Armenpress.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնության նախագահին շնորհակալություն է հայտնել Հայաստանի ներքաղաքական ճգնաժամի ընթացքում ՌԴ հավասարակշռված դիրքորոշման համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով վարչապետի ֆեյսբուքյան գրառումը, այս մասին նա Վլադիմիր Պուտինին հայտնել է մայիսի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում: « Մենք շնորհավորանքներ փոխանակեցինք եւ քննարկեցինք մի շարք ընթացիկ հարցեր»,-նշել է Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ պայմանավորվել են քննարկումը շարունակել Սոչիում՝ ԵԱՏՄ գագաթաժողովի շրջանակներում:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները երկուստեք պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ աշխատանքը հայ-ռուսաստանյան ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման և ինտեգրացիոն գործընթացների խորացման ուղղությամբ: 
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ջերմորեն շնորհավորել է ՌԴ նախագահին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ պետական գործունեության իրականացման մեջ: Հայաստանի վարչապետը նաև շնորհավորել է Ռուսաստանի նախագահին Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 8-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 59 կողմ, 42 դեմ ձայներով ընտրվեց, ապա Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվեց ՀՀ վարչապետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել