Շիրակի պետական համալսարանի դիմաց մեկնարկել է դասախոսների և ուսանողների բողոքի ակցիան, որին միանում են նաև քաղաքացիներ։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը։

Ակցիայի մեկնարկին կազմակերպիչները նշեցին, որ պայքարելու են բուհում կատարվող անարդարությունների դեմ, և առաջին պահանջը Սահակ Մինասյանի հրաժարականն է։ Երկրորդ պահանջը ԿԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպումն է։

Նշենք, որ բուհի համակարգային խնդիրների ու ենթադրյալ հանցագործությունների մասին բարձրաձայնելու պատճառով որոշ ժամանակ առաջ ՇՊՀ-ի ռեկտորն ազատել էր դասախոսներ Գագիկ Համբարյանին ու Հովհաննես Խորիկյանին։ Երեկ պաշտոնից ազատվել է նաև պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը։

Անահիտ Ֆարմանյանն իր խոսքում ասել էր, որ ինքը հրապարակային պաշտպանել է բուհից անօրինաբար հեռացված դասախոսներ Գագիկ Համբարյանին և Հովհաննես Խորիկյանին, ինչից հետո էլ ռեկտոր Մինասյանը «վրեժ է լուծել» և իրեն էլ ազատել աշխատանքից: 

7 ամիս շարունակ մենք պայքարում էինք ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանի կամայականությունների դեմ, բայց մեզ ազատեցին աշխատանքից: Այս մասին հայտարարեց բուհից հեռացված դասախոս Հովհաննես Խորիկյանը:

Նա նշեց, որ ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը «բուհը ֆինանսական աղետի առաջ է կանգնեցրել»:

«Գումարները փոշիացվել են, բայց ռեկտորը բողոքներն անձնավորում է, իր թիկունքում գտնում է ինչ-որ մարդկանց: Նա չի կարող պատկերացնել, որ տղամարդը կարող է պայքարել բուհում կարգուկանոնի համար: Մենք պահանջում ենք, որ Սահակ Մինասյանը 2 ժամվա ընթացքում անհապաղ հրաժարական տա, իսկ կրթության ու գիտության նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանը գա այստեղ»,- ասաց նա:

Ամսական 350,000 դրամ փող են ստանում Շիրակի պետական համալսարանի ոչինչ չանողները: Այս մասին Գյումրիում ընթացող ցույցի ժամանակ հայտարարեց բուհից հեռացված դասախոս Գագիկ Համբարյանը:

«Ֆինանսական հաշվետվությունից պարզվում է, որ բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը իր դիզելային գեներատորը, որը չէր կարողանում վաճառել, վաճառել է բուհի վրա՝ 14 միլիոն դրամով: Նա ֆուտբոլային թիմ է պահում բուհի հաշվին, որի ճանապարհային ծախսերը 2 միլիոն են, բայց ինքը ուսանողներին 300,000 դրամ չտվեց, որ մասնակցեն Արցախում կայացած գիտաժողովին»,- ասաց Գ. Համբարյանը:

Ըստ նրա՝ 240 միլիոն դրամից ավելի վնաս է հասցվել բուհին:

Քիչ անց ցույցի մասնակիցների մոտ իջավ բուհի ռեկտորը՝ Սահակ Մինասյանը, նա փորձեց խոսել, ելույթ ունենալ, բայց նրա խոսքն անընդհատ ընդհատվում էր «Ամոթ», «Հեռացիր» վանկարկումներով:

Գագիկ Համբարյանը Մինասյանին անվանեց «հանրաճանաչ, կլասիկ կաշառակեր»: Իսկ երբ ռեկտորն ասաց, որ ինքը լինելով ՀՀԿ-ական, բուհը քաղաքականացնելու առումով ոչինչ չի արել, ցուցարարները սկսեցին բղավել. «Ամոթ, ամոթ, այդպես չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել