Պիղատոսը ցանկանում էր, որ ժամանակը ետ շրջվեր եւ աստվածը նայեր իր վրա, ինչպես այն պահին, երբ դռները բացվեցին; եւ գիտեր, որ այժմ արդեն ինքը ծնկի կգար նրա առջեւ, բարձրաձայն լաց կլիներ, աղոթք կկարդար եւ լեգիոներների ու բոլոր մարդկանց առջեւ նրան Աստված կկոչեր: Բայց տեսնելով, որ ինքն այլեւս աստծուն չի հետաքրքրում, Պիղատոսը ջղաձգորեն կծկեց ձեռքերը, կարծես ուզում էր պատռել ծնկների վրա դրված մագաղաթը: Այժմ նա գիտեր, որ աստվածը հայտնվել էր իրեն սպանելու համար:»
ՖՐԻԴՐԻԽ ԴՅՈՒՐԵՆՄԱՏ «Պիղատոս»
Այն, ինչ տեղի է ունենում հորդառատ գետերով եւ կապուտակ լճերով հայտնի երկրի ներկայիս բառացիորեն վերջին մնացորդների վրա, իր հետեւողական անտրամաբանությամբ ապշեցնում է ոչ միայն տասնամյակների պատմագիտական քարոզչությունից մոլորված օտարներին, այլեւ նրանց, ովքեր կարծես մինչեւ ողնուծուծը քաջածանոթ են հայրենի իրողություններին: Պատմության թատերաբեմը ժամանակին ու պատվով լքած աքքադների՝ ժամանակին նշմարած ջրերից վերջինը բավական պղտորելուց հետո, աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկի մի ստվար հատվածը, Պիղատոսի հպարտ ու անմեղ կեցվածքն ընդունած կենսատու հեղուկի վերջին կաթիլները ձեռքերը լվանալու վրա սպառելով, ինքնաօտարվում է հայրենիքի ապագայի նկատմամբ պատասխանատվությունից: Եվ ամենակարեւորը՝ ոչ մի խղճի խայթ, որ մնացողներին այնքան էլ չի գրավում անապատում տապից տառապելու տխուր հեռանկարը: Ավելին, ամեն օտարվող՝ լինի առանձին անհատ թե հարյուրամյակը բոլորած կուսակցություն, մնացողների վրա նայում է Արեւելքը նվաճած, բայց նրա էությանն այդպես էլ հասու չդարձած հռոմեացու գոռոզությամբ, կարծես հենց մնացողներն են, որ ընտրության պահին միահամուռ գոչել են «արձակի՛ր մեզ համար Բարաբբային»: Հիրավի արդարացի է, որ ամեն մեկին տրված չէ անցնել Խաչի Ճամփան, առավել եւս հնագույն ժողովրդի զավակներից շատերին: Ուզում եք դա անվանեք Անիի լքված ու չվերականգնված Քառասուն Եկեղեցիների փլատակների անեծքը, բայց ցանկացած մեղքի տակից կարելի է դուրս գալ, եթե յուրաքանչյուր սերունդ ինքնամոռաց ինքնարդարացմամբ նոր մեղքի չդիմի:
Զարմանալի է, որ 1045-ի ողբերգությունից 950 տարի հետո էլ երբեմնի Armenia felix երանելի որակումը ստացած երկրի բնակիչներն այդպես էլ չհասկացան, որ սեփական անվտանգության ու հարատեւության հիմքը ոչ թե ուրիշի, այլ հենց սեփական գործողություններն են: Եվ անշուշտ, պետք է ամենաբարձր պետական եւ համազգային մակարդակով նշել այս խորհրդանշական տարեդարձը, ինչը գուցե Իմաստության փոքր հատիկ ավելացնի թե՛ հավերժության պատրանքով արբած դպիրներին եւ թե՛ ճակատագրից Երրորդ կամ Չորրորդ Հռոմում փրկվելու հույսեր փայփայող ձեռքերը լվացողներին:
Ի վերջո, խնդիրը ոչ մեկն է եւ ոչ էլ մյուսը, քանզի եւ մեկը, եւ մյուսը անցողիկ են: Խնդիրն անապատում հազարամյա անպտուղ դեգերումներն են, երբ յուրաքանչյուր մեղավոր սերնդի վերջին ներկայացուցչին էլ հանդերձյալ կյանքի տնօրինությանը հանձնելուց հետո անգամ Ավետյաց Երկիրը որպես շնորհ չենք ստանում: Եվ ինչպե՞ս ստանանք, եթե միայն մոլագար Ներոնին հատուկ ստեղծագործական կրքով պարբերաբար կրակին ենք հանձնում մեկ կամ մի քանի հարյուրամյակ փայփայած, իբրեւ հիմք ընդունված արժեքները: Մանիքեյականներին եւ կատարներին հատուկ ամենաժխտման ու հիմնահատակ ամենաոչնչացման նման պարբերականության պարագայում Իմաստությունը հավերժացնելու կոչված ոչ մի Տաճար աշխարհում չէր կառուցվի: Վայրկյան իսկ չկասկածելով ազգային այրերի ճարտապետական ընդունակությունների վրա՝ այնուամենայնիվ ստիպված ենք փաստել, որ լավագույն քարտաշին անգամ տրված չէ ավազի վրա հոյակերտ պալատներ կերտել, եթե, իհարկե, օրակարգում ընդհանրապես կերտելու խնդիրը կա:
Ամենահագեցած ճամփորդությունն էլ հոգնեցնում է, առավել եւս երբեմնի ջրի փոխարեն արյան լեղի խմող ժողովրդի ճամփորդությունը: Մի բան ակնհայտ է. այս մեղավոր սերնդի վերջին ներկայացուցչին հողին հանձնելուց հետո էլ անապատի հեռանկարը որեւէ ավարտական ժամկետի չի մոտենալու: Ցավոք, փրկության համար բավական չէ ամենաընտրյալ ժողովրդից անգամ համբերատար եւ Կամքին խոնարհ լինել: Էականն այն է, որ հազար տարի շարունակ ժողովրդին առաջնորդողներից եւ ոչ մեկի ձեռքում իրականում Տախտակներ չեն եղել: Իսկ եթե եղել են, ապա կեղծ եւ ինքնագիր. հակառակ դեպքում նորընծաները դրանք այդպիսի դյուրությամբ չէին ոչնչացնի, իսկ հները նույնպիսի դյուրությամբ դրանք մոռացության չէին մատնի:
Մեծ հայտնագործություն չէ եւ Իմաստության բոլոր աղբյուրներում արձանագրված է, որ հողը Երկնային պարգեւին անարժանին չի հանդուրժում: Ոչ մի հերոսական կամ ողբի երգ եւ պատմության պատվին ոչ մի խնկարկություն կորսված հողի վերադարձ չի բերում, եթե միայն գտնված չէ Տախտակները ձեռքին կրողը, եւ փրկության հույսով ապրողները հավաքված չեն նրա շուրջ:
29.08.95