Ասացի՝ չգրեմ, բայց տեսնում եմ, որ քննարկումները երիտասարդ նախարարների մասով շարունակվում է.
1. Միանգամայն բնական է մարդկանց/լրագրողների հետաքրքրությունը, թե որ ոլորտում ու նախարարությունում ով է նշանակվում. մարդկանց սպասումներն իրոք բարձր են, փոփոխություններ տեսնելու փափագն էլ՝ մեծ:
2. Մարդկանց մոտեցումներին, գաղափարներին, աշխարհաճանաչողությանը ծանոթանալու շատ հայտնի եղանակներ կան. հոդվածներ, գրքեր, որոնք նրանք են հեղինակել, ելույթներ, որոնք ունեցել են, ծրագրեր, որոնք հրապարակել են, հարցազրույցներ, որ տվել են, և այսպես շարունակ:
3. Եթե այս ամենը չկա, դա քննարկողների մեղքը կամ մեղավորությունը չէ. միանգամայն բնական է, որ լրագրողները, հասարակությունը գոնե փորձում է ծանոթանալ նրանց ստատուսներին, գրառումներին, մեկնաբանություններին: Վերոնշյալ հանգամանքներին ծանոթանալու միակ աղբյուրը որոշ նախարարների դեպքում սա է, ցավոք: Քննարկողները մեղավոր չեն, որ նրանց մտքերին ծանոթանալու որևէ այլ այլընտրանքային եղանակ հայտնի չէ:
4. Մարդիկ չեն քննարկում՝ նրանք մաքուր են, ընկերական են, լավն են, ազնիվ են ու նման անձնական որակներ, թեպետ դրանք էլ կարևոր են: Մարդիկ ուզում են հասկանալ՝ ինչպես են տեսնում նրանք աշխարհը, Հայաստանն ու նրա խնդիրները, ինչ առաջադեմ գաղափար ու մոտեցում ունեն, ինչին են դեմ կամ կողմ: Վատ բան են ուզո՞ւմ: Ոչ:
5. Վստահ եղեք, եթե այդ մարդիկ որևէ պոտենցիալ ունեն, անկախ նրանից՝ քննադատության են արժանանում հենց առաջին օրվանից թե 100 օր անց, նրանք զարմացնելու են բոլորին, թերահավատներին, քննադատներին: Միշտ այդպես է՝ եթե սպասումներդ մեծ են՝ հիասթափություններդ էլ մեծ են լինում, կամ եթե ոչինչ չես սպասում, բայց արդյունքում անսպասելին են տեսնում՝ հիացմունքդ էլ մեծ է լինում: Հետևաբար, մի մտածեք հնչող քննադատությունների մասին: Եթե այդ կադրերը ապացուցելու բան ունեն, ապացուցելու են:
6. Իսկ եթե ընդամենը կավ տղաներ ու աղջիկներ են, ասած՝ ազնիվ, մաքուր, ընկերական, բաց և այլն, ապա, կներեք, դա նախարար լինելու ու մնալու համար քիչ է, սարսափելի քիչ:
7. Թույլ տվեք, որ այդ մարդիկ սովորեն նաև քննադատությանը, մտածեն, թե ինչ անեն, որ բարձրացնեն իրենց հանդեպ հանրային հետաքրքրությունը: Այլապես հետո նրանք էլ կրկնելու են հայտնի սխալը՝ "ձեր արածը բոշայություն է" կարգի գրառումներին պատասխանելու են՝ "բոշան դու ես": Թույլ տվեք, որպեսզի նրանք կայանան որպես հանրային գործիչ:
8. Ես Հայաստանում քիչ մարդ գիտեմ, նրանց թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ում հասցեին ինչ քննադատութուն կամ հայհոյանք ասես չեմ կարդացել: Նիկոլ Փաշինյանը միայն գործ անելով ապացուցեց, որ կարող է, հնարավոր է, ու անող է: Հազար անգամ ասացի՝ նայեք նրա դեպքին, եզրակացություններ արեք ու օրինակ վերցրեք:
9. Այս "թողեք աշխատի/աշխատեն" կարգի գրառումներն արդեն հիասփափեցնում են: Որոշ ռեակցիաներ տեսնելուց հետո երբեմն սարսափում եմ, որ ավելի ետ գնանք: Մի արեք: Դուք դեռ հավանաբար չեք գիտակցում նման հոսանքի տխուր հետևանքները բոորիս համար:
10. Շուտով կառավարության ծրագիրն է ներկայացվելու: Ուզեք-չուզեք, այն ամենայն մանրակրկիտությամբ քննարկվելու է, ոլորտ առ ոլորտ: Այո, քննադատությունների տարափ էլ է հնարավոր: Ու հենց այդտեղ է, որ ամեն նախարար հնարավորություն է ունենալու ապացուցել, որ ինքը կարող է, արժանավոր է:
Այնպես որ, եթե ինչ-որ բան կարելի է ասել, դա այս է՝ սպասեք, տեսնենք, թե ինչ ծրագիր է ներկայացնում, ինչ խնդիրներ է դնում սեղանին լուծելու ու ինչպես: