■ Ես առաջիններից մեկն էի, որ համատարած էյֆորիայի պայմաններում, որպես վերլուծաբան, լրջագույն տարակուսանք հայտնեցի՝ կապված Արցախին բանակցային սեղան բերելու փաշինյանական պնդման ու այդ պնդման ձևի կապակցությամբ։ Պատճառները երկուսն էին
ա․ բանակցային սեղանին հայկական միայն մեկ կողմի ներկայությունը մանևրելու ու «դե հլը պտի տենանք՝ մյուս կողմն ինչ ա ասում» խաղաքարտն օգտագործելու հնարավորություն է տալիս։ Տերպետրոսյանական ժամանակներից սկսած մինչև 2016 թ․ ամառ այս հնարքը քանիցս փրկել է մեզ հողերի կորստից ու պետականության մայրամուտից։ Կարճ ասած՝ հնարքը շատ պարզ է՝ մշտապես պահեստազորում ունենալ թիկունքում կազմ ու պատրաստ կանգնած ու պատերազմական դաշտում չհյուծվող դիմադրական ռեսուրս՝ հանձին Արցախի սուբյեկտայնության։ Իսկ եթե բանակցային սեղանին լինենք միաժամանակ երկուսով, ու, Աստված մի արասցե, ռեալպոլիտիկի մակարդակում հավասարակշռությունը ժամանակավորապես խախտված լինի ի վնաս մեզ, ինչպես 2016 թ․ ապրիլից հետո, այս խաղաքարտը չի աշխատի, որովհետև ինքն այլևս չի լինի։
բ․ 1992 թ․ մարտի 24-ի ԵԱՀԽ-յան հայտնի որոշմամբ խաղաղության կոնֆերանսին մասնակցելու համար որպես շահագրհիռ կողմեր են ճանաչվել «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչները», հիմա՝ այն ժամանակվա ԼՂՀ Գերագույն խորհուրդը և «այլ ներկայացուցիչները»։ Հետագայում ադրբեջանցիներին հաջողվեց թե՛ լոբբինգի՛, թե՛ փաստաթղթային մակարդակով հասնել նրան, որ «ԼՂ ընտրված և այլ ներկայացուցիչները» դարձույթը մեկնաբանվի ու ներկայացվի որպես «ԼՂ հայկական և ադրբեջանական համայնքներ»։
Չնայած սրան՝ այս թեման վաղուց ի վեր գերեզմանված էր մեր կողմից։ Կազանյան բանակցություններից ու Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից հետո, երբ բանակցությունները փակուղի էին մտել, միջազգային դերակատարներին միայն «երկրորդային դիվանագիտության» (second-track diplomacy) մակարդակով էր հաջողվում վերակենդանացնել «ադրբեջանական համայնքի» թեման։ Այս համատեքստում վարչապետի նշված հայտարարությունն ակնհայտորեն ինքնածուղակ էր դառնալու՝ լավ առիթ ստեղծելով ադրբեջանական կողմի համար փոխելու բանակցային հավասարակշռությունը և ասելու, որ «դեմ չենք, թող շահագրգիռ կողմերն էլ մասնակցեն»։ Ու եթե հայկական կողմը փորձի մերժել այդ պատասխան առաջարկը, ֆորմալ առումով կհայտնվի ապակառուցողական կողմի դիրքերում։
■ Ցավոք, «բ» կետում նշածս մտահոգություն-կանխատեսումը հենց այդ օրերին իրականացավ՝ ի դեմս «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» Բայրամ Սաֆարովի մեդիաակտիվացման ու «համայնքների» թեմային պաշտոնական Բաքվի մակարդակում հետևողական անդրադարձերի (հղումները տե՛ս մեկնաբանություններում)։
■ Այս ամենը չէր լինի, և բանակցային հարցում ադրբեջանական «հանգած հրաբուխը» չէր արթնանա, եթե կանխավ դրսևորվեր խնդրի մանրազնին իմացություն ու նախընթաց փորձի հետ ծանոթացում։ Կհամարձակվեմ ենթադրել, որ դրա ցանկությունը չի էլ եղել, այլապես, ականջալուր իր ստվերային խորհրդականներին, վարչապետը նշանակումից անմիջապես երկու օր անց նման հապճեպ հայտարարություն չէր անի՝ հակառակ նախքան ընտրվելն ու նշանակվելը ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած այն հավաստիացմանը, որ ինքը սպասելու է, որ պետական համապատասխան ինստիտուտներն իրեն իրազեկեն բանակցային նրբությունների մասին։