Ահավոր ամբիցիոզ և նպատակասլաց Միխայել Տուխաչևսկին 24 տարեկանում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, 1915-ին գերի է ընկել, 1917-ին՝ փախել Ռուսաստան։ 1918-ին մտել է կարմիր բանակ։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ եղել է արևելյան ռազմաճակատի 1-ին, հարավային ռազմաճակատի՝ 8-րդ բանակների, արևելյան ռազմաճակատի՝ 5-րդ բանակի (որը մյուս բանակ ների հետ հաջողությամբ կռվել է գեներալ Կոլչակի զորքերի դեմ Ուրալն ու Սիբիրն ազատագրելու համար) հրամանատար։ Կովկասյան ռազմաճակատի զորքերի հրամանատարն էր դենիկինյան զորքերի ջախջախման ժամանակ, արևմտյան ռազմաճակատի հրամանատարը (1920-21)՝ սովետա-լեհական պատերազմում, 7-րդ բանակի հրամանատարը՝ Կրոնշտադտի խռովության ճնշման (1921-ի մարտ) և ջախջախման (1921-ի ապրիլ-մայիս) ժամանակ։ Քաղաքացիական պատերազմից հետո գործուն մասնակցություն է ունեցել 1924-25 թվականների ռազմական ռեֆորմին։ Եղել Է ԲԳԿԲ ռազմական ակադեմիայի պետ (1921), արևմտյան ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1925-28-ին՝ ԲԳԿԲ շտաբի պետ, 1928-31-ին՝ Պետերբուրգի ռազմական օկրուգի զորքերի հրամանատար, 1934-ից՝ Տուխաչևսկին եղել է պաշտպանության ժողկոմի տեղակալ, 1936-ից՝ պաշտպանության ժողկոմի առաջին տեղակալ և մարտական պատրաստության վարչության պետ։
Մարշալը մեծ դեր է խաղացել կարմիր բանակի տեխնիկական վերազինման, զորքերի կազմակերպական կառուցվածքի փոփոխման, նոր զորատեսակների և զինված ուժերի տեսակների (ավիացիա, մեքենայացված և օդա-դեսանտային զորքեր, ռազմածովային ուժեր և այլն) զարգացման, բանակի հրամանատարական կազմի պատրաստման գործում։ Եղել է մի շարք ինքնուրույն ռազմական ակադեմիաների (մեքենայացման և մոտորավորման) ստեղծման նախաձեռնող։ Տուխաչևսկին մեծ ներդրում է կատարել ռազմավարության, օպերատիվ արվեստի, տակտիկայի և ընդհանրապես ռազմական գիտության մշակման մեջ։