ՉԱՍՎԱԾ ԽՈՍՔԻ ՀԱՄԱՐ ԵՒՍ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԵՄ

Ես ինքնարդարացման ոչ մի խոսք չեմ գտնում ՝ մեղավոր եմ: Բայց ի վերջո, հայ հասարակության այդ ո՞ր միավորի անդորրն է խանգարում չասված խոսքը՝ միչեւ դա իր անձնական ողբերգությունը չի դառնում: Անկախության մահակով ապահասարակայնացված հայ մարդու ի՞նչ գործն է, որ «Հիմարների հայկական նավի» առաջին տարբերակի հրապարակումը մի ողջ ժողովրդի կազատեր այն խեղկատակությունից, որին այլեւս տեղյակ է ոչ միայն հայ հասարակությունը, այլեւ «նորաստեղծ հայկական պետականություն» հորջորջվողի գերագույն դատավոր՝ միջազգային հանրությունը:

Մեղավոր եմ, քանզի փոքր ու ավելի փոքր բազմաթիվ գոծիչներին չկարողացա վստահեցնել, որ վերեւն Աստված կա, իսկ ներքեւում միայն Ժողովուրդ ու Հայրենիք (տեղերը չհամարձակվեք փոխել): Համարեք ինձ «քաղաքացիական գիտակցությունից» զուրկ մի անձնավորություն, բայց խնդրում եմ ՝ բացատրե՛ք զինապարտության օրենքի շուրջ այս ողջ աղմուկի իմաստը: Եւ խնդրում եմ պարզաբանեք, թե ինչո՞ւ է սույն օրենքը պաշտպանում ընդամենը պաշտպանության նախարարը. նա ինչ է, այսուհետեւ փոխարինելու է գործող նախագահի՞ն, թե մենք այլեւս թեկուզեւ գործող նախագահ չունենք: Սա ի՞նչ բարդակ է (հազար ներողություն ընթերցողներից) մի երկրում, ուր կարծես թե դեռեւս իշխանություններ կան, իսկ ըստ պաշտոնական տվյալների՝ նաեւ ընդդիմություն:

Պետական հեղաշրջման փորձին համարժեք պետք է գնահատել այն իրավիճակը, երբ ժողովրդի շահերի պաշտպանի դերում հանդես է գալիս Բաբկեն Արարքցյանը: «Զինապարտության մասին» օրենքի անհեթեթ նախագիծը (որն իմիջիայլոց արդեն իսկ գործի է գցվել առանձին զինկոմիսարիատների կողմից) քննադատելու ու վիճարկելու հանձնարարականը տալով Բաբկեն Արարքցյանին՝ շատ վերեւները ճշտորեն հաշվարկել են, որ այլեւս ոչ մի քիչ թե շատ կարգին մարդ այդ օրենքի դեմ չի արտահայտվի: Հանրապետությունում այդ ո՞ր միամիտը չգիտի, թե ո՞ւմ շահերն ու ի՞նչն է պաշտպանում բուհական բարոնը, եւ ո՞վ կուզի թեկուզեւ շողքով ընդհանրանալ նրա հետ: Որքան ավելի գրավիչ է կանգնել պաշտպանության նախարարի դիրքերում, դրանով իսկ ձեռք բերելով, ասենք, հայրենիքի պաշտպանական կարիքներով մտահոգի համբավ, կամ պարզապես Սարգսյան Վազգենի համակրանքը: Բայց եթե միայն բաց աչքերով գրոհի գնացած նախարարը կարողանար նաեւ խաղաղ միջավայրում աչքերը բաց պահել, կտեսներ, թե ինչ ստահակային կոհորտա է ձեռքերը տաքացնում իր հոգու կրակի վրա: Բայց չի տեսնում եւ ուրիշի խարդավանքների զոհը դառնալով ՝ փոխում է ճակատագրով նախանշված Գողգոթայի փառահեղ ճամփան անիմաստ թափառումների: Տե՛ր, ներիր նրանց, քանզի չգիտեն, թե ինչ են անում: 

«ԶՈՀ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԵՍ... »

Ասված է. «Զոհ չեմ ուզում ես, այլ ողորմածություն»: Բայց ինչպես երեւում է՝ 1700 տարվա ընթացքում Խոսքը հայերին չի հասել, եւ կռապաշտության խավարի մեջ խարխափող այս ժողովուրդը զավակների զոհաբերության ավանդույթը հաղթահարել չի կարողանում: Զինված ուժերի շարքերը մարդամսով հագեցնելով ազգային անվտանգություն չես ապահովի, եւ ոչ ոք մեզ չի համոզի, որ պաշտպանության նախարարը դա չի հասկանում: «Մենք այստեղ լուծում ենք ոչ թե բանակի, այլ պետության, պետականության, բարոյականության խնդիր», ասում է նա միայն իրեն հատուկ անկեղծությամբ ու քիչ հետո անմիջապես արժեզրկում ասածը, ստորացնում բոլորիս. «ես կարծում եմ, որ եթե հանրապետության նախագահը...»: Ո՛չ, պարոն նախարար, սա իսկապես բարոյական խնդիր է, քանզի մեր Դավիթիկը Գողիաթին հեռվից անգամ տեսնել չի ուզում, իսկ սիրասուն քավորը, որ մահվան գնացող զինվորների թիկունքում երբեք չի թաքնվել, թաքնվում է «ես կարծում եմ, որ եթե հանրապետության նախագահը...» վահանի տակ, եւս մեկ անգամ համոզելով բոլորիս, որ զինապարտության նոր օրենքը գործող նախագահի բարդույթից ազատագրման փորձի ներանձնական հարց է ընդամենը:

Թեեւ դուք՝ հեղափողական վերնախավդ մեր՝ քաղաքացիների հոգեւոր, սոցիալական ու ֆիզիկական զոհաբերության հարցերում երբեք խղճի խայթ չեք ունեցել, այնուամենայնիվ, մենք ձեր զոհը չէ, որ ուզում ենք: Եւ քանի որ այս ողջ աղմուկն աշխուժորեն գործող նախագահի շախմատային պարտիայի հերթական քայլն է, ուր նախատեսված է Վազգեն Սարգսյանի ու Բաբկեն Արարքցյանի զոհաբերությունը, ընդ որում, իրավահավասար հիմքի վրա՝ մենք ի տարբերություն ձեր դեպուտատա - կառավարական միջավայրի՝ դեմ ենք քվեարկում նախագահական քայլին: Մնացյալը, պարոնայք, դուք ինքներդ կորոշեք, եթե իհարկե դեռ ընդունակ եք ինքնուրույն որոշումներ կայացնելու:

Աստված պահի նախագահին:

12.06.97

ՀԻՄԱՐՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՆԱՎԸ

(ԱՆԱՎԱՐՏ)

«Բառեր, բառեր, բառեր...»

ՎԻԼՅԱՄ ՇԵՔՍՊԻՐ

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՆԱՎԱԲԵԿՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ

Հեռանալ, հեռանալ, հեռանալ,

Ամենքին, ամեն ինչ, մոռանալ...

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ

 Մոռանա՞լ, հեռանա՞լ, բա Չիբուխլուն, բա Սեւա՜նը: Թեեւ այսօր «բարոյականությունն անգամ գեղեցիկ է չափի մեջ», ուր մնաց թե հողի զգացողությունը, Հայրենիքի գիտակցությունը, կամ սերը մարդու նկատմամբ: Դարեր, դարեր, դարեր, անմիտ, անբովանդակ, անհեթեթ: Առանձին փայլատակումներ՝ ի հեճուկս հավաքական ամլության եւ ուստի իզուր ու ժառանգականությունից զուրկ: Ուրիշների կերտած առողջ համակարգերում պորտաբուծելու անգերազանցելի ունակություն, պատմության ընդմիջումներում ինքնագիտակցության բնազդային ընդվզումներ՝ ազատագրական պայքար՝ տրամաբանական արյունալի վերջաբանով: Գոռոզություն, մեծամտություն, ինքնասիրահարվածության հասնող ինքնահավանություն՝ ինքնախաբեության հեշտանք: Ստրկամտություն, պնակալեզություն՝ սուլթանին, ցարին, քարտուղարին, նախագահին, բարոյական նորմ. «որտեղ հաց, այնտեղ էլ ումպ» ու մի մեծ ստամոքս՝ ուղեղում, սրտում, հոգում, ամենուր: Անմեղությունից պայթող աչքեր ու անկեղծ զարմանք, թե ինչպես է որ հենց նույն նավն է պարբերաբար նավաբեկության ենթարկվում:

Երբ արտագաղթի ճամփան դեռ չբռնած, սոցիալական կամ պարզապես ուժային ճնշումից ողնաշարը չկոտրած գիտակից մարդիկ կրքոտ վիճաբանում էին «հայոց պատմության ավարտ, թե՞ նոր սկիզբ» ելակետային սկզբունքի շուրջ, անկախ որդեգրած մոտեցումից պաշտպանվում էր շարժման առկայության գաղափարը, եւ միակ տեսակետը, որին երկու կողմն էլ միշտ դեմ էին՝ անշարժության կամ փակ ցիկլի վիճակի ախտորոշումն էր: «Անշարժությունն» այս դեպքում անշուշտ հարաբերական հասկացություն է, քանզի կա զանգված, որը տեսականորեն շարժման մեջ է, միայն թե միշտ նույն ուղեծրով ու վերադարձով պատճառահետեւանքային նույն ելման կետին («Ահով արդեն կանչում եմ քեզ...»): Եւ թող ներող լինեն կյանքին նյութական աշխարհի կարգավորիչ օրենքների տեսանկյունից նայողները, բայց էթնոսները, մարդը ընդհանրապես, նախեւառաջ հոգեւոր եւ հետո միայն ֆիզիկական էություն ունի, եւ ինչպես հոգին թողած մարմինը շարունակում է շարժումը ինքնասպառվելով ՝ փտելով մինչեւ տարրական մասնիկները, այնպես էլ հոգուց լքված ժողովուրդն անցնում է նույն ճանապարհը՝ փտելով ՝ կորցնելով էթնիկական տարածքները, նվազելով քանակապես եւ վերաճելով առանձին-առանձին գոյատեւող տարրական մասնիկների՝ գետոների: Որքան էլ ցավալի է, բայց «Հայ ժողովուրդը հավերժ է» սնապարծ կարգախոսն առարկայական իրողության մեծ բաժին է պարունակում: Ֆիզիկական անմահությունն ինքնին պատիժ է, իսկ անմահությունը գետոյական կեցության մեջ՝ պատիժներից գերագույնն է: Անմահությունը բնականաբար լիարժեք կյանքի երաշխիք չէ՝ բեւեռորեն հակառակը, եւ ասվածի լավագույն վկայությունը վերջին հազարամյակի հայոց պատմությունն է: Հայրենիքից դուրս կյանքը վայելելու տռփանքն այսօր չէ, որ ներազգային երազ է դարձել, այլ շատ ավելի վաղուց՝ նվազագույնը հազար տարի առաջ, երբ հարյուր հազարավոր հայեր արնատար երակ էին փնտրում օտար մարմինների վրա: Իսկ Օսմանյան կայսրությունից մազապուրծ զոհերի մտքով իսկ չէր անցնի, որ իրենց հաջորդած սերունդներն այսաստիճան հաշվենկատություն կցուցաբերեն Հայրենիքի գիտակցության ու լափառատ երկրների քաղաքացի լինելու զգացողության մեջ:

Որքան էլ ծանր է ու վիրավորական, բայց ընդունեք, որ նախագահական սեկտայի կողմից հայաստանցիներին պարտադրված արտագաղթը հայ հասարակության մի ստվար հատվածի սրտով էր: Աշխարհի ոչ մի երկիր երբեք նուբար չի եղել, եւ քիչ թե շատ կայացած հասարակությունները գին են վճարել երկիր, պետություն, Հայրենիք ունենալու համար, այդ թվում նաեւ՝ սեփական արգանդից ծնված ստահակությանը դեմ առ դեմ դիմագրավելով: Իսկ հայերը հնուց կոմֆորմիստ են, կապ չունի օտարի, թե յուրայինի կրունկի տակ ճմրթված, բայց կարեւորը՝ անձնապես կուշտ: Եւ եթե անգլիացու համար յուր տունն է իր ամրոցը, ապա հայի համար՝ ստամոքսն ու անձնական ունեցվածքը: Եւ դեռ առանց ամոթի քրիստոնեությանը հաղորդակից դառնալու 1700 ամյակի ժամերն ու վայրկյաններն են հաշվում: Թեեւ բաշարող հայի ամոթս որն է, հազար տարի է ինչ համազգային հպարտությունը սեւեռված է երկրային գանձերը կուտակելու վրա, ինչը պարբերաբար մկան ու գողի բաժին է դառնում, իսկ երկնային գանձերի մասին թող խորհեն այն հասարակությունները, ուր պատմության կողմից նեղացվածի մեր կարգավիճակով ներս ենք թափանցում եւ արդեն երկրորդ սերնդում անբուժելի շովինիստ դառնում այլ ներգաղթածների, երկրի տերերի, արյունակից նորաբնակների ու առավելեւս՝ քարաշատ հայրենիքում ապրողների նկատմամբ: Կասեք` պարադոքս է, որ ձեր չարությունն ու չկամությունը, թուլակամությունն ու փոքրոգությունը նույնիսկ հեռավոր ափերում են սերնդեսերունդ արտահայտվում, բայց մի մոռացեք, որ հնձում ես միայն այն, ինչ ցանում ես, իսկ բարին անհամատեղելի է ինքնասիրահարվածությանն ու նյութապաշտությանը:

Փորփրե՛ք ձեր հիշողության պահոցներն ու վե՛ր հանեք ճշմարտությունը հայոց ծաղկունքի փուլերի մասին, եւ չեք կարող չարձանագրել, որ միշտ սարսափ է եղել ձեզ ձեզ հետ մենակ թողնելը, որ եթե հայերին տիրապետած օտարները նույնքան ստոր, խարդախ, դաժան լինեին, որքան միայն հայն է կարողանում լինել հայի նկատմամբ, ապա վաղուց գոյություն չէիք ունենա. վկա ձեր վերջին, այսինք ներկա հանրապետությունն իր իշխանավորներով, բարոյականությամբ, գիտակցությամբ, մտածելակերպով, վարքուբարքով: Եթե աշխարհը նույնքան անհանդուրժող ու տմարդի լիներ ձեր նկատմամբ, որքան դուք եք աշխարհի ու միմյանց նկատմամբ, ապա ամենաքիչը արաբական արշավանքներից հետո հայերենը մեռած լեզուների շարքը կդասվեր: Բայց դուք նորից կձեւացնեք, որ չհասկացաք, թե ինչու եք պարբերաբար տանուլ տվել պատմության ընթացը, ինչու եք տանուլ տալիս դեռեւս չկայացած պատմությունը եւ Պատմությունն ընդհանրապես: Գրքե՛ր գրեք, ֆիլմեր նկարեք, խորհրդաժողովներ հրավիրեք եւ կամ վճարեք, որ ուրիշներն անեն այդ ամենը, ի վերջո, սովորության համաձայն զոհաբերե՛ք տասնյակ հազարներին ձեր արյունարբու ու անկուշտ կուռքերին, որպեսզի գոնե արտաքնապես ու ինքնախաբեության համար սքողեք ճշմարտությունը, թե ինչու ձեզ Պետականություն ունենալու շնորհ չի տրված: Բայց ոչ մեկին չեք խաբի, աշխարհը լավ գիտի ձեր իրական էությունը, եւ բարի պտուղ չտվող ծառը կտրվելու է ու շպրտվելու՝ խարույկի մեջ: Այն նույն դժոխային խարույկի մեջ, որից ձեզ 1700 տարի փորձում են ետ պահել, բայց ապարդյուն, քանզի ամենամեծ ողբերգություններից՝ 15-ի ցեղասպանությունից հետո անգամ չեք կարողանում հասկանալ, որ աստվածուրացների համար դժոխքը նաեւ երկրային արտահայտություններ է ունենում, որ Պետականությունը, ազատ ու անկախ ապրելու իրավունքը՝ արարչության, հոգեւոր ազատագրության արդյունք է, այլ ոչ խամաճիկների ամբոխին պարտադրվող իրավիճակային հագուրդ:

Բյուզանդացին, արաբը, մահմեդականացած պարսիկը, թուրքն իշխել են հայերին  հազար տարուց էլ ավելի: Ոչ կրոնական, ոչ էթնիկական առումով նրանցից ոչ մեկին հարազատ չեք եղել, իշխանության նկատմամբ էլ հպատակությամբ ու հավատարմությամբ չեք փայլել: Հատ առ հատ հիշում եք յուրաքանչյուր հանցանքը, որ գործվել է ձեր նկատմամբ՝ Նախիջեւանի ու Դվինի խարույկները, Շահ Աբասի տեղահանությունը, երիտթուրքերի ոճրագործությունը..., եւ ճիշտ եք անում, որ հիշում եք՝ օտարի լուծ, հայատյացություն, արյունալի ու ստորացուցիչ անհանդուրժողություն: Բայց ո՞րն է եղել այն օտարը, որի լծի տակ այնքան անօգնական եք եղել, որ յոթ տարվա ընթացքում մեկ միլիոն արտագաղթ եք տվել, հիմնահատակ շեներ դատարկել, հողի վրա աշխատելու ու ընդհանրապես աշխատելու իմաստը կորցրել, տգիտության ու խավարի նման աստիճանի իջել ու, ամենակարեւորը՝ կորցրել հավատը ապագայի նկատմամբ: Եւ այս դեպքում քանի տասնյակ միլիոն պետք է հաշվել հայ ժողովուրդը, որպեսզի նման պայմաններին դիմանալով նա հասներ մինչեւ 19-րդ կամ 20-րդ դար: Ընդամենը յոթ տարվա ընթացքում մի բուռ երկրի մի բուռ ժողովուրդը վերապրեց այն, ինչից խուսափել էր հազարամյակից ավել ձգվող ժամանակաշրջանում: Եւ սակայն սա արդեն օտարի լուծը չէ, ու հայի չար բախտին մակագրելը ոչնչով չի արդարացվում: Այսօր դեռ կարելի է աչքակապությամբ զբաղվել ու հետեւողականորեն տանուլ տրվող արցախյան դատի դրոշով պաշտպանվել վաղվա պատասխանատվությունից: «Տարածքները մերն են, ուրեմն ամեն ինչ արդարացված է» կարգախոսը մինչեւ վերջին վայրկյանը երկաթյա փաստարկ ու մահակ է լինելու նրանց ձեռքին, ով եսապաշտ իշխանատենչության մոլուցքում պատրաստ է ցանկացած դավադրության, բայց ի՞նչ ենք անելու այն վայրկյանից հետո, երբ «հաղթանակի», «կայունության», «առաջընթացի» ցնդաբանությունը կհասնի իր վախճանին... Ֆրանսիան օդային նավատորմ կուղարկի, ռուսները՝ 11-րդ կարմիր բանակը, Ամերիկան որբանոցներ կբացի: Իսկ գուցեեւ ոչ: Ձեզանից բոլորն են հոգնել:

 

«Մեռնեմ Աստծո զորությանը», կասի յուրաքանչյուր հայ, եթե թեկուզեւ իր անհատական տեսանկյունից արդարությունը հաղթանակում է: Բայց ի՞նչ օրենքով ու արդարությամբ է, որ Աստծո զորությունը հօգուտ մեզ՝ հայ ժողովրդի ենք փորձում ընկալել: ...Երբ համատարած պոռնիկներ... տղամարդու ֆիզիոլոգիայով ՝ ամեն ինչի  պատրաստ: Ապրել եք ուզում, միաժամանակ հաղթել, եւ սակայն ոտնահարել «մահ կամ ազատությունը», կարծես թե ձեր 1700-ամյա ակնկալիքի բաղկացուցիչը չէ Ճշմարտությունը, որ «եթե հատիկը չմեռնի՝ հասկը չի ծնվի»: Բայց մեռնողներ չկան՝ հնագույն կուսակցություններից մինչեւ նորագույն փրկիչներ՝ բոլորն են, որ ապրել են ուզում եւ հենց այդ պատճառով է, որ չեն ապրելու: «Մահ հանուն ազատագրության» հնագույն խորհրդի չգիտակցված արտագրությունն է, որ առաջացրել է «կամ-կամ»-ի խնդիրը, նույն դիլետանտությամբ, որով այսօր էլ աշխարհ եք խաբում: Եւ մտածեք ինքներդ, թե ինչ աստիճան եք այլասերել հասարակությունը, որ «մահ կամ ազատությունը» իսկապես առաջնորդող կարգախոս է դարձել, քանզի այսօր ով չգնա մեռնելու գոնե սերունդների ազատության համար՝ յուրային յաթաղանով կմորթվի՝ տանը նստած: Ճշմարիտ է:

ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ՑՈՒԳՑՎԱՆԳ

Խաբվել, խաբվել, խաբվել, եւ ումի՞ց: Մի՞թե այս երկրում լավատեսության առկայծումն անգամ այլեւս գերագույն հիմարության արտահայտությունն է: Երբ պետականության յոթ տարիներին խաբվում էինք պետական, կուսակցական, ազգային ռենեգատ ախպարածիններից, հույս կար ու հավատ, որ Հայոց արգանդը եւս ի վերջո զավակներ է ծնել, ու մի օր Հայաստան աշխարհը սիրողների փողոցում էլ տոն կլինի: Բայց Դու՛ք, պարոն վարչապետ, հարվածեցիք թիկունքից, ցավոտ, անբուժելի ցավոտ: Եւ անկախ այն բանից, թե ով է Ձեզ, ինչպես նաեւ պաշտպանության նախարարին համոզել, որ ուսանողական զորակոչով ապահովելու եք երկրի պաշտպանվածությունը, կամ դնելու սոցիալական արդարության կայացման հիմնաքարը՝ նա ստոր է, եւ ոչ Հայաստանի, ոչ էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի սիրում: Հավատացեք, որ կատարվում է նրանց պատվերը, ով ծրագրավորել է հայկական մատաղացուն համաշխարհային հերթական ցնցումին: Հայաթափության նոր մեծ ալիք՝ սա է հայրենի կառավարության կայացրած նոր որոշման իմաստը: Նրանց, ում 18-ը չլրացած՝ զավակասեր ծնողները զանգվածաբար տեղափոխելու են արտերկրյա գետոներ, մենք այլեւս երբեք ետ չենք ստանա՝ որպես քաղաքացի, գոնե երրորդ սերնդում կայացած հայաստանցի: Այո, մեծավ մասամբ պիղծ են, այո լպիրշ, անհոգի ու անհավատ, բայց եթե նրանք եւս սերունդ չեն տալու հայրենի հողում, եթե նրանց երեխաները եւս պապական տան գիտակցություն չեն ունենալու, պարտք ու պատասխանատվություն չեն կրելու՝ հանուն ի՞նչի է այս ամբողջը. ի՞նչ Արցախ, ի՞նչ Հայաստան ու առավել եւս ի՞նչ պատերազմ:

Ազգային դավաճանների շարքին դասեք այն խորհրդատուներին, ովքեր պաշտպան են կանգնել հայաթափության հերթական փուլն ամրագրող որոշմանը: Հաղթանակին ուղղված պատերազմում թնդանոթի միս չէ պետք, այլ զինվորներ: Իսկ եթե հայկական բանակը մարդուժի կարիք ունի՝ մահապարտների գնդեր ստեղծեք նրանցից, ում վարչակարգն այսպես ապաշնորհ փորձում է հանցագործ ձեւակերպել ու բանտախցերում լռեցնել: Նրանք կներեն ու նորից կկռվեն: «Դրո», «30+1» (հանած` գործով վարչակարգին ծախվածներին, որոնք ճակատում վստահելի չեն)  կփոխարինեն այն մի քանի հարյուր դեղնակտուցներին, որոնց բանակ կոչելով պաշտպանական հարցեր չես լուծի: Եւ թող ների Ձեզ Աստված, քանզի չեք գիտակցում, թե ինչ եք անում:

 Էլի՞ մեկ զոհ: Մենք հոգնել ենք զոհեր ունենալուց՝ մեզ վարչապետ է պետք, եւ ոչ թե տպավորիչ կերպար, որի ոտքերի տակ, իր իսկ համաձայնությամբ մահաբեր ական է դրվում: Մեզ վարչապե՛տ է պետք, որն այս այլասերված հասարակության մեջ ինքնահաստատման խնդիրներին զուգահեռ նաեւ ազգապաշտպան նպատակներ ունի: Սահմանադրությունը չէ, որ վարչապետ է կերտում, այլ մարդը, որն ընդունակ է ապացուցել. վարչապետը ստահակ կարող է եւ չլինել: Իսկ եթե խորհրդականների կոհորտան հուշում է, թե չեչենական տարբերակն ընդունելի է, ապա փոխեք նրանց, պարոն վարչապետ: Փոխե՛ք նրանց, քանզի չգիտեն թե ինչ են անում: Ներեք եւ փոխեք:

«Հայկական Լեբեդ» կամ «Սադդամ Հուսեյն» ռուս-ամերիկյան դավադրության դեմը մենք կառնենք, եթե համարձակություն ունենաք դեմն առնելու այն ստահակների, որոնք Ազգային ժողովը «քուչի բազար» սարքած՝ տնական բարեկեցության հարցեր են լուծում: Օտարի դեմ պայքարը նույնքան դյուրին չէ, որքան յուրային ազգակործանների դեմ:

Մեզ նաեւ նախարարներ են պետք, որոնք գոնե չեն պատժվում արքային հավատարմության գործում ծայրահեղական լինելու համար: Հավատարմության, այլ ոչ պարզապես արքայական կերատաշտին հաղորդակից լինելու սկզբունքով: Եւ արհամարհելով ողջ վայրահաչոցը, որ առաջ կբերեն այս տողերը, եւս մեկ անգամ բարդույթազուրկ դիմում վարչապետին, հանրապետության քաղաքացիներին. մի՛ հանդուրժեք ներկա, նաեւ անցյալ դարձած ուժայինների զոհաբերությունը, քանզի դա հիմնավորապես հակասում է ազգային անվտանգությանը, Հայաստանում ու Արցախում դեռեւս բնակվող յուրաքանչյուր հայի անձնական շահերին: Իբրեւ շարքային հայ, Հայաստանի քաղաքացի, անկեղծ ասած, թքած ունեմ ձեր բոլորիդ ներանձնական հարաբերությունների վրա, բայց դուք՝ կուս - կոմերիտական գործիչներ, ազատ էսթետներ՝ նախկինում, պարտավոր եք հոգալ հավերժականի՝ Հայրենիքի մասին: Ճշմարիտ է:

ԱՍԵՂԻ ՎՐԱ ՆՍՏԱԾ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Եթե երբեւիցե դատավարություն լինի եւ մեղադրյալի աթոռին նստած լինի 20-րդ դարի Հայոց Երկրորդ Ցեղասպանության կազմակերպիչ փունջը՝ ազգային անփառունակության պատմության մեջ այլեւս հավերժացած նախագահի գլխավորությամբ, ապա արդեն իսկ ակնհայտ մեղադրանքներից առաջ պետք է ներկայացվի մեկը՝ համազգային թմրամոլեցման անուղղելի հետեւանքների հիմքի վրա: Խոսքը ոչ միայն հոգեւոր անելանելիությունից թմրանյութերի ու ալկոհոլի հեշտալի ապավինությանը հանձնված հազար-հազարների կործանված ճակատագրի մասին է, այլեւ ազգային-պետական արատավոր մի համակարգի ձեւավորման, որի հիմքում ասեղի վրա նստածի հոգեբանությունն է: Պարոնայք (ներեցեք, նաեւ տիկնայք) փոքր ու մեծ շառլատաններ, որ ինքնապահպանման այսպիսի կիրք եք կրում, մի՞թե չեք հասկանում, որ ունեցողության թմրանյութից ազատվելու ամենակարճ ճանապարհը՝ ծառայելն է. հարազատ Պետությանն ու նրա բաղկացուցիչներից միակ էականին՝ ժողովրդին:

Դուք այլեւս ծիծաղելի եք, անկախ ձեր արդարացումներից, իսկ ճիշտն ասած հենց արադարացումների մեջ: Եւ «Ոչ մի հայ, եթե նա հայ է, չպետք է մեկ լումա անգամ տա Հայաստան հիմնադրամին» կարգախոսն օրվա հրամայականն է, քանզի ասենք՝ Վիոլետա անունը Մանուշակի փոխած տիկինն այնքան էլ լավ չի պատկերացնում, թե որտեղ է սկսվում եւ ինչու է ավարտվում Հայաստանը: Նախագահի սիրեցյալի նկատմամբ ոչ բավարար հարգանքով արտահայտություններն, իհարկե, հղի են... Հղի են, բայց ծնունդ չեն տալու. եւ սա է գործող, բազմալեզու նախագահի այսքանամյա գործունեության ողբերգությունը: Թեեւ նա միակն է, որ միջոցների ու պնակալեզների պակասը չունենալով ՝ կերտում է իր պատմությունը, իր հեղափոխությունը, իր պետականությունը, իր մամուլը, իր ընդդիմությունը, ու ողջը՝ անշնորհք: Եւ այս հարցում պետք է կարեկցել գործող նախագահին, որ ընդունակ չէ կատարել գոնե նախորդ երդումները՝ օրենք ու իրավունք պահպանելու պատասխանատվության մեջ, քանզի զավակը յուր մեքենան վարում է առանց համարանիշների: Որ մենք իրականում պետականություն չունենք՝ հստակ գիտեն գործող նախագահը եւ ընդդիմության գործող առաջնորդը, որին առաջինը իր կերպով ու նմանությամբ ռուսական մամուլում հռչակեց իբրեւ ամենա... Եւ հարգանք «ռուսին», որ տպագրված նյութին վերնագիր դրեց՝ «Երկուսը նույն բնից», թե չէ մենք՝ հայերս նրանց բաժանում ենք: Ճշմարիտ է:

Ասեղի վրա նստած հայրենի մտավորականությանն այլեւս որեւէ խոսք ասելն ինքնին անիմաստ է: Հարգանք ու պատկառանք տարիներին ու կոչմանը: Տպեք գրքերը՝ կարծես մեռնողի հոգեբանությամբ, բայց նաեւ նայեք ձեր գրադարաններում լխկած հատորներին. գուցե մտորեք եւ հանկարծ ընկալեք, որ կյանքի ընթացքում ասված խոսքը, գործողությունն ավելի հարատեւ է, քան հատորները, որ ոչ ոք չի կարդալու՝ անկախ կրթական ցենզից: Ի վերջո, եթե Աստծո պարգեւած կյանքում մարդ չդրսեւորվեցիք, մեռելածին գրքույկներով ինչ եք փոխելու: Ճշմարիտ է:

Եւ վերջապես նրանց մասին, ում համար «անկախությունը վեր է ամեն ինչից»: Սա խիստ առօրեական է նրանց տեսանկյունից, ով Հայրենիք է գալիս թույլտվությունից մինչեւ թույլտվություն՝ մեկ հիմնավոր հարցադրմամբ. Հայրենիքը ձեզ ինչ, կամ դուք Հայրենիքին: Տարիներ շարունակ Հայ Յեղափոխական Դաշնակցության պատիվը վարկաբեկելու տխուր ավանդույթը՝ հարգի է, անգամ մոդայիկ, հատկապես նրանց կողմից, ովքեր ոչ երկրին են հարազատ եւ ոչ էլ երկիրն է կարողանում ներառել նրանց: Եթե ՀՅԴ-ն կադրային խնդիրներ ունի, առանձնապես «ծովից-ծով» Հայրենիքի իրատեսական հավատի շրջանակներում, ապա ես ինքնահռչակվում եմ մեծագույն դաշնակցական, քանզի այս գաղափարը, որ երեկ, այսօր ու վաղը միակ կենսունակն է մեր հասարակության համար, եզակի տարբերակն է, որ համազգային փրկության է տանում: Մնացյալը նույն շառլատանությունն է՝ հայրենիք, արցախ, պետականություն... Եւ ինչպես չասվի ճշմարտությունը. աշխարհով մեկ սփռված Հայ դատի հանձնախմբերում տեղ գտած տիկնայք եւ պարոնայք, դուք ու Հայ դատն անհամատեղելի եք: Ինչպես որ հայագիտական ամբիոնները, ուր ոչ հայազգի տնօրեններին հարյուր հազարավոր դոլլարներ եք տալիս՝ հարգանքի ու ճանաչման ակնկալիքով:

 

Եւ Աստծո սիրույն, բաց թողեք Կիմ Բալայանին: Մեր պատմությանը նման մարտիրոսներ պետք չեն:

 

 

 

18.05.97

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել