Կառավարության ամբողջ նշանակումից մամուլը քննարկում է բացառապես Յուրի Վարդանյանի նշանակումը: Ոչ այն պատճառով, որ Յուրի Վարդանյանը ԲՀԿ-ական չէ: Եթե ինչ-որ մի ուղղակի բյուրոկրատի նշանակեին, ապա նույն մամուլը այդ մասին կգրեր ձեռի հետ: Յուրի Վարդանյանի անձը կարևոր է մեկ այլ հանգամանքով. չնայած նա չի թաքցրել իր համակրանքն ու աջակցությունը ՀՀ նախագահի նկատմամբ, բայց բոլորը գիտեն` նա չափազանց ինքնուրույն, անկախ ու անկառավարելի մարդ է: Նույնիսկ քաղաքականապես ամենաանպատեհ ժամանակ նա չի եղել դիվանագետ, քննադատել է սպորտի ոլորտը, երբ թվում էր, թե հենց այդ պահին դա այդքան էլ կարևոր չէ ու տեղին: Յուրի Վարդանյանը նաև չափազանց կայացած, ինքնաբավ, ֆինանսապես ապահովված անձնավորություն է, ու դժվար է պատկերացնել, որ լեգենդար մարզիկը ասենք 3000 դոլար կաշառք վերցնի: Այդ իմաստով բոլորին է հետաքրքիր, թե նորանշանակ նախարարը ինչ կանի: Պարզ է, որ առաջին քայլերը, առաջին հարցազրույցները հնարավոր է չտեղավորվեն համընդհանուր քաղաքական կուլտուրայի ու ժանրի կանոնների մեջ: Այդ իմաստով նա նախարար-անակնկալ է: Կարող է և լավ աշխատել, կարող է և տապալել: Բայց անկախ ամեն ինչից, նրա նշանակումը ռիսկային ու հետաքրքիր կադրային որոշում է: Ուղղակի այս կառավարության կազմում նա միակն է: Ուրիշ նախարար-անակնկալներ չկան: Մինչդեռ հասարակությունը հենց դա էր սպասում: Անսպասելի նոր կադրեր, որ գուցե ռիսկային թեկնածուների լինեին, որ հաջողությունը 50/50 լիներ, որ մամուլը բաժանվեր երկու ճամբարի` կարող է, չի կարող, բայց այդքանով հանդերձ, թեկնածուներ, որ ոլորտի գիտակներ են, անկաշառ անձնավորություններ, բացարձակ հեղինակություններ ու քաղաքականապես հավատարիմ, գաղափարապես` զինակից, բայց ոչ կանխատեսելի ու կառավարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել