Երբ Չերչիլը առաջին անգամ մտավ Լորդերի պալատ, նրա առաջին խոսքերն էին` «Տեր Աստված, ես ի՞նչ եմ անում այս հարգարժան մարդկանց մեջ», իսկ մի քանի տարի անց նա, մտնելով նույն պալատ, հնչեցնում է`«Տեր Աստված, ի՞նչ են անում այս մարդիկ իմ կողքին...»:
Յուրաքանչյուր հաղթանակ իր հասցեատերը ունի: Այս հոդվածում ես կփորձեմ վերլուծել, թե ինչպես անդրադարձավ Հանրապետական երիտասարդական թևի գործելաոճը ՀՀԿ-ի մարտունակության և կենսունակության վրա: Այստեղ ես ամենևին էլ չեմ պատրաստվում ասել, թե նրանց աշխատանքը, գործելաոճը ինչ օգուտ է բերում ժողովրդին, խնդիրը այլ է՝ հասկանալ, թե ինչ դեր խաղացին նրանք կուսակցության մեջ, զուտ կուսակցական չափանիշներով և տեսանկյուններով: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ անկյունից է գրված այս հոդվածը, նախապես ասեմ` ես ՀՀԿ-ից չեմ և նրանց ձայն չեմ տվել ոչ մի ընտրությունների ժամանակ, կարող եմ նույնիսկ ասել, որ իմ բազմաթիվ հոդվածներում ես անընդհատ քննադատել եմ վերջիններիս: Սակայն, ինչպես կասեր Սերժ Սարգսյանի տատիկը, մենք այս թեմայի մասին չպետք է խոսենք այսօր...: Եվ այսպես, ՀՀԿ-ի երիտասարդ թիմ` այս մարդիկ իրենց էներգետիկայով, իրենց ոչ օրդինար քայլերով միանշանակ նոր շունչ բերեցին հանրապետականներին: Իհարկե, նրանց հետ միասին երևան եկավ այնպիսի երևույթ, որը կոչվում է քաղաքական «ցինիզմ»: Եկեք հիշենք՝ ում անուններն էին անընդհատ հիշատակվում մամուլում բոլոր ֆորմատի ընտրությունների ժամանակ`Շարմազանով, Աշոտյան, Ավագյան, Ֆարմանյան, Զաքարյան: Եկեք հիշենք, թե ինչպիսի էներգետիկա էին դուրս թափում այս մարդիկ սկսած Ֆեյսբուքում իրենց ակտիվությամբ, վերջացրած ամբիոններից հնչեցվող ելույթներում: Նրանք մի նպատակ էին հետապնդում՝ կոտրել կուսակցական դասական ոճը և քայլել ժամանակի հետ: Սկզբից նրանց կուսակցության մեջ երկրորդական դերեր էին հատկացված, բայց հետո աստիճանաբար նրանք կարողացան ինտեգրվել Սերժ Սարգսյանի նեղ «կրուգ»: Այսպիսով, նրանց տեղ տալով, Սերժ Սարգսյանը միանգամից մի քանի խնդիր լուծեց`
1. Ցույց տվեց, որ հանրապետականներին բնորոշ է շարժվել ժամանակի հետ,
2. Այս երիտասարդների քաղաքական կեցվածքը ավելի ըմբռնելի էր երիտասարդների համար,
3. Հին կուսակցականները հասկացան, որ իրենց ամբիացիաները առաջ տանելով նրանք հեռու չեն գնա, քանզի այդ նույն իրենց արած գործը ավելի նոր ֆորմատով կանեն այս երիտասարդները,
4. Նրանց անմիջական շփվելը մարդկանց հետ ավելի նպատակահարմար էր նայվում հասարակության կողմից, քանզի, եթե նրանք սխալվում էլ էին, ապա բոլորը դա վերագրում էին իրենց երիտասարդ լինելուն,
5. Նրանց բնորոշ էր պահպանելով հին խաղի կանոնների խաղալ նոր խաղի կանոններով:
Հարգելի ընթերցող, այսօր ինձ էլ է տարօրինակ թվում ՀՀԿ-ի մեկ փայլուն հաղթանակը մյուսի հետևից, և ես այդ գործոնի մեջ չեմ բացառում գումարի դերը, բայց 100 տոկոս ամեն ինչ վերագրել միայն գումարին, դա էլ այդքան ճիշտ չէ: Այս երիտասարդական թիմը քաղաքական իր թարմությամբ նոր լիցք հաղորդեց ՀՀԿ-ին, իհարկե նրանք շատ անգամ թույլ են տալիս այնպիսի սխալներ, որոնք շատ թանկ են նստում մեր երկրի վրա, բայց իրենց կուսակցության համար նրանք անփոխարինելի են դարձել որպես շարժիչ ուժ, և Սերժ Սարգսյանի շախմատային ամենամեծ քայլը հենց այս երիտասարդներն էին...



