Ինձ ճանաչողները գիտեն, որ մաքսիմալ անկողմնակալ եմ ու էմոցիաներով չեմ առաջնորդվում։
Ու էս պոստը անում եմ, որովհետև մենակ ուղիղ եթերները նայելով, առանց ստեղ լինելու չի կարելի հասկանալ՝ ինչ է կատարվում։
Գրում եմ, որովհետև պարտքս եմ համարում, չեմ ուզում լուրջ խնդիրներ ունենանք։
Ուրեմն՝ էսպես.
1. 1996 թվականից սկսած մասնակցել եմ գրեթե բոլոր քիչ թե շատ լուրջ հանրահավաքներին։ Էսքան մարդ երբեք չեմ տեսել, անգամ 2008 թվականի փետրվարի 26-ին։ Մարդկանց հաշվելու մասնագետ չեմ, բայց, համեմատելով մի քանի օր առաջ դռոնով արված նկարը, կարծում եմ՝ 100 հազարից պակաս մարդ չի լինի։
2. Մարդկանց թիվը գնալով աճում է. գալիս են մենակ, խմբերով, ընտանիքներով, կոլեկտիվներով։
3. Հիմնական մասը երիտասարդներ են։ Կանայք ու աղջիկներն իրենց թվով չեն զիջում տղամարդկանց։
4. Ի տարբերություն այլ հավաքների, որտեղ ակտիվ մասը 20-30% է, մնացածը՝ թամաշա անողներ, էստեղ 70-80%-ն ակտիվ մասնակիցներ են։
5. Կան ամենատարբեր շերտերի մարդիկ՝ բանվորներ, գյուղացիներ, արհեստավորներից մինչև արվեստի, գիտության մարդիկ, գործարարներ և այլն։
6. Մարդիկ տրամադրված են խաղաղ ցույցի։ Շատերը երեխեքի հետ են։
Բնականաբար, կան նաև ոչ բավարար իրավագիտակցության մակարդակ ունեցող մարդիկ, որոնք քիչ են, բայց կարող են անկանխատեսելի քայլեր անել։
7. Խոսակցություններից հասկացա, որ մարդկանց ամենաշատ զայրացրել է Մարտի 1-ի հիշատակումը։ Շատերը դա ընկալել են որպես կոնկրետ սպառնալիք։
8. Էս մարդիկ առանց ընդգծված լիդերի են։
ՓԱՍՏ. Հայաստանում իրավիճակ է փոխվել։ Ներկա Ազգային ժողովը չի արտացոլում ուժերի ու տրամադրությունների նոր բալանսը։
ԿՈՉ, ՀՈՐԴՈՐ կամ ԽՈՐՀՈՒՐԴ․ ոնց կուզեք, ընդունեք
Հարգելի քաղաքական ու հասարակական գործիչներ՝ իշխանական, ընդդիմադիր կամ չեզոք,
էս մարդկանց նկատմամբ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՈՒԺ ԿԻՐԱՌԵԼ, որովհետև վախենում եմ պատկերացնել, թե ինչ կլինի,
էս մարդկանց ՉԻ ԿԱՐԵԼԻ ԱՐՀԱՄԱՐՀԵԼ,
էս մարդկանց բերման ենթարկելով ԽՆԴԻՐԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ,
ՉԻ ԿԱՐԵԼԻ էս իրականության հետ հաշվի չնստել։
Պրովոկացիաներ անել չի կարելի։
Ֆեյսբուքյան ստատուսներով կամ մեկնաբանություններով չի կարելի կրքերը թեժացնել։
Մտածեք, մի նորմալ, իրական կոմպրոմիս առաջարկեք։ Էս վիճակից կա՛մ ազգովի պարտված ենք դուրս գալու, կա՛մ շահած։
Հ.Գ. Որպեսզի կարողանայի գրածս պոստել, իջել եմ Կենտրոնական բանկի մոտ, որտեղ մարդիկ քիչ են, որ ինտերնետը միանա։