Հայաստանի քաղաքական ճգնաժամն այս կամ այն կերպ ազդելու է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների վրա: Ամեն ինչ կախված է գնահատման ելակետերից: Եթե դատենք մեծ աշխարհաքաղաքականության կատեգորիաներով` հանգուցյալ ռուս ականավոր մտածող Վադիմ Ցիմբուրսկու ոգով, այս կոնֆլիկտը վաղուց ինտեգրված է Հարավային աղեղին, որ սկսվում է Դոնբասում և անցնելով Ղրիմով, Հյուսիսային Կովկասով ու Անդրկովկասով, ընդգրկում է Թուրքիան ու Իրաքը` Սիրիա ելքով: Աղեղի բոլոր բաղկացուցիչ մասերն այս կամ այն կերպ սերտորեն շփվում են: Եվ իրադարձությունների զարգացումը դա հաստատում է:
Ճիշտ նույն կերպ է իրեն պահում Բաքուն՝ մի կողմից հայտարարելով տարածքային ամբողջականության պահպանության մասին, մյուս կողմից` Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով բանակցելով Մադրիդյան սկզբունքների հիման վրա, որտեղ կա կետ Ստեփանակերտի միջանկյալ կարգավիճակի մասին մինչև համապատասխան հանրաքվե անցկացնելը: Բոլորի համար պարզ է, որ եթե Կիևը ցանկանար իր վերահսկողության տակ պահել Դոնեցկն ու Լուգանսկը, իսկ Բաքուն` Ստեփանակերտը, երկու մայրաքաղաքները վաղուց պիտի իրենց օրենսդրությունը հարմարեցրած ու իրենց քաղաքական գործընթացն այնպես փոխած լինեին, որ Դոնեցկի ու Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, ինչպես և Արցախի Հանրապետությունն իրենց տուժած չզգային, որ նրանց շահերը պաշտպանվեին, իսկ սոցիալական ու տնտեսական իրավունքները երաշխավորվեին: Ուկրաինան ու Ադրբեջանն այսօր այդ ուղղությամբ ոչինչ չեն անում, ավելի ճիշտ` չեն ցանկանում: Նրանք կարծում են, որ իրենց կհաջողվի խնդիրները լուծել այլ միջոցներով` ուժի գործոնով ու Դոնբասից ռուսներին դուրս մղելով, իսկ Լեռնային Ղարաբաղից` հայերին: Այդպես այս երկու ճգնաժամերը սկսում են միմյանց վրա ներգործել նաև իրենց կարգավորման տեսակետների առումով: Կիևը չի թաքցնում, որ խաղադրույքը հետխորհրդային տարածքում Մոսկվայի ազդեցության թուլացման վրա է դնում, Բաքուն ռուս-ուկրաինական հարաբերությունների խնդիրները գնահատել ու գնահատում է նույն կերպ` բացահայտորեն սաբոտաժ անելով Վլադիմիր Պուտինի անմիջական մասնակցությամբ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կոնֆլիկտի կողմերի շփման գծում վերահսկողության մեխանիզմների ու միջազգային դիտորդների տեղակայման մասին:
Հաշվի առնելով Երևանի ու Մոսկվայի սերտ կապերը` Հայաստանի ներկա քաղաքական ճգնաժամը Ադրբեջանն ընկալում է նախ և առաջ իբրև Ռուսաստանի ազդեցության կորստի գործոն Հայաստանում ու ամբողջ Անդրկովկասում: Դա՝ առաջին: Երկրորդ` Ադրբեջանի համար բացվում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարը Բաքու-Երևան միջպետական հարթությունից տեղափոխել ներհայկական հարթություն: Պատահական չէ Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Հիքմեթ Հաջիևը, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարում, որ «Ադրբեջանը պատրաստ է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման բանակցությունները վարել ողջամիտ քաղաքական ուժերի հետ, որ կփոխարինեն Սերժ Սարգսյանի ռազմական-բռնապետական վարչակարգին, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա»: Այսինքն` Բաքուն կարծես գիտի` հատկապես որ քաղաքական ուժերն են իշխանության գալու Հայաստանում և գայթակղություն ունի դիմել կարգավորման ուժային տարբերակին, որից զգուշացրել էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Թեպետ պատերազմը կարող է միավորել հայերին, որ իրենց քաղաքական հաշիվները երկրորդ ու երրորդ պլան կմղեն: REGNUM-ի տեղեկություններով` այդ տարբերակներն ակտիվորեն քննարկել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայի բանակցություններում:
Հարավային աղեղի հայեցակարգով դա նշանակում է, որ բարդ ռազմաքաղաքական իրավիճակը Մերձավոր Արևելքում, որտեղ Սիրիայի ու Իրաքի տարածքում ակտիվ պայքար է ԻՊ-ի դեմ` Թուրքիայի ներգրավվածությամբ, կաշկանդում է Անկարայի մանևրայնությունը անդրկովկասյան ուղղությամբ: Ավելին` եթե Երևանում իշխանությունը հայտնվի, այսպես կոչված, արևմտամետ ուժերի ձեռքին, բոլորովին էլ փաստ չէ, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը կիրագործվի ադրբեջանական սցենարով: Իսկ Ալիևը Էրդողանի հետ Սարգսյանից հետո կարող են հայտնվել Հարավային աղեղի «ժողովրդավարական ցանցերում», որտեղ բոլոր կոնֆլիկտները՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղինը, մեկ տրցակի մեջ հանգուցված կլինեն: «Հայկական հեղափոխության» նախադեպը կարող է վարակիչ լինել և՛ Թուրքիայի, և՛ Ադրբեջանի համար: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարում էր. «Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի պրոբլեմի խորացում չպետք է լինի, սրացումներ որևէ դեպքում չպետք է լինեն» և «ելքը խաղաղ բանակցային ճանապարհով պիտի գտնվի»:
Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի ներքին իրավիճակի կայունացումից հետո Բաքվի ու Երևանի միջև Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կվերսկսվեն: Բայց ե՞րբ դա կլինի: Իր խոսքն ասաց և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը` միանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմերին ուղղված կոչին` «թույլ չտալ հնարավոր սրացում շփման գծի երկայնքով և ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ ճանապարհով կարգավորման ջանքերը»: Բայց ինչ էլ լինի և ով էլ լինի հայկական քաղաքական ցնցումների հետևում, Մոսկվան պետք է տարածաշրջանում իրադարձությունների զարգացման վրա ազդեցության նոր ու արդյունավետ լծակներ գտնի: