Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցային գործընթացում դադար է Հայաստանում ծավալվող իրադարձությունների պատճառով: Այդ իրավիճակի վերաբերյալ նման տեսակետ է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով` «Հայաստանը հիմա ոչ հեշտ քաղաքական ժամանակներ է ապրում» և «պետք է սպասել, երբ քաղաքական իրավիճակը վերջնականապես կկայունանա, երբ ժողովուրդը, քաղաքական ուժերը, քաղաքական շարժումները (մենք հուսով ենք՝ իրավական սահմանադրական դաշտում) որոշակիություն կունենան ղեկավար օրգանների կազմում»: Զախարովայի կարծիքով` ի հայտ կգան «բոլոր հնարավորություններն արտաքին քաղաքական խնդիրների լուծման համար, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը»:
Մայիսի 8-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելու դեպքում պետք է կառավարություն ձևավորվի: Հայ իրավաբաններն ասում են, որ վարչապետի ընտրությունից հետո քաղաքական կոնֆլիկտի կողմերը նախաձեռնելու են խորհրդարանի լուծարումը: Սահմանադրության համաձայն` դա տեղի կունենա, եթե պատգամավորները երկու անգամ չհաստատեն կառավարության ծրագիրը: Դա «լավագույն ելքն է ստեղծված իրավիճակից․ դժվար է պատկերացնել իրավիճակ, երբ խորհրդարանական հանրապետությունում կառավարում է փոքրամասնության կառավարությունը, իսկ քաղաքական մեծամասնությունն ընդդիմություն է, որ սահմանադրական ճգնաժամի ուղիղ ճանապարհ է»: Շրջանառվող տեղեկություններով` արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կլինեն աշնանը: Բոլոր դեպքերում հաղորդվում է, որ պայմանավորվածություն կա դեռ իշխող ՀՀԿ-ի ու Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջև: Հետո կձևավորվի նոր կառավարություն․ դժվար է ասել` կոալիցիոն, թե միակուսակցական: Չի բացառվում, ավելի շուտ մեծ է հավանականությունը, որ ընտրարշավի ժամանակ կլինի կոշտ պայքար քաղաքական ուժերի ու դաշինքների միջև: Այսինքն` Լեռնային Ղարաբաղի կարգավորման բանակցություններում դադարը կարող է ձգվել մինչև տարեվերջ: Դադարի պատճառը Հայաստանում անցումն էր նախագահական կառավարումից խորհրդարանականի և արտահերթ նախագահական ընտրություններն Ադրբեջանում:
Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այնպես էլ կոնֆլիկտի կողմերը հետևում էին համընդհանուր համաձայնեցված կանոններին` բանակցությունները պահելով գաղտնի, թեպետ հրապարակավ ինչ-որ նոր գաղափարներ հնչում էին, որ քննարկվում էին բանակցային սեղանի շուրջ և պետք է դիտարկվեին ընտրություններից հետո: Իսկ հիմա ի՞նչ: Այս առումով կարևորագույն նշանակություն են ստանում Ադրբեջանի գործողությունները ստեղծված նոր իրավիճակում: Բաքուն իրեն խելամիտ է պահում և հիմքեր չի տալիս կասկածելու, որ փորձում է օգտագործել ՀՀ քաղաքական ճգնաժամը:
Այդ դրական գործընթացն ամրապնդելու համար Միջազգային ճգնաժամային խումբն առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խմբին ակտիվացնել իր ներկայությունը տարածաշրջանում, որ կոնֆլիկտի կողմերը «սխալ պատկերացում չկազմեն միմյանց մտադրությունների վերաբերյալ»: Այնուհանդերձ, Ադրբեջանի նախագահին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը գրում է, որ Բաքուն պետք է պատրաստ լինի, որ «Հայաստանում կարճաժամկետ հեռանկարում չարժի սպասել բանակցություններ վարելու իրավասություններով օժտված մեկին»: Դա` առաջին: Երկրորդ` «արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում ձևավորված կառավարությունը կսկսի բանակցությունները` առանց հաշվի առնելով գոյություն ունեցող մշակումները` առաջարկելով իր օրակարգը»:
Գլխավորը, որ Բաքուն ուժային լուծման չդիմելու ցանկություն ունի և հասկացնել է տալիս արտաքին քաղաքականության հնարավոր փոփոխության մասին: «Ես միշտ ասում եմ,- ճշտում է Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ կուսակցության նախագահ Հուդրատ Հասանգուլիևը,- որ Ադրբեջանը պետք է բանակցությունները վարի Ռուսաստանի հետ` նրա շահերը հաշվի առնելով: Որպեսզի մեզ տարածքային ամբողջականությունը վերականգնելու հնարավորություն տա, Մոսկվան պետք է վստահ լինի, որ տարածաշրջանից ամբողջությամբ դուրս չի մղվի: Այդ պատճառով բանակցությունները պետք է վարել Մոսկվայի հետ»: Այսպիսով` հայկական ցնցումները փոխում են իրավիճակը տարածաշրջանում, իսկ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը դառնում է ավելի «ակտիվ հաղորդակցվող անոթ» ոչ միայն Բաքվի ու Երևանի միջև: Անհրաժեշտ են նոր գաղափարներ ու նոր քայլեր բարդ իրավիճակից դուրս գալու համար:
Իրադարձությունների զարգացման այս տարբերակը վաղուց է եղել ու գործել, ու այնպես չէ, որ հայկական հեղափոխության պատճառով է Բաքուն փորձում Մինսկի խմբին զուգահեռ նոր ձևաչափ ստեղծել ու սեպարատ բանակցություններ վարել Մոսկվայի հետ: Պարզապես հիմա պատեհ պահ է Մոսկվայից առավել մեծ ընկալում ստանալ` համոզելով, որ Հայաստանը հեռանում է դեպի Արևմուտք, իսկ Ադրբեջանը պատրաստ է հանուն իր տարածքային ամբողջականության արտաքին քաղաքական շրջադարձ անել: Իրականում սա պարզամիտ հնարք է․ Բաքուն երբեք ամբողջությամբ չի կարող պոկվել Արևմուտքից տնտեսական կապերի պատճառով և քաղաքական ակնկալիքները չկորցնելու համար: Ճիշտ ինչպես Թուրքիան, որ լարախաղացություն է անում Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի միջև` փորձելով խաղալ Ռուսաստան-Արևմուտք տարաձայնությունների վրա: Էրդողանն այնքան է ուզում արժանանալ Արևմուտքի բարեհաճությանը, որ նույնիսկ «եղբայր Վլադիմիրի» պաշտոնակալության արարողությանը չի մասնակցելու: Հատկանշական է, որ Ալիևը փորձում է խաղալ ոչ միայն Ռուսաստանի, այլև ՀԱՊԿ երկրների հետ: Բոլոր դեպքերում առաջարկը շահեկան է նաև Մոսկվայի համար, որ մշտապես Ղարաբաղի հարցն օգտագործել է իբրև դագանակ Հայաստանի ինքնիշխանության դեմ: Որքան էլ տարօրինակ է, այս իրավիճակը շահեկան է հայկական կողմերի համար, որ հանգիստ կարող են բանակցությունները սկսել 0 կետից` ունենալով ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների աջակցությունը կամ գոնե համաձայնությունը: