Բոլորս էլ գիտենք, որ դիմացինին վիրավորելն ու ահաբեկելը բացասական ազդեցություն է ունենում նրա վրա։ Բայց գիտեի՞ք, որ վիրավորանքի նկատմամբ շատ զգայուն են ոչ միայն մարդիկ ու կենդանիները, այլ նաև բույսերը։

Օրեր առաջ IKEA-ն ամփոփեց իր կատարած հետաքրքիր փորձը, որը նպատակ ուներ ապացուցելու, որ խոսքը մեծ ուժ ունի և ազդում է անգամ բույսերի վրա։

Փորձի շրջանակներում մի սենյակում երկու նույնատիպ բույսեր տեղադրվեցին։ Առաջին բույսին երեխաները 30 օր շարունակ պետք է վիրավորեին, ահաբեկեին, վատ խոսքեր ասեին, իսկ երկրորդ բույսին դրական ու լավ խոսքեր ասեին, գովաբանեին։

Այս ողջ ընթացքում շատերը թերահավատորեն էին մոտենում այդ ամենին, անգամ ծաղրում նրանց, ովքեր «խոսում էին» բույսերի հետ: Բայց, ի հակադրություն նրանց, հետազոտողներն այլ բան պարզեցին։

30 օր հետո ամփոփվեցին արդյունքները։ Առաջին բույսը, որին պարբերաբար բացասական խոսքեր էին ասել, շատ վատ վիճակում էր՝ թոշնել էր, տերևների մի մասը դեղնել էին, իսկ երկրորդ բույսը, որը միայն դրական խոսքերի էր արժանացել, շատ թարմ վիճակում էր, փարթամ տեսք ուներ։ Ի դեպ՝ նրանք երկուսն էլ պահվել էին նույն ջերմաստիճանային պայմաններում, ստացել նույն խնամքը, ինչպես նաև նույն քանակությամբ ջուրը։

Իրականում այս փորձի հիմնական նպատակն էր երեխաներին ցույց տալ, թե ինչ է կատարվում մարդու հետ, երբ վիրավորում ես նրան, այդ պատճառով էլ փորձի անմիջական մասնակիցները հենց երեխաներն էին։ Հեղինակները բավարարված են և հույս ունեն, որ այս փորձի արդյունքների շնորհիվ աշխարհում բոլոր մարդիկ վերջիվերջո կհասկանան, որ չի կարելի վիրավորել ու ահաբեկել դիմացինին, և փոխարենն ավելի լավ է դրական խոսքեր ասել միմյանց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել