Տիգրան Հայրապետյանը ծնվել է Երեւանում: 1964 թվի մարտի 18-ին, առավոտյան արեւի առաջին շողերի հետ: Կապուտաչյա, շիկագանգուր մազերով, զարմանալի դատողությամբ ու բնատուր խելքով օժտված մանուկը միշտ զարմացրել է շրջապատին, իսկ այդքան վաղ հասակից դրսեւորված հակումներն ու նպատակաուղղվածությունը` նույնիսկ վախեցրել է ծնողներին: «Ուզում եմ կեսար դառնալ» - մանկական վառ երեւակայության մեջ տպավորված հեքիաթային հերոս-ասպետների հետ նույնացումը զիջել է պատմական հերոս-կերպարներին նմանվելու պատանեկան երազանքներին - «ուզում եմ կեսար դառնալ» - ինքնագիտակցության աստիճանական արթնացմամբ եւ մտածողության ձեւավորմամբ` հաղթական փայլի ու փառապանծ շքեղության տակ թաքնված ահռելի կամքի եւ գերմարդկային ուժի դրսեւորման, դաժան եւ արյունալի իրականության հեռանկարի ճանաչումը չի փոխել նրա կարծիքը, - «ուզում եմ կեսար դառնալ» - արդեն տարիների փորձառությամբ կուտակած իմաստությամբ այդ ճակատագրի ողջ ծանրությունն ու պատասխանատվության ահավոր բարձր աստիճանը գիտակցելով եւ ցանկացած զոհաբերության պատրաստ զինվորի հանդգնությամբ կրկնում էր նա:
Եւ միայնակ, իր սենյակում խաղում էր իր հորինած խաղը` քաղաքականությունը: Շարում էր շախմատի ֆիգուրներն ու անագե զինվորիկները աշխարհի քարտեզի վրա ու վարում էր պատերազմներ, մշակում ճակատամարտերի մոդելներ, գրավում էր քաղաքներ, վերաձեւում երկրների սահմաններ: Հետո ռադիո էր լսում` միջազգային լուրեր, ավելի ուշ սկսեց հետաքրքրվել ընդհատակյա հայրենասիրական-ազգային խմբակներով եւ գրել` տասնհինգամյա պատանու առաջին խոհափիլիսոփայական փորձերը…

Նույն նպատակասլաց համառությունն է և, որ նրան չորս ամառ շարունակ բերում է Համալսարանի Արեւելագիտության ֆակուլտետի ընդունելության քննություններին. Խորհրդային բուհական համակարգում քաղաքական գիտության իսպառ բացակայության պայմաններում քաղաքականությամբ զբաղվելու ` իր համար միակ հնարավոր եւ իրականանալի ճանապարհը: Ճանապարհ, որի դատապարտվածությունը նա հետո կներկայացնի «Առանց սեքսի եւ քաղաքականության» հոդվածում: Ուսանողական առաջին տարիներին Տիգրանի պահվածքն ու խավային պատկանելության որեւէ պայմանականության կնիքի բացակայությունը նրա անձի շուրջ ձեւավորել էր խորհրդավորության շղարշ, որն ընդգծվում էր նաեւ իր յուրօրինակ ու տպավորող արտաքինի շնորհիվ: Հայտնվում էր կարճ ժամանակով` մասնակցելու միայն այն առարկաների դասախոսությունների, որոնց կարեւորություն էր տալիս: Տեղ գրավելով լսարանի հետին շարքերում` լուռ գրառումներ էր կատարում, առանձնահատուկ ցանկություն չցուցաբերելով մասնակցելու լսարանի ներսում եւ նրանից դուրս ընթացող խոսակցություն – վիճաբանություններին: Համալսարանի պատերի ներսում եւ նրանից դուրս Տիգրանն ուներ իր շրջապատը: Շատ հաճախ նրան կարելի էր հանդիպել համալսարանի միջանցքներում եւ մերձակա սրճարաններում, շրջապատված մտերիմներով, որտեղ նա բոլորովին այլ դերում էր: Դժվար չէր նկատել, որ նա շրջապատի ոգին էր: Երկնավառ ու կենսախինդ աչքերը, շանթարկիչ հայացքը, հեռարձակվող հոգեկան ջերմությունն ու ներգործուն խոսակցական առոգանությունը մագնիսկան դաշտ էին ստեղծում ներկաների շուրջ: Իսկ շրջապատը խայտաբղետ էր` արտասահմանցիներ – սփյուռաքահայերից եւ բուհական կերպարներից մինչեւ բանվորական ծագումով երիտասարդներ ու մտավորական գիտունիկներ: Գիտակցու՞մ էր արդյոք նա այդ ժամանակ, որ հաճելի ժամանցի հետ մեկտեղ ապագա հրապարակախոսի ու համազգային ակտիվ գործչի հետ մեկտեղ ապագա հրապարակախոսի ու համազգային ակտիվ գործչի դպրոց էր անցնում:

Տիգրանն աշխատել էր սկսել 16 տարեկանից` ժամանակից շուտ հասունացումը նրա համար անընդունելի էր դարձել ծնողական խնամակալության շահարկումը: Չկար ծանր ու անհարգի աշխատանքից խորշանքը, ինչպես եւ չկար բեռներ տեղափոխելու կամ շինարարական-վերանորոգչական օգնության համար ծանոթների խնդրանքից հրաժարվելու գոռոզամտությունը: Իսկ երկրաշարժից հետո ամիսներ շարունակ նրա հիրավի անձնազոհ գործունեությունը դեռ երկար կմնա ավերված Սպիտակի բնակիչների հիշողության մեջ…
Ապշեցուցիչն այն է, որ տարիքից շուտ բաժին հասած դժվարությունները չէին ապականում ու պարանոցում Տիգրանի լազուր ու վառ ներաշխարհը, այլ ավելի էին հղկում  ու բյուրեղացնում այն, կոփում դիմադրողականությունը: Հանրային արդարության հանդեպ հավատի կորուստը երբեք տեղ չտվեց ատելության, չարության եւ մարդկային այլ արատներին: Ընդհակառակն, սերն ու կարեկցանքը մերձավորի հանդեպ, աներեւակայելի մարդասիրությունն ու բարությունը միասնական չափերի էին հասնում, եւ սա ցանկացած իրավիճակում Տիգրանի վարքագծի բացատրության կարեւոր բանալին է:
Սակայն որքան էլ «Հոգին իջնում է երբ ուզում է, որտեղ ուզում է եւ ում մոտ ուզում է», այնուամենայնիվ առանց պարարտ հողի որ մի սերմ չի ծլարձակվի: Կյանքում ամեն ինչ նախապատմություն ունի, Տիգրանի պարագայում դա ընտանեկան ժառանգությունն է եւ դաստիարակությունը, ջերմ, պարզ, ու բարի մթնոլորտով շնչեղ տունը, որ պատրաստ է ընդունելու եւ հարազատ օջախ դառնալու իր դուռը բացած ցանկացած մարդուն: Մայրը` հոգատար ու հոգառատ, անձնազոհ ու սրտաբաց տիկին Ֆրիդան, հայրը` ազատասեր ու արդարամիտ, ընկերապաշտ ու փափկասիրտ պարոն Արթուրը, եւ «աշխարհի ամենաբարի եւ իմաստուն անձը»` Նուբար տատիկը: «Տա´տ, ասում էիր. աղջիկ անարգել քանց եկեղեցի քանդել: Միամիտ տատ, այսօր… Բայց քո աշխարհի ու քո իմաստության հետ դա ի՞նչ կապ ունի… Թոշակովդ նոր հեղափոխությանը հաց էիր տալիս ու անդադար կրկնում, որ չարությամբ ավելի լավը չես ունենա: Այսօր թոշակով նույնիսկ քե´զ հաց չես առնի, տա´տ, բայց կրկնում ես, որ չարությունը շատ է, ու դրա համար էլ ժողովուրդը ուշքի չի գալիս»: Տատու եւ թոռան երկխոսությունն ամենեւին պարզ խոսքերի փոխանակություն չէր, այլ հիշեցնում էր մոգական ծես, որի միջոցով ավագ սերունդը կրտսերին էր փոխանցում հեռավոր նախնիների բնափիլիսոփայությունն ու իմաստությունը:
Խորհրդային զինապարտությամբ պարտադրված սիբիրյան երկամյա ծառայությունից հետո Տիգրանը Մեծ երկիր վերադարձավ 1986թ. ամռանը, կյանքի հանդեպ մի անհագ ծարավով, ընգծված սիրո զգացմամբ, յուրաքանչյուր պահի, մանրուքի գերգնահատման նոր իմաստավորմամբ` անսպառ եռանդով տրվելով ուսանողական կյանքի քաղցրություններին, յուրաքանչյուր նոր օրը լցնելով տարբեր հետաքրքրություններով եւ ուրախություններով:

1988 թվականի Ղարաբաղյան իրադարձությունների նախօրեին Տիգրանի մոտ ներքին անհասկանալի մտահոգությամբ ու լրջությամբ: Աներեւակայելի զարգացած բնածին կանխատեսությունը հուշում էր մոտալուտ մեծ տեղաշարժերի փոթորիկ, եւ նա չէր դադարում այդ մասին զգուշացնել շրջապատին:
Ղարաբաղյան շարժման ալիքը Տիգրան Հայրապետյանին հեղափոխության բեմահարթակ բարձրացրեց` վերջնականապես վճռելով նրա ապագա կյանքի ուղին: Խիզախությունը, որեւէ բռնության եւ ռեպրեսիայի նկատմամբ արհամարհանքը, ինքնապահպանման նորմալ բնազդի բացարձակ բացակայությունը եւ կարեւոր պահերին պատասխանատու որոշումներ ընդունելու եւ չընկրկելու կամքը, որ նա դրսեւորեց շարժման առաջին իսկ պահից, համախոհների փոքրաթիվ խմբի հետ, որոշիչ նշանակություն է ունեցել նորաբուխ շարժման հետագա ընթացքի համար: Ինչպես հաճախ է պատահում նման դեպքերում, հայկական հեղափոխության պաշտոնական պատմությունը չի արձանագրել ցույցերի երրորդ օրվա դեպքերի կարեւորությունը, երբ փետրվարի 22-ի վաղ առավոտյան Օպերայի հրապարակը շրջափակվեց անվտանգության գործակալաների հոծ շղթայով, եւ օդում կախվեց մոտակա հետապնդումների շունչը: Տիգրանին հաջողվեց ճեղքել համալսարանի ղեկավարության կողմից մուտքերի շրջափակումը եւ ուսանողների առաջին խմբի հետ ընթանալ դեպի Օպերայի հրապարակ: «Օրենքի պահապանների» հետ կոշտ դիմադրությունից հետո որոշում կայացվեց շրջել կենտրոնական բուհերով եւ մոբիլիզացնել ուսանողությանը, որի թիվը կարճ ժամանակում հարյուրից հասավ մինչեւ երկու հազարի, եւ շուտով հրապարակը ետ գրավվեց: Տիգրանը, որի հռետորական փայլուն ելույթը պարզապես գերեց ներկաներին, միաժամանակ բազմապատկելով ցուցարարների քանակը, բեմահարթակից իջավ միայն երեկոյան, երբ ժամանեցին ավագ ըներները:
Հետագա իրադարձություններում էլ նա շարունակում էր առանցքային դեր խաղալ, եւ պատահական չէ, որ ստացավ արդեն մարտ ամսին կազմակերպված քաղաքական բնույթ ստացած ուսանողական շարժումը ղեկավարելու գլխավոր մանդատներից մեկը: Այսպիսով, պաշտոնապես սրբագործվեց նրա մուտքը քաղաքական գործունեության ասպարեզ, որ անմիջապես նշանավորվեց կարեւոր նախաձեռնություններով ու ծրագրերով, կազմակերպչական ու կառուցողական բնույթի առաջարկներով ու դրանց իրագործմամբ: Մեր ժամանակների տարբեր հեղափոխությունների եւ ազատագրական պայքարների փորձի խոր ուսումնասիրությունն օգնում էր Տիգրանին շարժումն ինքնաբուխ զգացմունքային ընթացքից պրոֆեսիոնալ հունի մեջ կողմնորոշելու համար: Համոզված լինելով, որ առանց խորհրդային համակարգի վերափոխման Ղարաբաղի զուտ ազգային բնույթի խնդիրը չէր կարող որեւէ դրական լուծում ստանալ` նա ուսանողությանը կոչ արեց չաբավարավրել հրապարակային ցույցերով, այլ որդեգրել մտավորական պայքարի ռազմավարության եւ պայքարի ներուժը կետրոնացրել հասարակական բարեփոխումերի ծրագրի նախապատրաստման վրա, միաժամանակ մեծ նշանակություն է տալով շարժման «տեղեկատվական արտահանմանը» ԽՍՀՄ մյուս հանրապետություններ: Այդպես, արդեն մարտ ամսին Մոսկվա և Լենինգրադ մեկնեցին առաջին էմիսարները, և իրականցվեց հանրային դիվանագիտության առաջին ձեռնարկը` Երևանի համալսարանում անցկացվեց մեծ գիտաժողով, ԽՍՀՄ տարբեր շրջաններից ժամանած պատվիրակների մասնակցությամբ: Այնուհետև, ամռանը կազմակերպվեց Միության մի շարք մայրաքաղաքներով խաչաձև երթուղին, որ հնարավորություն տվեց անձնական կապեր հաստատել տեղի «ոչ ֆորմալ» կազմակերպությունների և շարժումների հետ, հայկական թեման հրապարակայնացնել հանրային ակցիաների և տեղեկատվական աղբյուրների միջոցով:
Ուսումնական տարեմուտի հետ նոր թափ ստացած Ղարաբաղյան շարժման ալիքը կրկին նավապետության կանչեց Տիգրանին ու իր ընկերներին` մակընթացությունների ու տեղատվությունների հորձանուտը նետվելու պատրաստ ուսանողական ակտիվի հետ… մինչև դեկտեմբերյան երկրաշարժը: Մոտ կես տարի Տիգրանը չհեռացավ աղետյալ գոտուց` իր ուսերին տանելով փրկարար-կամավորի բոլոր դժվարությունները և սրտում կրելով տուժած-տառապյալների ողջ ցավը, հոգին սնելովմերջավորի նկատմամբ կարեկցանքի ու սիրո խոր ապրումով, որ հետո պիտի բյուրեղի նման զնգացներ նրա գրչի կերտած ապարանքը:
Մայրաքաղաք վերադարձը նշանավորվոց «Արևելք»  կենտրոնի հիմնադրմամբ: Գիտակցելով տեղեկատվական-վերլուծական կառույցների և տեսական լուրջ հետազոտությունների կարևորությունը` դեռ շարժման առաջին ամիսներին Տիգրանը ձեռնարկել էր փաստագրական արխիվի ստեղծումը, որ կարևոր ծառայություն մատուցեց հանրապետությունից դուրս տարվող իրազեկման աշխատանքներին: Նույն գիտակցությամբ էլ կազմակերպվեց կենտրոնի գործունեությունը: Ապագա քաղաքական զարգացումները կանխատեսելու նրա ներքին ունակությունը հուշում էր, որ մոտ են այն ժամանակները, երբ Հայաստանը միջազգային դիվանագիտության մեջ պարզելու է ինքնուրույն նավարկության դրոշը, և կենտրոնի դերն այդ նոր նավի համար ներքին և արտաքին զարգացման հիմնադրույթների, կոնցեպցիաների մշակումն ու տրամադրումն էր: Սակայն հենց այդ ժամանակ էր, որ Արևելագիտական ֆակուլտետի ղեկավարությունը Տիգրանի և իր համախոհների թեկնածությունն առաջադրեց մեկ տարով մասնագիտական ուսումնառությունն արտասահմանում անցկացնելու համար: Ինչ խոսք, որպես գերազանց առաջադիմությամբ և ակտիվ դրսևորված ուսանողներ նրանք միանգամայն համապատասխանում էին այդ առաքելությանը, այնուամենայնիվ, այդ որոշման հիմքում կարելի է կռահել նաև կանխամտածված քայլ` որոշ ժամանակով ասպարեզից հեռացնել ամենաակտիվ «հեղափոխական-ուսանողներին»: Փորձությունն իսկապես դժվար էր` շարունակել հասարակական-քաղաքական կյանքը, թե ընդունել մասնագիտական վերապատրաստման կարևոր կուրս անցնելու` հազվագյուտ հնարավորությունը: Ի վերջո, ներքին համաձայնությամբ ընտրվեց երկրորդը` այն համոզմամբ, որ երրորդ աշխարհի երկրների փորձի կենդանի ուսումնասիրությունը անչափ էական դեր կարող է ունենալ Հայաստանում նոր հասարակարգ ու պետություն կառուցելու խնդրում: Բացի այդ, արտասահմանից բերած գրականությունն ու նյութերի հարուստ հավաքածուն դարձավ այն կարևոր հիմքը, որի հիման վրա «Արևելք» կենտրոնը ծավալեց ակտիվ հետազոտական- վերլուծական գործունեություն:
         1990 թվականի նոյեմբերին վերջնական խմբագրմամբ ենթարկվեց «Հայաստանի արտաքին քաղաքական զարգացման հիմնադրույթները» անվանմամբ փաստաթուղթը, սակայն դժբախտաբար, մի քանի ամիս անց ղեկավարների միջև հակասություններ ծագեցին ապագա մարտավարության և ռազմավարության շուրջ, որոնց արդյունքում Տիգրանը վճռեց թողնել կենտրոնը: Պահն իսկապես ճայկատագրական էր. Քաղաքական շարժումը, որին նա զինագրվել էր առաջին իսկ օրվանից, հասել էր իր նախահարցերի լուծմանը: Ղարաբաղի հայությունը դուրս էրեկել Բաքվի իշխանության դաշտից, Հայաստանում իշխանությունն անցել էր Ղարաբաղ կոմիտեին, ժողովրդավարությունը և հրապարակայնությունը դարձել էին կյանքի նորմա, և երեկվա զինակիցները և համախոհները, բավարարված շարժման առաջին փուլի հաջողություններով և արբեցած հաղթանակից ձեռք բերված արդյունքներով, հեղափոխությունն ավարտված էին համարում և պայքարը` անիմաստ: Սակայն Տիգրանի համար դա այդպես չէր: Նրա համար դժվար էր տեսնել և համակերպվել, թե ինչպես նոր պետություն ու հասարակարգ կառուցելու` չափազանց պատասխանատու հիմնահարցը հավասարեցվել էր առօրյա կենցաղային խնդիրների մակարդակին, և նորաթուխ հեղափոխականները համոզված էին, որ նույն դրությամբ, որով իշխանույթունը գրավեցին համայնավարներից, կկարողանան պետականություն կառուցել: Տիգրանը խոր տագնապ էր ապրում, որովհետև հստակ պատկերոցնում էր այն գինը, որ Հայաստանը կվճարի նոր իշխանությունների «Անհոգության վախկանալիայի» դիմաց: Սակայն բազմաթիվ նախազգուշացումներն ու ահազանգերն «ԼՂՀ-ի և պետականության խնդիրների ուղությամբ չտարվող աշխատանքների մասին» մնացին անարձագանք, և նրան այլ բան չէր մնում, քան ընդդիմություն դառնալ երեկվա գաղափարական զինակիցներին:
Շուտով կրկին ակտիվ ասպարեզ դուրս գալու հնարավորություն ստեղծվեց: 1991 թ. հունիսին հումանիտար տեխնոլոգիաների «Հայ-Համակարգիչ» կենտրոնի ղեկավարությունը փոխշահավետ համագործակցությունառաջարկեց` միջինարևելյան լեզուներով ամսագրի և հարակից տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ստեղծման դիմաց ընձեռնելով տեղեկատվական, հրատարակչականև հետազոտական աշխատանքները կազմակերպելու և ֆինանասավորելու հնարավորությունը: Այդպես ստեղծվեց «Հայաստան-ՄիջինԱրևելք» կենտրոնը, որի ծննդյան վկայականը ստորոգրվեց ԽՍՀՄ ժողովուրդների համար հիշարժան մի օր` օգոստոսի տասնիննին մոսկովյան հայտնի «պուչի» օրը, և մինչդեռ բազմաթիվ նախկին ու ներկա դիսիդենտ-հեղափախականներ «կարմիր տեռորի» մոտալուտ սպառնալիքից թաքնվելու ելքեր էին փնտրում: Տիգրանն իր գործընկերների հետ հանգիստ նշում էր ապագա բեղուն ու խոստումնալից գործունեության դռնբացը: Կարճ ժամանակում իր տանիքի տակ հավաքելով արտաքին ու ներքին քաղաքականության մասնագետների  հայաստանյան վերնախավը` կենտրոնը նմանվել էր մեղրի փեթակի, ուր բոլոր կողմերից հոսում էին տեղեկություններ և տեսական նյութեր, աշխատանքը եռում էր ստեղծագործական ողջ ուժով: Արդյունքները երկար սպասլ չտվեցին: Նույն տարվա սեպտեմբերին լույս տեսավ «Հայաստան-Միջին Արևելք» ամսագրի առաջին համարը` հասարակության ուշադրությանը ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքկան ուղղության բավական յուրահատուկ, բայց կառուցիկ ու միայնգամայն աշխատունակ ծրագրի գաղափարը`«Միջնարևելյան ընդհանուր տան» կառուցման հայաստանյան տարբերակը, որտեղ Հայաստանը հանդես կգար տարածաշրջանում ակտիվ քաղաքական նախաձեռնություն ունեցող երկրի դերով, դրանում տեսնելով ապագա ուժեղ պետության և միջազգային շրջանակներում ինքնուրույն քաղաքականություն վարող միավորի կառուցման հեռանկարը: Դրանից բացի, տպագրության հանձնվեցին մոտ մեկ տասնյակի հասնող մենագրություններ և ժողովածուներ տարածաշրջանային և ներքաղաքական հիմնահարցերի շուրջ: Սակայն կենտրոնի հիմնական նպատակ-աշխատանքը` պետության հետ համագործակցությունը ծրագրային առաջարկ-նախագծերի միջոցով, տարվում էր հրապարակայնությունից դուրս: Սխալ դրվում էին հանրապետության ղեկավարների գրասեղաններին, չէին արժանանում ուշադրության, սակայն արդեն 1992 թ. սկզբին պարզ դարձավ, որ բարձրագույն պատասխանատվությամբ ու ծայրահեղ մասնագիտական բծախնդրությամբ պատրաստված այդ փաստաթղթերտ վերածվում էին գրապիտույքային ինվենտարի, կամ հատվածաբար, անձնական նպատակներով շահավետորեն օգտագործվում էին առօրյա գործունեությանմեջ: Իսկ ամենացավալին այն էր, որ արտգործ նախարարությունը և մյուս գերատեսչություններն այդ ընթացքում գազանի բանակցություններ էին վարում կենտրոնի աշխատակիցներին հավաքագրելու նպատակով: Եվ ահա շուտով նրա հիմնադիր կազմը կրկին հայտնվեց «անապատում»:
Վերջնականպես համոզվելով այս ճանապարհի ամլության մեջ`Տիգրանը ճարահատյալ դիմեց իր մարտավարական  զինանոցի վերջին միջոցին` ողջ հասարակությանն ուղղված հրապարակային խոսքին` միանգամայն գիտակցելով, որ դրանով իր առաջ փակում է գործուն քաղաքականություն վարելու և իր կյանքի խնդիր դարձած ծրագրերն ու մտահղացումներն անձամբ իրականացնելու դռները: Ապրիլից նա սկսեց հանդես գալ «Ազգ» թերթում` ծրագրային հոդվածներով, իսկ հետո նաև որդեգրեց հրապարակախոսական ժանրը: Տիգրանի վերադարձը հրապարակախոսային գործունեության մեծ խանդավառություն առաջացրեց հասարակական կյանքում: Կարելի է ասել, որ այդ և հետագա երկու տարիները նրա մասնագիտական ճանաչման ու հասարական գնահատանքի բարձրակետն էին, չնայած, մյուս կողմից, մամուլում` պարբերաբար տպագրվելու փաստը նրան վերագրեց ավելի շատ լրագրող- հրապարակախոսի, քան քաղաքագետ – միջազգայնագետի համարում:
Մինչ այդ մութ ամպերն աստիճանաբար կուտակվում էին «Հայաստան - Միջին Արևելքի» երկնակամարում: Քաղաքական «հաշիվմաքրոցին» իրականացավ դասական կանոններով` 1992-ի աշնանը գերատեսչական գույքի հաշվառման պատրվակով բռնագրավվեց կենտրոնի ողջ գույքը, այդ թվում նաև` պատրաստի աշխատանքներն ու արխիվը, իսկ աշխատակազմը հայտնվեց փողոցում: Տիգրանի առաջին մտահոգությունն աշխատակիցների հետագա ճակատագիրն էր: Հերոսական ճիգերի գնով հայթայթած որոշ գումարը աշխատավարձի փոխարեն բաժանելով գործընկերների միջև` նա հաջորդ քայլով ձեռնամուխ եղավ նոր հաստատության` Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի հիմնադրմանը, որին իր պատերի ներսում հյուրընկալեց ռամկավար – ազատական «Ազգ» թերթի  խմբագրությունը` ոչ միայն սենյակ  և տեխնիկական միջոցներ ապահովելով, այլև  շարունակելով հավատարմորեն տրամադրել իր էջերը կենտրոնից ստացվող պրոֆեսիոնալ նյութերի համար: Կարծես թե ամեն ինչ վերադարձավ ի շրջանս յուր, և արդեն հանրապետության առաջատար օրաթերթերից մեկը դարձած «Ազգն» այդ տարին գրանցեց իր սպառման առավելագույն  քանակն ու ընթերցողների առավելագույն համակրանքը: Սակայն մութ ամպերը հավաքվեցին նաև այս երկնակամարում, այս անգամ`  ներկուսակցական  տեղաշարժերի և տարաձայնությունների պատրվակով, որի արդյունքում կենտրոնը ևս մեկ անգամ զրկվեց աշխատանքային անհրաժեշտ պայմաններից ու պարագաներից: Շնորհազրկության սլաքն առաջին հերթին և հատկապես ուղղված էր Տիգրանի դեմ, մյուս աշխատակիցները ցանկության դեպքում կարող էին մնալ և տպագրվել արդեն խմբագրության կազմում: 1993  թվականի վերջերից Տիգրան Հայրապետյանի մամլո հրապարակումները հազվադեպ դարձան, իսկ հետո նաև սահմանափակվեցին միայն ստեպ-ստեպ հարցազրույցներով: Այդ շրջանում նրա մասնագիտական կյանքում կարևորվեց արտասահմանյան տեղեկատվական կենտրոնների համար աշխատակցությունը, որոց պատվերները վերաբերում էին տարածաշրջանային  հակամարտություններին և աշխարհքաղաքական զարգացումներին:
Հիասթափությունն ու վիրավորանքը, իհարկե, մեծ էին, բայց ոչ բավարար` կոտրելու համար սեփական գործի կարևորությունը գիտակցող և կոչմանը նվիրվելու հոգու կամքը: Եվ վարձատրությունը չուշացավ:
Կրկին մեծ քաղաքականություն վերադառնալու` Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանն ու գիտա – հասարակական կյանքին գործուն մասնակցություն ցուցաբերելու, հիմնարար ծրագրեր մշակելու և իրականացնելու հնարավորությունը երկրորդ անգամ շնորհվեց Ռազմավարական միջազգային  հետազոտությունների կենտրոն  հիմնելու` նախկին արտգործ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով: Սպիտակ  գրասեղաններով, համակարգչային գերհագեցած ցանցով, հարուստ մասնագիտական գրադարանով, գորգապատ ու կանաչազարդ կենտրոնի երազն իրականություն դարձավ 1994թ. աշնանամուտին` կարճ ժամակում հավաքագրելով ձեռնհաս ու ստեղծարար աշխատակազմ, որի մեջ ընդգրկված էին նաև հավատարիմ հին զինակիցները: Տիգրան Հայրապետյանը դարձյալ արարչագործական տարերքի մեջ էր` գիշեր ու ցերեկ: Մինչ այժմ էլ շատերի համար առեղծված է մնում, թե նա ինչպես էր կարողանում ժամանակի նվազագույն հատվածում այդպիսի ահռելի չափերի աշխատանք կատարել, հասցնելով միաժամանակ նաև ստեղծագործել, կարդալ, ապրել ու զվարճանալ: Ինչպես էր կարողանում մի քանի ժամվա ընթացքում գրել գաղափարապես հագեցած ու մասնագիտորեն անթերի հոդվածներ, որ նորմալ պայմաններում ամիսների աշխատանք է պահանջում:
Մի քանի ամսում կենտրոնի աշխատանքնային թափանիվը գրանցեց առավելագույն պտույտների ու բարձր արդյունավետության աստիճան` ազգային քաղաքագիտական մտքի դպրոց դառնալու և Հայաստանի պետական – պաշտոնական քաղաքական  գծին որպես այլընտրանքային ու համարժեք ուժ ներկայանալու լուրջ հայտով: Երկխոսություն սկսվեց ներսի ու դրսի ազգային կուսակցությունների ու միավորների հետ, աստիճանաբար կապեր հաստատվեին արտասահմանյան համանման հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ, սկսեց տպվել «Հայացք Երևանից» քաղաքական – հասարակական հանդեսը, ապա` նույնանուն յոթնօրյա պարբերական ներդիրը «Լրագիր» թերթում, երեք լեզվով հրատարակվեցին մենագրություններ, կազմակերպվեց կենտրոնի աշխատանքների ցուցահանդես-վաճառքը…
Շատ էր կատարյալ, որպեսզի երկար տևեր…
Առայսօր էլ չպարզված են մնում Տիգրանի հրաժարականի հանգամանքները, հայտնի է միայն, որ Րաֆֆի Հովհաննիսյանն առանց վարանելու «անմիջապես»  ստորագրել է դիմումը`խոր տարակուսանքի մեջ թողնելով անսպասելի լուրից անակնկալի եկած աշխատակիցներին: Տիգրանը հասկանում էր, որ դա լոկ իր անձնական ձախողումը չէր, այլ ազգային նպատակների իրականացմանն ու խնդիրների լուծմանն ուղղված տարիների տքնաջան աշխատանքով կերտված հավաքական մտավոր ուժի, որ կարող էր ազգային երկունքի մի նոր օջախ դառնալ: Այդ պատճառով դեռ մի որոշ ժամանակ ոչինչ չձեռնարկելով` սպասում էր: Իզուր: «Դու ինձ չես հավատում: Եվ ինչ դրանում նորություն չկա ո´չ իմ և ո´չ էլ պատմության համար:Դա ընդամենը իմ ճակատագիրն է, բայց քո պատիժը: Ես վերջին անգամ փորձում եմ զրուցել քեզ հետ, հուսով, թե դու կհասկանաս, որ քո անհավատության մեջ ոչ թեիմ, այլ քո´ վախճանն է արձանագրված,»- ոչ միանշանակ այս տողերն արձագանքեցին դատարկության մեջ, այդպես էլ չհասնելով նրան կամ նրանց, ում հասցեագրված էին:
«Դատարկության մեջ հոսող ժամանակը պատմություն չի կերտում», մինչդեռ հույսն ու հավատը անապատային դատարկության մեջ անգամ կարող են ազգ կերտել: Իսկապես ապշեցուցիչ է հավատի ա´յդ  ձևն ու աստիճանը, բայցև` աններելի ու դատապարտված: 1996 թ. մարտին, գարնան հետ նոր շունչ առավ մինչ այդ սառեցրած գործունեությամբ Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը` այս անգամ սեփական ուժերով և հարազատների օգնությամբ: Արվեց ամեն ինչ մասնագիտական ու մարդկային «բլոկադան» ճեղքելու համար, սակայնՏիգրանի գործունեությունը մնաց սահմանափակված հրապարակախոսական և վերլուծական հոդվածների տպագրության շրջանակներում, այն էլ ընդհատումներով: «Այս ոլոչտում ես վաղուց ավարտել եմ իմ գործը և ասելիքը, այն ինչ գրում եմ հիմա` իրականում վերաշարադրանք է: Ես մեռնում եմ դանդաղ ստեղծագործական մահով, մինչդեռ ուրիշ հարթության մեջ այնքան գորշ կա անելու…»,- հաճախ էր կրկնում նա, չնայած այդ շրջանում ստորագրում էր բոլոր առումներով երևի թե իր լավագույն աշխատանքները: Կարելի է ասել, թե ճակատագիրը փակում էր նրա առաջ բոլոր դռները, որոնք դեպի ակտիվ քաղաքական գործունեության ասպարեզ էին տանում` Տիգրանի եթե ոչ իրական կոչումը, ապա իր հնարավորությունների և ընդունակությունների իրական չափով հայրենիքին ծառայելու իր համոզումը: Ճակատագի՞րը, թե՞  մի ուրիշ, ոչ թե կույր ու քմահաճ, այլ ռեալ ու հաշվարկող ուժ, որն ամենևին շահագռգված չէր նախանշած սցենարից դուրս կատարողական որևէ ինքնուրույն պոռթկման մեջ: Անձնապես Տիգրանի համար երկմտության տեղ չկար, քանզի հիաանլի հասկանում էր խաղի օրենքները և «պատահականության»  օրինաչափությունները: Բայցև միաժամանկ համոզված էր, որ ցանկացած պարագայում «ընտրության իրավունքը սուրբ է», որ իրականում այն երբեք չի դադարում միակ որոշիչը լինել: Եվ տառապում էր մարդկանց էությունն ու իրերի ընթացքը շրջափոխելու` հազարամյա անհնարինության գիտակցման ցավից, «ամենիմացության» խավարն ու թերհավատության թուծպը հաղթահարելու անզորությունից, մարդկանց կյանքի նորմալ ու սովորական հունն իր գոյությամբ խանգարելու և հասարակության համար այլևս ավելորդ լինելու զգացողությունից: «Մարգարեն հարգված չէ իր հայրենիքում…»
Եթե ճիշտ է, որ հույսը վերջինն է մեռնում, ապա հավատն ընհանրապես չի մեռնում` կավելացնենք մենք: Նախկին կրթության նախարար Աշոտ Բլեյանի հետ հանդիպումն ու «Նոր Ուղի» շաբաթաթերթերի աստառափոխված վերաբացումը համընկան «պատերազմի և խաղաղության շուրջ» Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի մամլո ասուլիսի և հոդվածի, Հայաստանում սկիզբ առնող նեքաղաքական նոր ճգնաժամի և Ղարաբաղյան հակամարտության լուծումների շուրջ բանակցությունների հերթական` կոպենհագենյան փուլի հետ: Մինչ այդ, անսպասելի դիպվածով վերականգնվել էր պաշտոնական քաղաքական գերատեսչության հետ համագործակցության եզրերի քննարկման` տարիներով ընդհատված կապը, և իրական հնարավորություններ էին ստեղծվել Հայկական Նավի միջազգային նավարկության կուրսն արդյունավետ քամիների ուղղությամբ տանելու` բարդ ու պատասխանատու աշխատանմքին մասնակցելու համար:  Անդավաճան «մասնագիտական հիվանդությունը»` իրողության ճիշտ ընկալումն ու դեպքերի հավանակն զարգացումների կանխատեսումը, հրահրում էր նրան ավելի լայն միջոցառումներ ձեռնարկելու և համախոհների բանակը լրացնելու, իսկ վտանգի գերլարված զգացողությունն ու սեփական ժողովրդի պաշտպանության խնդրի գերբարձր ընկալումը խթանում էին նրա գրիչը: Դեռևս 1992 թ., Հայաստանի ապագա ներքաղաքական զարգացումների արդյունքում հնարավոր թավշյա հեղաշրջման կանխատեսումները սպառնում էին վերջնականապես տխուր իրականություն դառնալ, որ ըստ Տիգրանի վերլուծության` մեծագույն վտանգ էր ներկայացնում ոչ միայն Ղարաբաղյան հակամարտության հայանպաստ լուծման հեռանկարի, այլև ընդհանրապես հայկական պետականության ապագայի համար: Ներգաղութատիրական շրջանի աշխարհքաղաքական տրամաբանության ուսումնասիրությունը ցույց էր տվել, որ ժողովրդավարակն համակարգի դեմ որևէ ձևով մեղանչած կամ ներքին քաղաքական ճգնաժամերի և հեղաշրջումների փորձության միջով անցած ոչ մի «նոր ժողովրդավարական երկիր» չի կարողացել հօգուտ իրեն  լուծել ներազգային կամ կրոնական խնդիրները: Ուստի նա միայնգամայն հոռետեսորեն ընդունեց Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը, չնայած նար հաստատած վարչակարգի դեմ պայքարել էր տարիներ շարունակ, և առավել հուսահատորեն` Ռոբերտ Քոչարյանի թեկնածության առաջադրումը: Ինչպես միշտ կողմնորոշվելով զուտ պրոֆեսիոնալ մղումներով և մասնագիտական պարտքի գիտակցությամբ` նա անմիջապես անցավ այդ պահին Հայաստանի հասարակական- քաղաքական դաշտում ամենաթույլ կետի` խաղաղապաշտության պաշտպանությանը: Այդ առումով, Աշոտ Բլեյանի թեկնածության առաջադրումը նպատակ ուներ «պատերազմ թե խաղաղություն» երկընտրանքում ընտրության հնարավորությունից փաստորեն զրկված ժողովրդին հնարավորություն տալու պատռել կախարդական շղթան: Նույն մղումներով միևնույն նպատակին էր ուղղված նաև ետընտրական փուլում որոշ լիբերալ շրջանակների հետ շփումը, իսկ ապա նաև քաղաքական ընդդիմության հավաքագրմամբ նոր «ազգային դաշինքի» ստեղծման գաղափարի տարածումը: «…Ոչ՛ տարաբնույթ կոմունիստները, ո՛չ տարաբնույթ «ավանդականները», ո՛ չ ՀՀՇ- Ղարաբաղ կոմիտեականններն այլևս չեն առաջնորդելու մեզ: Նրանք կարող են և պետք է լինեն քաղաքական ներկապնակի բաղակացուցիչները, բայց երկիրը 21-րդ դարը պետք է առաջնորդի մի ուժ, որ չի կրում պատմության մեղքի շանրությունը…»: Առաջիկա խորհրդարանական ընտրություններն այդ ուժի ձևավորման լավագույն պատրվակն ու միջոց էին, ինչպես նաև իր թեկնածությունն առաջարկելու պատրաստվող Տիգրան Հայրապետյանի համար ակտիվ մարտավարական գործունեություն ծավալելու վերջին շանսը:
«Գարունը այնքան ծաղիկ է բերել, գարունը այնպես պայծառ է կրկին…», իր վերջին գարնան առաջին օրերին վանկարկում էր նա շարունակ` սիրելու, ծառայելու, հաղթելու իր շարունակական մոլուցքի մեջ…

Սկիզբը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել