
Թե ինչու է աղոթում Ամերիկան՝ մենք գիտենք կամ, համենայնդեպս, ամենապարզ մակարդակով կարող ենք իմանալ՝ հետեւելով այդ երկրի մամուլին, հեռուստատեսության ու տարբեր ռադիոալիքների կրոնական կյանքին նվիրված հաղորդաշարերին: Կարող ենք իմանալ նաեւ, թե ինչո՞ւ է Միացյալ Նահանգների նախագահն ամերիկյան ժողովրդին իր ավանդական ռադիոդիմումներում մեծ տեղ հատկացնում ամերիկացիների կրոնական կյանքին:
Միայն վերջերս նա կառավարության անունից երախտագիտության խոսք ուղղեց մինչ այդ հասարակությանն անհայտ մի բողոքական պաստորի, որին կարճ ժամկետում հաջողվել էր իր նորաստեղծ եկեղեցու շուրջ հավաքել շուրջ 50 հազար հավատացյալի: Պաստորի գործունեությունը գնահատելով իբրեւ ազգանպաստ՝ Բիլ Քլինթոնը հույս հայտնեց, որ բոլոր ամերիկացիները վաղ թե ուշ հաղորդակից կդառնան Հավատին, ամրացնելով երկրի բարեկեցության ու զարգացման հիմքը՝ կրոնականության վրա հիմնված բարոյականությունը: Ընդ որում, հաշվի առնենք, որ բազմազգ եւ բազմակրոն Նահանգներում խելամտորեն ոչ մի շեշտադրում չի արվում որեւէ կոնկրետ կրոնի վրա:
Անկախ այն բանից, թե որքանով է հավատացյալ ինքը՝ ԱՄՆ 42-րդ նախագահը, իբրեւ Տեսանելի Եկեղեցու ղեկավար (հենց այդպես էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը կոչում գործադիր իշխանությունը), նա պարտավոր է հավատարիմ մնալ 1620 թ. «Մեյֆլաուերի» համաձայնագրին, ուր հստակ ձեւակերպված է. «Սույնով հադիսավոր եւ փոխադարձաբար Աստծո առջեւ միավորվում ենք քաղաքացիական եւ քաղաքական օրգանիզմի մեջ՝ մեր շարքերում լավագույն կարգ եւ անվտանգություն հաստատելու նպատակադրմամբ: Եվ հանուն դրա մենք կստեղծենք ու կարմատավորենք բոլորի համար արդար ու միատեսակ այնպիսի օրենքներ, հրամանագրեր, ակտեր, որոշումներ եւ վարչական հաստատություններ, որոնք այս կամ այն ժամանակ առավել կհամապատասխանեն գաղութի համընդհանուր բարօրությանը, եւ որին մենք կհետեւենք ու կենթարկվենք»:
Պատմության մեջ նախադեպը չունեցող կրոնական հանդուրժողությունը հասարակությանը բնականորեն կանգնեցնում է լուրջ խնդիրների առջեւ, հատկապես երբ ոչ ավանդական, տարաբնույթ կրոնական աղանդներից որեւէ մեկում մարդկային զոհերի հանգեցնող ողբերգություններ են լինում: Բայց անգամ այս պարագայում կրոնական համայնքների գործունեությանն ուշի-ուշով հետեւելու կոչված համապատասխան պետական կառույցների ղեկավարներին պատասխանատվության կոչելով հանդերձ, ոչ մեկի մտքով չի անցնում մարդկանց ընտրությունը սահմանափակել զուտ ավանդական Եկեղեցիների շրջանակներում: Նահանգներում հասկանում են, որ հասարակության զարգացումը բնականորեն հանգեցնում է Եկեղեցու ֆորմալ կողմի արդիականացման փնտրտուքի, եւ սահմանափակել ընտրության իրավունքը՝ նշանակում է միլիոնավոր մարդկանց մղել կրոնական ընդհատակ կամ, որ առավել վտանգավոր է, խթանել անհավատությունը: Իսկ որ Հին աշխարհում հաղթանակած ռացիոնալիզմի արմատավորումը երկրում շատ ավելի վտանգավոր է, քան կրոնական ազատության հետ կապված ռիսկի աստիճանը՝ ամերիկացիները պատգամ են ստացել եւրոպական ռացիոնալիզմից փախած նույն հիմնադիր հայրերից եւ բծախնդրորեն հավատարիմ են մնում այդ պատգամին:
Հայաստանը, բնականաբար, ոչ մի առումով համեմատության որեւէ եզր չունի ԱՄՆ հետ: Միաժամանակ, պատմական, ավանդական, մշակութային եւ բազմաթիվ այլ տարբերություններ որեւէ երկիր ու հասարակություն չեն ազատում հազարամյակներով հաստատված աքսիոմայից. ուժեղ եւ կենսունակ են այն հասարակությունները միայն, ուր գերակշիռ մեծամասնության գոյությունը խարսխված է հավատի վրա: Հայկական քաղաքական - մշակութային վերնախավի շրջանակներում համայնավարական աստվածատելության տասնամյակները, դրան նախորդած եվրոպական ռացիոնալևմատերիալիստական գիտակցության հաղթարշավն իրապես խորքային հետեւանքներ են ունեցել հայ հասարակության կրոնական կյանքում: Սակայն արդարությունը պահանջում է փաստել, որ Հայ Առաքելական եկեղեցու եւ հայերի կրոնականության ճգնաժամը շատ ավելի վաղ պատմություն ունի: Այս մեծ եւ բարդ խնդիրներն առանձին ծավալուն ու խորքային հետազոտության կարիք ունեն, իսկ այսօր մեզ անհանգստացնում է կրոնականության ամենապարզ մակարդակի բացակայության խնդիրը. խնդիր, որ կարելի է դասել արդի հայ հասարակության ամենացավոտ հիմնահարցերի շարքը:
«Հավատա՝ կփրկվես». մեծ տառերով գրված է Երեւանի Վռամշապուհ արքայի փողոցի կրոնական գրքերի գրախանութի ցուցափեղկի վրա: Այնքան պարզ ու մատչելի իմաստություն, որ լավագույն դեպքում բարեհոգի հեգնական ժպիտ է առաջացնում ամենատարբեր տարիքի մարդկանց մոտ, որոնք անշուշտ չեն ժխտում որեւէ բանի նկատմամբ իրենց հավատի փաստը: Ավանդականությունն արել է իր գործը, եւ Եկեղեցու ու Հավատի գերծիսականացված ընկալումը տարանջատել է առաջին երկուսը ամենօրյա կյանքից, այսպես կոչված «առարկայական իրականությունից»: Հազարավոր մարդիկ ամեն օր անցնում են Վռամշապուհ արքայի փողոցով, եւ նրանցից շատերի նկատմամբ է, որ գործում է «Տեսնելով կտեսնեք, եւ չեք տեսնի» երկնային նախազգուշացումը: Արգելքների վերացումն ու Գրքի մատչելիությունը կրոնականության ոլորտում ցավոք դրական տեղաշարժերի չեն հանգեցրել, եւ տներում Գրքի առկայությունը մեծամասամբ նույն ծիսականության դրոշմն է կրում: Եկեղեցական տոներին երկրի առաջնորդների լուռ ներկայությունը չի արտահայտվում նրանց ամենօրյա վարքագծում ՝ հավելյալ շեշտելով ծիսականության արմատավորման աստիճանը:
Տեսե՞լ եք, ինչպես են կլանում առարկայական իրականությունից տուն վերադարձած մեր հայրենակիցները, երբ նորընտիր Կաթողիկոսն իրեն հատուկ խորաթափանցությամբ թարգմանում է Աստվածաշնչի որեւէ դրվագ: Բայց դա այնքան հազվադեպ եւ այնքան հեռու է առօրյայից, որ մինչեւ հոգու խորքը թափանցելով անգամ ՝ չի սասանում հոգեբանության եւ գիտակցության արատավոր հիմքերը: Քրիստոնեությունն առաջիններից մեկն ընդունած ժողովրդի ազգայինևկրոնական վերնախավն այնպիսի ջերմեռանդությամբ է տրվել աշխարհիկացման Իրավունքների հռչակագիրն ընդունածների տրամաբանությանը հատուկ պարզունակ տարբերակին, կարծես հենց ա՛յս տրամաբանությունը չի պայմանավորել Եվրոպայի մայրամուտը եւ սկիզբ դրել վերջին մարդու իշխանությանը:
Իսկ տեսե՞լ եք մեր հավատի այն ջատագով - պաշտպաններին, որ ռմբակոծում են իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպան կանգնելու դիմում - պահանջներով ՝ հիմնահատակ քանդելով ցանկացած հասարակության գոյատեւման հիմքերի հիմքը, երբ իշխանությունն ու ժողովուրդն են ապավինում հավատին, բայց ոչ երբեք հակառակը: Եվ կարելի է միայն զարմանալ, թե ինչպես եւ ինչու է երկհազարամյա ամենածանր փորձություններն ապրած Տաճարն ընդունում մարդկային ապավինությունը, երբ հայտնի է, որ կորած է նա, ով հույս է դնում մարդու օգնության վրա:
Պետությունից եկեղեցու անջատումը չպետք է բացարձակեցնել Եկեղեցուց պետության անջատման աստիճանի, ինչպես եկեղեցու քաղաքականությանը չմիջամտելը՝ ապաքաղաքականացված հավատի: Ի տարբերություն աշխարհիկ ծառաների, հոգեւոր ծառաները չեն կարող քաղաքացիական դիրքորոշում չունենալ, եւ եթե անգամ տրված չէ Քինգեր ծնել, որ նույնիսկ մեր ժամանակներում ընդունակ են սերունդներին վկայել ոգու գերակայությունը, ապա գեթ չզրկենք ժողովրդին «Տիրոջ անունով եկածի» նկատմամբ կենսատու հավատից՝ չխառնելով «Անունով եկածի» աստվածային էությունը «կամքով եկածի» երկրային բնության հետ: Հակառակ դեպքում այդպես էլ չենք հասկանա՝ Հայաստանն ինչո՞ւ չի աղոթում:
23.08.95