Կարծես թե ավելի ակնհայտ է դառնում, թե քաղաքական դաշտի հիմնական խաղացողների պահանջներն ու մտահոգություններն ինչի հետ են կապված: Առաջին հայացքից կարող է թվալ, թե դա նոր ժամանակավոր կառավարության մեջ տեղ ունենալն է, բայց նրանց համար կա դրանից կարևոր հարց՝ ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետը: Նիկոլ Փաշինյանն այս մասով ասել է, որ, իր կարծիքով, այն պետք է հնարավորինս շուտ կազմակերպվի, բայց նաև նշում է, որ այս հարցը պետք է քննարկել մյուս ուժերի հետ, գալ ընդհանուր հայտարարի, ինչն, իհարկե, ճիշտ մոտեցում է:
Բոլորն էլ հասկանում են, որ որքան արագ տեղի ունենան նոր, արտահերթ ԱԺ ընտրությունները, այնքան գրանցվող արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունենալու այս շարժումը: Ակնհայտ է, որ մենք չենք ունենալու այն ԱԺ-ն, որն ունենք հիմա: Տարբեր ուժեր հույս ունեն, որ եթե ընտրությունները տեղի ունենան մեկ տարի հետո, հաղթանակի այս էյֆորիան անցած կլինի, ու նրանց շանսերն ավելի մեծ կլինեն ընտրություններում:
Այսպես են մտածում հիմնականում պրոռուսական ուժերը: Այսպիսի ցանկություն ունի նաև պաշտոնական Կրեմլը: Ու մի քանի օր առաջ արված հայտարարության այն մասը, որտեղ շեշտվում է վերջին ընտրությունների լեգիտիմ արդյունքներով ձևավորված ԱԺ-ն, հենց դրա մասին է խոսում: Ռուսաստանն էլ լավ է հասկանում, որ որքան շուտ լինեն ընտրությունները, այնքան քիչ պրոռուսկան կլինի նոր ԱԺ-ն: Բոլոր այս ուժերին ժամանակ է պետք վերադիրքավորվելու, ուժերը հավաքելու ու նոր իրողություններում պայքարելու համար: Մեծ հաշվով, այս համակարգի կազմաքանդման միակ մեծ խոչընդոտը մնում է արտահերթ ԱԺ ընտրությունների ժամկետը: Կարծում եմ, որ այս ուժերն ամեն ինչ անելու են, որ դրանք հնարավորինս ուշ լինեն: Շատ դժվար պայքար է սպասվում: