Երեկ երեկոյան ռուսական հիմնական հեռուստաընկերություններն իրենց կիրակնօրյա վերլուծականներում անդրադարձ կատարեցին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններին։ Իհարկե, դրանք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական տեսակետներ չէին, բայց հետաքրքիր ինդիկատոր է, թե ինչպես է ռուսական վերնախավն ընկալում Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։ Իմ տպավորությունն այնպիսին էր, որ այս դեպքում ևս իրականության ամբողջական ընկալում այնտեղ չկա, առկա էր, այսպես ասեմ, Հայաստանը կորցնելու չհիմնավորված վախ, խոսվեց արևմտյան հիմնադրամների կողմից Հայաստան մտնող գումարների, ՀԿ-ներ ակտիվության մասին և այլն։ Ցավալին այն է, որ ռուսական վերլուծական կենտրոններ տեղեկությունները գնում են խիստ միակողմանի, ու նրանք ամենուր տեսնում են դավադրություն՝ ուղղված ռուսների դեմ։
Նախ՝ ժամանակն է, որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականությունը կառուցի մրցակցային հիմքերի վրա, այլ ոչ թե ամեն անգամ խոսի ընդհանուր անցյալի, Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի ու Հայաստանում իրականացված ներդրումների մասին և նուրբ շանտաժներ արվեն։ Բոլոր դեպքերում էլ կան ոչ պակաս ուժեղ հակափաստարկներ։ Օրինակ՝ Հայաստանից հազարավոր մարդիկ գնում են արտագնա աշխատանքի ու գումարներ են ուղարկում Հայաստան (այո, դա այդպես է), բայց մի՞թե այդ գումարներն ավելի շատ են, քան «Գազպրոմի», «Բիլայնի», հանքարդյունաբերության ոլորտներում ռուսական ընկերությունների վաստակած գումարները, որոնք, ըստ էության, դուրս են գալիս Հայաստանից, երկրորդ՝ մեր ընդհանուր պատմության ընթացքում կան բազմաթիվ էջեր, որտեղ ռուսական բանակի գործողությունները, մեղմ ասած, ընկալվում է որպես դավաճանություն հայերիս նկատմամբ։ Վառ օրինակ է Առաջին համաշխարհային պատերազմը, երբ ռուսներն ուղղակի հետ քաշվեցին Արևմտյան Հայաստանից՝ թողնելով տեղական ուժերին միայնակ հզոր թշնամու դեմ։ Ռուսաստանում ապրող ու մեծ հարստություն կուտակած հայերի մասին․ տղերք, նրանք ձեր երկրին տնտեսական ակտիվություն են հաղորդում ու դա մի ներկայացրեք որպես լավություն հայ ազգին, ի դեպ՝ նրանց մեծ մասն ավելի շատ ռուս է, քան հայ, և վերջապես, Հայաստանում ապրող ռուսներին մենք միշտ վերաբերվել ենք որպես հարազատ մարդկանց ու ոչ մի անգամ խնդիրներ չեն եղել։
Հիմա վերադառնանք մրցակցությանը․ տարիներ առաջ առիթներ ունեցել եմ գրելու այն մասին, որ ռուսական կապիտալը Հայաստանում չի կարողանում մրցակցել ամերիկյան, ֆրանսիական և այլ ընկերությունների հետ զուտ դրական ընկալման տեսանկյունից։ Շատ հասարակ օրինակ․ Հայաստանի ամենախոշոր ընկերություններից, օրինակ, «Գազպրոմը» կամ մինչև վերջերս լրիվ ռուսական էլցանցերը նույնիսկ իրենց սպասարկման կետերը չէին վերանորոգում, ու այնտեղ մտնելիս հիշում էիր սովետական տարիները՝ հին գույք, վատ սպասարկում և այլն։ Այս վիճակն իսկապես վատ էր անդրադառնում ռուսական ընդհանրական բրենդի վրա։
Ես կարծում եմ, որ ռուսական իշխանությունը պետք է սկսի շեշտը դնել հասարակության հետ աշխատանքի վրա՝ ի հաշիվ իշխանական վերնախավերի։ Ընդհանրապես, եթե տեսնում եք, որ ձեր դեմ Հայաստան գումար է մտնում, ապա տրամաբանական կլինի, որ դուք էլ գումար դնեք, բայց դրանք ոչ թե մեջ-մեջ արվի, այլ գնա նպատակային, իրականացվեն սոցիալական ծրագրեր և այլն։ Սա մրցակցություն է։
ՀԳ․ Ես խորապես համոզված եմ, որ հայ-ռուսական հարաբերությունները վատացնելու բոլոր փորձերն ուղիղ սպառնալիք են Հայաստանի կենսական շահերին, Ռուսաստանը համաշխարհային գերտերություն է, որի հետ հարաբերությունները պետք է խորացնել անընդհատ, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք։ Ի դեպ՝ ես չեմ տեսնում այդ հարաբերությունները վատացնելու որևէ փորձ։