Մի քանի կարճ դիտարկումներ ներքաղաքական զարգացումների մասին. վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին այցով մեկնեց Ստեփանակերտ և միջազգային լրատվամիջոցների համար ասուլիսում փաստացի ԼՂ հարցի լուծման իր տեսակետը ներկայացրեց` Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան, բանակցությունների համար պայմաններ են պետք: Եղավ նաև հայտարարություն Թուրքիայի վերաբերյալ. Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Բոլոր հայտարարություններին հետևեցին Ադրբեջանի ու Թուրքիայի արձագանքները: Ընդ որում` Էրդողանի աշխատակազմից հայտարարեցին, որ Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, վարչապետ Բինալի Յիլդիրիմը որևէ նախապայման չդրեց, պարզապես տրտնջաց, որ հայերը չեն ընդունում սահմանը: Բաքուն Յիլդիրիմին չպատասխանեց: Փոխարենը նորից կրկնեց, որ ակնկալում է սուբստանտիվ բանակցություններ: Ըստ էության, որևէ նորություն Բաքվի օրակարգում չկա, և հազիվ թե Ալիևը մտադիր է կատարել Վիեննայի համաձայնությունը:
Երկրորդ այցը Սոչի էր ԵԱՏՄ շրջանակում. կարևորը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումն էր: Հետո ռուսները ներկայացրին, որ կարող էին դադար վերցնել և Փաշինյանին չհրավիրել ԵԱՏՄ նիստին` պատճառաբանելով, որ կառավարության ծրագիրը դեռ հաստատված չէ, բայց հրավիրեցին ու լավ ընդունեցին: Այցը, իհարկե, հիմնականում ճանաչողական էր. ԵԱՏՄ հավերժական նախագահներն ընդունել էին մեկին, որ գահընկեց էր արել իրենց նմանին ու ժպտադեմ նստել էր իրենց դիմաց: Ընդունեք, որ հաճելի վիճակ չէ: Արագ կողմնորոշվեց Լուկաշենկոն ու հայտարարեց, որ Բելառուսը եղել է ու մնալու է Հայաստանի կողքին: Անպատասխանատու հայտարարություն էր. փաստացի Լուկաշենկոն Իլհամ Ալիևի կողքին է եղել ու մնում:
Նիկոլ Փաշինյանը Սոչիում վերահաստատեց Հայաստանի հավատարմությունն արտաքին քաղաքականությանը: Ի պատասխան ռուսները որոշել են նոր ռազմական տեխնիկա տրամադրել ՀՀ-ին` վերականգնելու տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը, որ իրենք էլ խախտել են 2010-ից միլիարդների հարձակողական զենք վաճառելով Ադրբեջանին: Սա ՀՀ-ին Մոսկվային կապված պահելու փորձ է: Երրորդ այցը կարող էր լինել Բրյուսել, բայց Նիկոլ Փաշինյանը մերժեց Ֆեդերիկա Մոգերինիի մայիսի 16-ի հրավերը` մասնակցելու Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի նիստին: Հանձնաժողովը դրական գնահատեց առաջընթացը Հայաստանում ու նույնիսկ կոչ արեց մեծացնել ֆինանսական աջակցությունը Հայաստանին ու բանակցություններ սկսել վիզային ռեժիմի պարզեցման համար:
Հաջորդ այցը կլինի Թբիլիսի մայիսի 26-ին՝ մասնակցելու Վրաստանի Հանրապետության 100-ամյակին: Բնականաբար, կլինի հանդիպում Վրաստանի վարչապետի հետ` հայ-վրացական ընդարձակ օրակարգով:
Դատելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքներից` նրա լեգիտիմությունն ընդունել են ՌԴ-ն, ԵՄ-ն, ԱՄՆ-ը, Իրանը, Հնդկաստանը և տասնյակ այլ երկրներ: Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ուես Միթչելի հետ, քննարկել են հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի, Հայաստանի ու ԱՄՆ միջև առևտրի ու ներդրումային խորհրդի գործունեությունը: Այս ընթացքում Փաշինյանն ընդունեց նաև ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին, որ նրան է փոխանցել է ԱՄՆ կառավարության ուղերձը նպատակներին հասնելու գործում Հայաստանին օգնելու պատրաստակամության վերաբերյալ:
Մայիսի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին` համագործակցությունը խորացնելու պատրաստակամությամբ: Անցած շաբաթ կնքվեց Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու ստեղծման համաձայնագիր, որ կարող է նպաստել հայ-իրանական առևտրային կապերի զարգացմանը` առևտրաշրջանառությունը 2 անգամ ավելացնելով․ մի շարք ապրանքատեսակների համար իրանական կողմը մաքսատուրքերն իջեցրել է 3 անգամ: Իրան-ԵԱՏՄ ազատ տնտեսական գոտու պայմանագիրը կնքվել է 3 տարով: Իրանում արգելված է մաքսատուրքը 4%-ից ցածր սահմանել:
Հայաստանի արտաքին առևտրի 4 տոկոսն է բաժին ընկնում Իրանին՝ 240 մլն դոլար: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու պայմանագիրը ներառում է 900 ապրանքատեսակ: 2017-ից գործում է Մեղրիի ազատ տնտեսական գոտին: Իրան-ԵԱՏՄ ազատ գոտու ստեղծումով իրանցի և հայ գործարարները կարող են Մեղրիի ազատ գոտում արտադրված ու ցածր ինքնարժեք ունեցող ապրանքներն արտահանել ԵԱՏՄ շուկա: Պայմանագրով նախատեսված ապրանքատեսակների մեջ չկա էներգետիկան: Մնում է հավերժական հարցը` հնարավո՞ր է, որ Հայաստանը սկսի ավելի մեծ ծավալներով գազ ներկրել Իրանից։ Նախկինում հայ պաշտոնատարներն ասում էին, որ իրանական գազը թանկ է ռուսականից: Իսկ հիմա՞: Հայաստան ներկրվող 2,2 մլրդ խորանարդ մետր գազից 1,8 միլիարդը ներկրվում է Ռուսաստանից, 400 միլիոնը՝ Իրանից: Եթե վերականգնվի արտադրությունը, գազի պահանջարկն ինքնին մեծանալու է, և որտեղի՞ց է ներկրվելու: Եթե իրոք Իրանի գազը թանկ է ռուսականից, բանակցության թեմա՞ է, թե՞ ոչ: Սրանք ընդամենը փաստեր են, եզրակացություններ վաղ է անել:
Ինքնաբերաբար ստացվել է, որ ամբողջ ուշադրությունը կենտրոնացվել է վարչապետ Փաշինյանի ու նրա կառավարության առաջին քայլերի վրա` ստվերում թողնելով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին: Իսկ նա միայն մանուկների հետ պաղպաղակ չի ուտում, հանգիստ, անշտապ իր ձեռքն է հավաքում արտաքին քաղաքականության գործառույթները: Նույնիսկ Ռուսաստանում արդեն տեսակետներ են հնչում, որ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններում հենց նա կարող է լիազորվել` ներկայացնելու Հայաստանը: Հավելեմ, որ սկսվում են Հայաստանի համար կարևոր իրադարձությունները` առաջին հանրապետության 100-ամյակից մինչև Ֆրանկոֆոնիայի վեհաժողով, որ ակնհայտորեն սրելու են ո՞վ ու՞մ հարցը: Կարող է ստացվել արտառոց իրավիճակ, որ ներքին քաղաքականության խրթին խնդիրները մնան վարչապետին, իսկ արտաքին քաղաքականությունը` սպիտակ ձեռնոցներով նախագահ Արմեն Սարգսյանին: