- Դուք Հայաստանում բավական հայտնի մարդ եք, մեծաքանակ երկրպագուներ ունեք: Հայտնի է, որ երբեք ոչ մի կուսակցության կամ քաղաքական հոսանքի չեք հարել եւ հանկարծ համաձայնում եք խմբագրել «Նոր ուղի» շաբաթաթերթը, որ տարիներ առաջ մեղմ ասած՝ վատ համբավ էր վայելում: Սա ի՞նչ է, ավանտյուրա՞, քաղաքական հաշվա՞րկ, թե՞ մեկ այլ բան:
- Կներեք անհամեստության համար, բայց ես իսկապես լավ քաղաքագետ եմ, իսկ քաղաքագիտական միտքը հզոր ուժ է եւ զենք: Բավական վտանգավոր զենք: Իրադարձությունների զարգացման յուրաքանչյուր փուլում դու պարտավոր ես ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի քեզ պարգեւված երկնային շնորհը ծառայի իր բուն նպատակին: Ի տարբերություն տարաբնույթ քաղաքական գործիչների, քաղաքագետն իրավունք չունի առաջնորդվել զգացմունքներով, քանզի ազգային անվտանգությունն ու զգացմունքայնությունն անհամատեղելի են:
Իմ մասնագիտական եւ զուտ մարդկային պրոբլեմն ամենատեսությունն է: Մինչ շատերի համար «այսօր» է, ինձ համար դա արդեն վաղուց «երեկ» է, «անցյալ»: Սա ցավոք շատ քչերին հասանելի աշխարհաստեղծման Օրենք է: Երբ Տիգրան Հայրապետյանը նախազգուշացնում էր ղարաբաղա-դաշնակցական հեղաշրջման անխուսափելիության եւ ընդհանրապես շարունակական հեղաշրջումների մասին, իրենց արարքների վերաբերյալ դեռ չէին էլ մտածել ո՛չ հեղաշրջվողները եւ ո՛չ էլ հեղաշրջում իրականացնողները: Իսկ չէ որ այդ մասին ասվել է Ռոբերտ Քոչարյանի վարչապետ նշանակվելուց անմիջապես հետո՝ «փուլային – փաթեթային» անհեթեթությունից շատ ավելի առաջ: Արդեն այն ժամանակ պարզ էր, որ Հայաստանում ամենաթույլ կետը լինելու է խաղաղապաշտությունը, եւ ուստի քաղաքագիտական միտքը պետք է անցներ հենց նրա պաշտպանությանը:
Եւ խնդրում եմ, մի վարկյան պատկերացրեք, որ իբրեւ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվել են միայն նրանք, ովքեր այս կամ այն չափով պաշտպանել էին հակասահմանադրական հեղաշրջումը՝ ՏերևՊետրոսյանի պաշտոնանկության գործընթացը: Գործողություն, որն անմիջականորեն առնչվում էր եւ առնչվում է «պատերազմ թե՞ խաղաղություն» երկընտրանքի հետ: Այս պարագայում ժողովուրդը զրկվում էր ընտրության հնարավորությունից: Ես շնորհակալ եմ, որ Աշոտ Բլեյանը քաղաքացիական համարձակություն ցուցաբերեց առաջադրելու իր թեկնածությունը՝ ընտրության հնարավորություն տալով Հայաստանի քաղաքացիներին: Թող մարդիկ ընտրեն իրենց եւ իրենց սերունդների ապագան:
- Այսօր Հայաստանում դուք գրեթե միակն եք, որ ՏերևՊետրոսյանի պաշտոնաթողությունը որակում եք իբրեւ հակասահմանադրական հեղաշրջում: Իսկ ձեր վերջին հրապարակումներով հարցականի տակ եք դնում նաեւ վարչապետ Ռոբերտ Քոչարյանի առաջադրումը: Բայց չէ որ բոլորը, անգամ օտարերկրյա քաղաքագետներն ու քաղաքական գոծիչներն ընդգծում են, որ Հայաստանում տեղի ունեցածը Սահմանադրության շրջանակներում էր եւ է:
- Մերոնց, հատկապես՝ քարոզչամիջոցների վախկոտության եւ պոռնկաբարոյության մասին խոսելն իսկ ավելորդ է: Ինչ վերաբերում է օտարներին, ապա նրանք հերթական անգամ ուզում են հայ ժողովրդի զավակների արյամբ լուծել իրենց խնդիրները եւ ինչպես միշտ հայերին թողնել ձեռնունայն՝ առանց պետության, առանց էթնիկական տարածքների, առանց Ղարաբաղի, Զանգեզուրի, Սեւանի ավազանի: Իսկ ես սիրում եմ իմ հայրենիքը՝ Քուռից մինչեւ Տավրոս ու Կլիկիա, եւ գտնում եմ, որ հայրենիքի սահմաններն առեւտրի առարկա լինել չեն կարող: Չեմ հանդուրժել եւ չեմ հանդուրժում տգետ ու զգացմունքայնացված հայրենասիրությունը՝ հատկապես պետական-քաղաքական գործիչների մոտ: Դեռ 92 թվականին բացահայտ արտահայտվել եմ, որ Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանն ինձ համար առասպել չէ, ինչպես ՀՅԴ կամ ուրիշ պոռոտախոս ազգասերների համար, այլ կյանքի եւ ծառայության հրամայական: Եւ ցանկացած անձի ցանկացած գործողություն, որը վտանգում է Ազատը, Անկախը եւ Միացյալը, դիտարկում եմ իբրեւ հայրենիքի դավաճանություն: Եթե չգիտեն՝ թող հարցնեն, եթե չեն հասկանում ՝ թող հեռանան եւ չխանգարեն:
Ինչ վերաբերում է ՏերևՊետրոսյանի պաշտոնաթողությանը, ապա ես նրա կերտած իշխանական համակարգի դեմ պայքարել եմ 1991-ից, եթե չհաշվենք, որ արդեն 88-ի մարտից դեմ եմ արտահայտվել Շարժման մեթոդաբանությանը: Եթե ՏերևՊետրոսյանի թեւի տակ մեծացած «ազգասերներն» այդչափ մտահոգված էին հայրենիքի ճակատագրով, ապա թող արտահայտվեին ժամանակին, այլ ոչ թե ծառայեին նրան: ՏերևՊետրոսյանը հեռացվեց այն պահին, երբ առաջին անգամ համարձակություն գտավ պաշտպանել ազգային շահերը: Առաջին քայլն արեց: Պատահական չէ, որ հեղաշրջման թույլտվությունը վարչապետ Ռոբերտ Քոչարյանը ստացավ Փարիզում ՝ Միջազգային արժութային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի թեթեւ ձեռքով: Միգուցե ինքն իրեն ամեն ինչի իրավունք վերապահող վարչապետը նեղություն կքաշի ավելի լավ ճանաչել այդ կազմակերպությունների պատմությունը, իսկ նրա համախոհները կհասկանան դրանց առաքելությունը, որ հայ ժողովրդի պարագայում արձանագրված է իբրեւ հայրենիքազրկություն: Չգիտեն՝ թող հարցնեն, չեն հասկանում ՝ թող հեռանան եւ չխանգարեն:
Երկու հարյուր տարի է՝ թաթալաբազություն ենք անում, դաժանորեն պատժվում եւ հետո կրկին վերադառնում նույն թաթալաբազությանը: Հեղաշրջում անել չգիտեն՝ թող հարցնեն: Եթե 1996-ի սեպտեմբերը գնահատում են իբրեւ պետական մակարդակով անօրինականություն, ապա ինչ նախագահական ընտրությունների մասին կարող է խոսք լինել՝ Վազգեն Մանուկյանն արդեն ազգընտիր նախագահ է: Համարձակություն գտեք եւ հանձնեք իշխանությունը նրան, թե՞ ՄԱՀ-ն ու Համաշխարհային բանկը պայման են դրել, որ Հայաստանը պետք է հերթական ոչ լեգիտիմ նախագահն ունենա ի դեմս Ռոբերտ Քոչարյանի: Արդյո՞ք Քոչարյանը չի հասկանում, որ իր առաջադրմամբ կործանում է թե՛ Լեռնային Ղարաբաղը եւ թե՛ Հայաստանը:
Բայց ինձ համար ամենացավալին պաշտպանության նախարարի կեցվածքն է: Մարդ, որ կենդանի լեգենդ է եւ հայրենիքի պաշտպանության գաղափարից դուրս այլեւս չի ընկալվելու՝ դեմ է դուրս եկել հայրենիքին: Սա ի՞նչ անհեթեթ ազգային ճակատագիր է. հաղթանակած զորավարը դատապարտված է զոհ դառնալ քաղաքական մանր-մունր ինտրիգներին: Համարձակություն ունեցեք տպագրելու այս խոսքերը. Վազգեն Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի անօրինական իշխանության առաջին զոհն է լինելու: Արքայադավությունը մեծագույն մեղք է, պարոն նախարար:
- Կներեք, բայց դուք չափազանց կտրուկ եք ձեր եզրակացություններում: Իսկ գուցե ամեն ինչ այնքան մռայլ չէ, ինչպես դուք եք ներկայացնում:
- Ես ընդամենը կատարում եմ իմ պարտքը Աստծո, Հայրենիքի եւ հայ ժողովրդի առջեւ: Ես ինձ ռազմաճակատում զոհված որեւէ մեկից ավելի լավը չեմ համարում: Եթե Վարդանն ու Թաթուլը չկան՝ ես ինչո՞ւ պետք է լինեմ: Իսկ եթե կամ, ուրեմն պարտավոր եմ ռազմաճակատի իմ հատվածը պաշտպանել այնպես, ինչպես նրանք պաշտպանեցին իրենցը: Սա պատերազմ է, մեծ պատերազմ, ուր լուծվում է իմ ժողովրդի լինել-չլինելու խնդիրը: Ցավում եմ, որ հայրենասիրությունն ու հանուն հայրենիքի գիտակցությունը այսօր իջեցված է մեծ ու փոքր «բուտկաներին» տնօրինելու ցանկության մակարդակին: Ցավում եմ, որ զանգվածաբար դադարում ենք քրիստոնյա լինել եւ Համայն Հայոց Կաթողիկոսի դիրքում անգամ կարող ենք Տիրոջ ու նրա պատվիրանների դեմ գնալ: Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստան ունենալու համար մեզ ոչ միայն նացիոնալ-սոցիալիստական կառավարություն չէ պետք, այլեւ նացիոնալ-սոցիալիստ կաթողիկոս:
Համարձակություն գտեք տպագրելու. Վեհափա՛ռ, ինքնամոռացության, թե մեկ այլ բանի արդյունք է սա, որ մոռանում եք, որ քրիստոնեական հոտի՛ հովիվն եք Դուք, այլ ոչ արյունռուշտ կռապաշտների: Չե՞ք վախենում արդյոք, Վեհափառ, անարժան գտնվել Աստծո Արքայությանը, երբ Ուսմունքին հակասող դրույթներ եք առաջադրում Արցախի ու Հայաստանի հավատացյալներին:
Շրջան, 04.03.98



