Այսօր Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի մեծաթիվ աշակերտներ, ծնողներ, մի խումբ աշխատակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել: Նրանք պահանջել են տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հեռացումը: Սա թերեւս թավշյա հեղափոխության արդյունքների առաջին ծիլերն են: Ու շատ բնական եւ խորհրդանշական է, որ այդ ծիլերը սկսել են բացվել ուսումնական հաստատություններում: Նախ՝ բնական է, որովհետեւ հեղափոխության հաղթանակում մեծ ներդրում են ունեցել նաեւ ավագ դպրոցականներն ու երիտասարդները: Երկար տարիներ հենց դպրոցներն ու բարձրագույն ուսումնական հաստատություններն են եղել կոռուպցիայի, ընտրակեղծարարության, կուսակցապաշտության եւ այլ բացասական երեւույթների որջը: Երեւանի համար 11 դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները թերեւս դպրոցների եւ բուհերի կոռումպացված, կուսակցապաշտ եւ անձապաշտ ղեկավարների մաքրման գործընթացի սկիզբը կդառնան:

Հ.Գ Բնականաբար, ոչ բոլոր դպրոցներում են արմատացած նման բացասական երեւույթները: Համոզված եմ, որ կան նաեւ բարեխիղճ տնօրեններ, սակայն, ցավոք, այդպիսիներին թերեւս կարելի է մատների վրա հաշվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել