Ճիշտն ասած՝ այս տոնական տրամադրությունները միանգամից ստվերում են ներքոգրյալ մի քանի հանգամանքի առկայությունը, որի մասին կուզեմ կարծիք հայտնել։

Նախ՝ առաջին անհասկանալի պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակման հարցն է, որը միմիայն դատական իշխանության տիրույթում է։ Այս հեղափոխությունը նրա մասին չէր, որ երկրի առաջին դեմքի հրամանով մարդիկ բանտարկվեն կամ ազատ արձակվեն, այս հեղափոխությունն արդարության հաստատման, ապօրինության բացառմանն էր ուղղված, և եթե նախկինում հրամաններով մարդիկ բանտարկվել են, ապա այդ գործերը պետք է քննվեն և արդարության (հանցակազմի բացակայություն, ուռճացված դատավճիռներ և այլն) հիման վրա կարճվեն կամ արդարացվեն։

Երբ դուք վարչապետից ակնկալում եք հրամանով դատապարտվածի ազատ արձակում, ապա պատրաստ եղեք նույն հրամանով բանտարկվելուն, դա աքսիոմատիկ ճշմարտություն է։

Հաջորդը Օսիպյանի անցյալի և ներկայի բախումը․ ձեր տարակարծությունները նույնպես անհանգստացնող են, ինչքան էլ որ փորձեմ դրանք ընկալել էմոցիոնալ հարթության մեջ։

Նշեմ, որ ինձ համար հեղափոխություններն ասոցացվել են բոլշևիզմի հետ, դրա համար միշտ խուսափել եմ այդ եզրույթից, բայց մեր/ձեր բոլորիս կատարած հեղափոխության հիմքում սիրո, համերաշխության մթնոլորտն էր, որը հետագայում կգրվի հեղափոխական դասագրքերում որպես բացառիկ, ուսուցանելի և, ինչու չէ, նաև նախանձելի։ Հայաստանյան հետհեղափոխական մթնոլորտում «ցարը և իր ընտանիքը» չպետք է գնդակահարվեն, քանի որ կրկնեմ՝ սա բոլշևիզմ չէ, սա մեր/ձեր կամքի արտահայտությունն էր փողոցում, որի հետևանքով հաղթեց մեր/ձեր թեկնածուն, որով հիմք պետք է դրվի հանդուրժողական, փոխադարձ հարգանքի, քաղաքացիական և պետական մշակույթի ձևավորմանը։

Քրիստոնեական և/կամ համամարդկային հիմնարար սկզբունքներից է ներելը, ներել, եթե կատարվածի հետևանքով անդառնալի կորուստ չի եղել, եթե կա հնարավորություն կորուստը վերականգնելու, ուղղակի կամքի հարց է, թեկուզ և դժվար։ Օսիպյանը, ես, դուք և մնացածն ունեն իրավունք ներման թե՛ հասարակության կողմից և թե՛ անձնական տիրույթում, մարդուն պետք է տալ ներման և սխալն ընդունելու հնարավորություն, որպեսզի հարաբերությունը չվերածվի ջունգլիականի։

Խնդրում եմ՝ մտորեք, համբերեք և ամենակարևորը՝ պահային էմոցիաները կողքի դրեք։

Կներեք երկար գրելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել