Առաջին հանրապետությունը թերություններով լի էր, բայց դա էր այն հիմքը, այն արմատը, որի վրա գոյացավ Սովետական Հայաստանը:
1991-ին նոր իշխող ուժի մի հատվածը փորձում էր նույն կերպ ինքնահաստատվել՝ ժխտելով Սովետական Հայաստանի ժառանգությունը: Չնայած հիմնականում ավելի առողջ դիրքորոշում ընդունվեց այդ հարցում:
Որովհետու որքան էլ կարեւոր էր անցումը դեպի անկախ Հայաստան, բայց անկախ Հայաստանը զրոյից չի կառուցվել, այլ ժառանգել է Սովետականից պատրաստի կառուցվածքներ, այդ թվում՝ պետական ապարատ: Որ որքան էլ թերություններ է ունեցել Սովետականը, բայց հետագա տարիները բացահայտեցին, որ անկախությունն էլ ինքնաբերաբար դրախտ չէ:
1998-ից հետո նոր իշխանությունների քարոզչական քաղաքականության կարեւոր մասն էր ամեն գնով սեւացնել 1990-ականների իշխանությունը, ինքնահաստատվել դրա թերությունների հաշվին: Ու նորից՝ մարդիկ քանդում էին այն արմատն, այն հիմքը, որից իրենք հենց աճել էին:
Հիմա հեղափոխականների մի հատված նույնն է փորձում անել, թե բա՝ Նոր Հայաստան:
Նոր Հայաստան չկա: Նախ՝ Հայաստանը Հայաստան է երեկ, այսօր ու վաղը լինելու է:
Երկրորդ՝ ավելի նեղ իմաստով ոչ ոք չի չեղարկել 1991-ի անկախության հանրաքվեն ու դրա որոշումները (չնայած 16-ի հուլիսյան ապստամբերի մեջ կային մարդիկ, որոնք դա առաջարկում էին), ու այսօր մենք ապրում ենք 1991-ին հռչակած Հայաստան պետությունում, որի հիմքում էլ իրենց հերթին ընկած են Առաջին հանրապետությունն ու Սովետական Հայաստանը:
Սա չընդատվող ժառանգական շղթա է, ու ոչ մի նոր Հայաստան էդ իմաստով չկա:
Վերջապես, եթե խոսքը նորոգման մասին է, ապա մի քիչ մանկամիտ է, դեռ լիարժեք նորոգում չարած, այդքան շեշտել նորը:
Լուրջ մոտեցումը ենթադրում է, սկզբում, նորոգել իրապես, հետո դրա մասին հայտարարել:
Մեր խնդիրը ոչ թե զրոյից ինչ-որ նոր բան սարքելն է՝ Չորրորդ հանրապետություն, թե Նոր Հայաստան, այ Հայաստանը նորոգելն է: Այսինքն՝ ընդունելով ժառանգությունը՝ պահպանել ու շարունակել դրա ձեռքբերումները ու վերացնել թերությունները: Հայաստանը զարգացնել, առաջ մղել: Հայաստա՛նը, այլ ոչ թե Նո՛ր Հայաստանը:
Շատերին կարող է սա բառախաղի խնդիր թվալ ընդամենը, բայց սա կարեւոր սկզբունքային հարց է: Կա՛մ մենք շարունակում ենք նախորդ սերունդների գործը, կա՛մ երեխայական ուտոպիզմի գիրկն ընկնելով՝ մեծախոսում ենք Նորի ու Հնի մասին:
Ու Նոր Հայաստանը օդից չի իջել, դրսից չի բերվել, այլ ձեւավորվել է եւ ծնվել է հնի մեջ: Հենց նոր Հայաստանի առաջին դեմքը հին Հայաստանի քաղաքական դաշտի պրոդուկտ է, բազմաթիվ քաղաքական պայքարների եւ կոմբինացիաների բովով անցած ու թրծված, եւ միայն այդ պատճառով էլ առաջին դեմքը դարձած:
Սա հայաստանածին գործընթաց էր:
Ոմանց դուր է գալիս մտածել, որ դա այդպես չէր, որ դա ներմուծված տեխնոլոգիաների ու դրսում սովորած ճշտի արդյունք էր, որովհետեւ իրենց մասնակցությունը գործընթացին հենց այդպիսին է եղել: Եվ նրանք մատնում են իրենց ոչ հայաստանակենտրոն բնույթը: Մյուսներն էլ՝ առանց մտածելու կրկնում են:
Նրանք չեն հասկանում, որ հաջողել են ոչ թե տեխնոլոգիաներն ու դասագրքային ճշմարտություններն, այլ ժողովորդի համախմբումն ու հայաստանյան քաղաքական դաշտի բովում կոփված քաղաքական առաջնորդը: