Իրաքյան վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո որոշ ամերիկյան ԶԼՄ-ներ շտապում են տեղեկացնել, որ համեմատաբար երիտասարդ շիա հոգևորական Մուկթադա ալ-Սադրի առաջնորդությամբ ամենաշատ ձայներ ստացած «Սաիրուն» («[Առաջ] Քայլողներ») դաշինքի հաջողությունը Թեհրանի իբր պարտությունն է Իրաքում։

Իրականում որևէ նման բան չկա՝ Իրաքի խորհրդարանական ընտրություններում ամենաշատ ձայներ հավաքած երեք խոշոր շիայական ուժերն էլ՝ «Սաիրուն», «Ֆաթհ» («Նվաճում») և «Նասր» («Հաղթանակ»), հստակ դերաբաշխմամբ մրցակցելով, փակել են ներիրաքյան հասարակական տրամադրություններում առկա գրեթե բոլոր հնարավոր խորշերը։

Դրանց թվում «Սաիրունը» որոշակիորեն բավարարել է նաև իրանական ազդեցությունից ոչ այդքան գոհ իրաքցի ընտրողների իղձերը՝ նախկինում լինելով և այժմ էլ ամբողջովին մնալով զգալիորեն Թեհրանից կառավարվող Իրաքի իրանամետ շիայական ուժերի խայտաբղետ «հովանոցի» ներքո։

Այս առումով որևէ կասկած չկա, որ Իրաքի առաջիկա տարիների ճակատագիրը կրկին վճռելու են իրանամետ ուժերը, որոնց քաղաքական համաձայնությունը չի կարող կայանալ առանց իրանական միջամտության և հովանավորության, ինչը նշանակում է, որ պատկերավոր ասած, Բաղդադ տանող գրեթե բոլոր ճանապարհները կրկին անցնելու են Թեհրանով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել