Բրիտանական հայտնի The Guardian օրաթերթի պաշտոնական կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականին.

«ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն իր կայքում հրապարակել է, որ օրեր շարունակ փողոցներում նրա դեմ տեղի ունեցող ցույցերի արդյունքում հրաժարական է տալիս:

«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է: Ես կատարում եմ ձեր պահանջը»,- նշվում է հայտարարության մեջ:

Համազգեստներով հարյուրավոր զինվորներ այսօր՝ երկուշաբթի՝ ցույցերի 11-րդ օրվա ընթացքում միացել են հակակառավարական ցուցարարներին, որոնք պայքարում էին Սարգսյանի դեմ՝ իշխանության ենթադրյալ անօրինական նվաճման համար:

Մինչ Սարգսյանի հրաժարական տալը և, ըստ երևույթին, ընդդիմությանը զիջելը, ոստիկանությունն ազատ է արձակել Նիկոլ Փաշինյանին՝ բողոքի ակցիայի և ընդդիմադիր կուսակցության առաջնորդին, ով հարյուրավոր ցուցարարների հետ միասին ձերբակալվել էր կիրակի: Ձերբակալման նպատակը, ամենայն հավանականությամբ, ցուցարաներին ցրելն էր: Մինչ ազատ արձակվելը Փաշինյանի գտնվելու վայրն անհայտ էր:

«Նիկո՛լ, Նիկո՛լ»,- գոչում էին ցուցարարները՝ երթ անցկացնելով երկրի մայրաքաղաք Երևանում: Տասհազարավոր ցուցարարներ հավաքվել էին մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում հանգստյան օրերին:

«Որպես երկրի ղեկավար՝ ես ձեզ դիմում եմ վերջին անգամ»,- նշվում է Սարգսյանի հայտարարությունում:- Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր: Ես սխալվեցի»:

Բողոքի ցույցերը Սերժ Սարգսյանի այն որոշման դեմ էին, ըստ որի՝ նա ստանձնելու էր երկրի վարչապետի դերը ավելի քան մեկ տասնամյակ նախկին Խորհրդային Միության կազմում գտնվող երկրի նախագահը լինելուց հետո: Այս որոշումը բարկություն էր առաջացրել ընդդիմադիր կուսակցությունների և ժողովրդի շրջանում:

Որոշումը կայացվեց, երբ ավարտվեց նրա՝ երկրի նախագահի պաշտոնում երկրորդ պաշտոնավարման ժամկետը: Որոշ ժամանակ առաջ երկրում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան, որով երկրի վարչապետին լայն լիազորություններ են տրվում, իսկ նախագահն ունենում է առավել ծիսակարգային բնույթ:

Կիրակի Փաշինյանն ու Սարգսյանը ձախողված բանակցություն ունեցան, որի ընթացքում Փաշինյանը հայտնեց. «Ես այստեղ եմ՝ քննարկելու ձեր հրաժարականի և իշխանափոխության պայմանները»: Ավելի ուշ Փաշինյանին ձերբակալեցին:

Ցույցերը Հայաստանում շարունակվում են արդեն ավելի քան մեկ շաբաթ: Անտեսելով ոստիկանության՝ բողոքի ակցիաները դադարեցնելու պահանջները, բազմաթիվ ուսանողներ փակում էին Երևանի գլխավոր փողոցները, իսկ տասնյակ զինվորներ դուրս էին գալիս զորամասերից՝ ցուցարարներին միանալու համար, փաստում են սոցիալական կայքերում հրապարակված տեսանյութերը: Զինվորները զինված չէին:

Պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ Հայաստանի թշնամի Ադրբեջանը միայն օգուտներ է քաղում երկրում տիրող անհանգստությունից: «Թշնամին տեսնում է, թե ինչ է կատարվում մեր երկրում: Մեր անկայունությունը նրանց համար ճանապարհ է հարթում գործողություններ իրականացնելու համար: Մենք պետք է հասարակությանը տեղեկացնենք սրա մասին»,- ասում է Վիգեն Սարգսյանը: Նա նշել է, որ բանակը կարող է ներգրավել միայն այն դեպքում, եթե արտակարգ իրավիճակ հայտարարվի երկրում:

Նախկին զինվորական սպա Սերժ Սարգսյանն առաջին անգամ նախագահի պաշտոնում ընտրվել է 2008-ին: Ընտրության քվեարկությունից հետո 10 մարդ մահացավ ոստիկանների և ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: Նա վերընտրվեց 2013-ին, իսկ երկրորդ և վերջին պաշտոնավարումն ավարտվեց սույն թվականի ապրիլի 9-ին»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել