Ընտրությունների օրվա ծանրաբեռնվածությունը արդեն անցավ, երեկ ընդհանուր վիճակն ու կարծիքներն էի ուսումնասիրում, էսօր արդեն գրելու իմ հերթն ա)
Ուրեմն, էն որ ասում են «ժողովուրդը կրկին ընտրեց ՀՀԿ-ին ու Տարոն Մարգարյանին», կխնդրեի էդ ձևակերպումը վերաձևակերպել «ՀՀԿ-ն ու Տարոն Մարգարյանը ընտրվցվեցին ի հեճուկս ժողովրդի» (համ էլ մեջը նենց բառ կա, որ ընտրվցնողները չեն հասկանա)))
Ինչ խոսք, ընտրությունները ՄԵԿ ՔԱՅԼ ԱՌԱՋ էին նախկինների համեմատ, որովհետև ավելի գրագետ, ես կասեի՝ «օրենքի շրջանակներում» էին կեղծվում, երբ բացառությամբ մի քանի դեպքերի, տեղամասերում հիմնականում խախտումների չէին ձգտում, քանի որ որոշ տեխնոլոգիաների միջոցով նախապես արդեն ապահովել էին իրենց «հաղթանակը»։ Շոուն այնքան «կատարյալ» էր կազմակերպված, որ մյուսների քվեաթերթիկները նույնիսկ իրենց վերագրելու փորձեր չէին արվում, համենայն դեպս այն տեղամասերում, որտեղ ես ու իմ ընկերներն ենք եղել, նման փորձ չի արվել, չնայած դա չի նշանակում, որ ոչ մի տեղ չի արվել։ Ամեն դեպքում կիրառված մեխանիզմների փոխարեն ուզում եմ անդրադառնալ այն տեսակետներին, թե մյուս ուժերը պետք է հրաժարվեն մանդատներից։ Ես դրա հետ ամենևին համամիտ չեմ ոչ ԲՀԿ-ի դեպքում, ոչ էլ «Բարև, Երևան» դաշինքի, քանի որ նման նվեր ՀՀԿ-ին չի կարելի անել, մանավանդ որ մարդիկ քվեարկել են այդ ուժերի օգտին։ Թեկուզ նրանց ձայնը որոշիչ չի լինելու, բայց նույն տրամաբանությամբ ԱԺ-ում նույնպես նման խնդիր կա, ու չնայած ձայնը որոշիչ չի, բայց քննադատություններ հնչում են, ինչը պակաս օգտակար չի քաղաքական տեսանկյունից։
Էն որ ասում են՝ արտագաղթը ինչ կապ ունի ավագանու ընտրությունների հետ, հիմա բացատրեմ։ Խնդիրը ոչ թե էն ա, որ քաղաքի զիբիլը ուշ կամ շուտ կտանեն, ամիսը մեկ ասֆալտ կանեն, թե ընտրությունից ընտրություն, այլ էն, որ մարդիկ վերջնականապես հիասթափվում են ու գիտակցում, որ ում էլ ընտրեն, մեկ ա մեղմ ասած իրանց ընտրելով չի։ Մարդիկ էլ հույս չեն կապում էս երկրի հետ, որովհետև նույնիսկ ավագանի դառնալու համար էնքան կեղծիք են անում, որ պատգամավոր ու նախագահ դառնալու մասին խոսելն ավելորդ ա... Ու եթե «արդար և թափանցիկ» ընտրություններով ոչինչ չի որոշվում, ոչինչ չի փոխվում, ու՞մ կամ ո՞վ պետք ա մեղադրի արտագաղթելու համար։ Ե՞րբ եք վերջապես հասկանալու, որ մարդկանց պայքարը ոչ թե անձանց դեմ ա, այլ տիրող անարդարության ու կեղծիքի։ Դեմ չեմ, շատերը Ձեզ ընտրել են՝ անկախ նրանից վաճառել են իրենց ձայնը, թե ինքնակամ են ընտրել, բայց չէ, պետք էր անպայման մի 60% խփել ու բոլորին ցույց տալ, մի հատ էլ վերջում սալյուտ անել, որ շոուն հասներ իր տրամաբանական ավարտին...
Ինձ համար մի բան պարզ դարձավ, որ մինչև ամբողջ ժողովրդի գիտակցության մակարդակը չբարձրանա, մեր երկրում երբեք էլ ընտրություններով ոչինչ չի որոշվելու։ Իսկ ընտրակաշառքից մարդիկ կհրաժարվեն մենակ էն դեպքում, երբ լավ ապրեն ու չմտածեն, որ էդ 10-20-30 հազարով «մի ծակ կփակեն»։ Իսկ մարդիկ գնալով ավելի ու ավելի վատ են ապրում...
Հ.Գ. Մարդկանց տնից ու աշխատանքից էիք զրկում, իսկ հիմա արդեն վերջին հույսից եք զրկում, ինչը ոչ մի լավ բանի չի բերելու... Եթե իրոք նպատակը Հայաստանը դատարկելն ա, մենք էլ իմանանք, վաղը մյուս օր նորից 15 թիվ ա գալիս, Թուրքիան էլ հեռու չի...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.tatosyan/posts/4807997205858?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել