Իմ վաղեմի բարեկամ,

1. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ներկայացնելու իրավախախտում դադարեցնելու պահանջ՝ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ իրավախախտումը տվյալ ծառայողի կամ պետական այլ մարմնի քննությանն է ենթակա, թե ոչ: Իրավախախտումները խափանելու ոստիկանության գործառույթը սահմանփակված չէ վարույթային ենթակայությամբ: Մեկ անգամ գոնե ընթերցիր «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքը, որը կյանքի և առողջության համար բոլորովին անվտանգ է։

2. Հիշիր, պետք կգա։ Ոստիկանական ուժ կարող է կիրառվել նաև վարչական վարույթից դուրս: Նախ՝ վարույթ սկսելը ոստիկանության համար իրավունք է, ոչ թե պարտականություն: Երկրորդ՝ ակցիայի մասնակիցը պարտավոր է պահպանել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջը (չխոչընդոտել հավաքի անցկացման վայրում գտնվող կամ դրան հարող շենքերի ազատ մուտքն ու ելքը), որի խախտումը կանխելու պարտականությունը ոստիկանության իրավասությունում է, որովհետև հիշյալ արարքը վարչական իրավախտում է՝ նախատեսված ՎԻՎ օրենսգրքի 180.1 հոդվածի 11-րդ մասով: 

3. «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 30 -րդ հոդվածի համաձայն՝ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում ոստիկանության ծառայողն իրավունք ունի իրավախախտների նկատմամբ գործադրել ֆիզիկական ուժ (պարտադիր չէ կարատեի հնարքներ): Ընդ որում՝ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուժով ոստիկանությունը կարող է անգամ սահմանափակել իրավախախտի անձնական ազատության իրավունքը, եթե դա անհրաժեշտ է այդ անձի կողմից օրենքով իր վրա դրված պարտականության կատարումն ապահովելու համար:

Քանի՞ երկրի ոստիկանություն գիտես, որ ուժը կիրառում է նախապես վարչական վարույթ հարուցելով ))): 
Չարժե քեզ հիշեցնել փաստաբանի վարքագծի կանոնագիրքը, քանի որ համոզված եմ, որ շատ լավ ծանոթ ես և այն խախտում ես ուղղակի դիտավորությամբ: Դու հայտնի փաստաբան ես, ի՞նչ կարիք կա մերթընդմերթ խելացի երևալու, դեմոնստրատիվ խոչընդոտելու ոստիկանության աշխատանքը, անձդ հակադրելու օրինականությանը և շատ վատ օրինակ ծառայելու։ Ամեն ինչ անցողիկ է, մասնագիտական պարտքդ՝ մնայուն:

ՀԳ. Լիկբեզս մասնավոր անհատույց ակցիա է, քանի որ ես էլ ունեմ ազատ խոսքի իրավունք, որը դու այնքան ջանասիրաբար պաշտպանում ես հրապարակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել