ԱՄՆ նախագահ Դ․ Թրամփի՝ միջուկային համաձայնությունից դուրս գալու հայտարարությունից հետո իրանական ամենատարբեր մակարդակի քաղաքական և ռազմական գործիչները հայտնել են իրենց անձնական և պաշտոնական կարծիքները, հնչել են թե՛ էմոցիոնալ, թե՛ սթափ, թե՛ ծաղրական կոչեր, կարծիքներ, վերլուծություններ և ելույթներ։ Իհարկե, բոլոր խոսքերը, վերլուծությունները, պաշտոնական տեսակետներն էլ կարևոր են, բայց դրանցից հատկապես մեկը գրավել է ուշադրությունս։
Այսպես՝ ԻՀՊԿ հրամանատարներից մեկը՝ բրիգադի գենարալ սեյեդ Աբդոլռահիմ Մուսավին, ի թիվս այլ հարցերի, նաև նշել է․ «Հաշվի առնելով թշնամիների սպառնալիքները՝ մենք պետք է ավելացնենք և բարձրացնենք մեր պաշտպանունակությունը, պատրաստվածությունը և հատկապես մեր զինվորի մարտունակության մակարդակը, քանի որ նա է մեր ժողովրդի ու երկրի անվտագության հիմնական երաշխիքը»։
Այս նույն խոսքերը հեշտությամբ կարող ենք պրոյեկտել նաև Հայաստանի (նկատի ունեմ՝ Արցախն էլ հետը) վրա, քանի որ մեր ժողովրդի ու երկրի անվտանգության հիմնական երաշխիքն էլ եղել է, կա ու կլինի միայն ու միայն սեփական զինվորը։