Արդի հայաստանյան քաղաքական դաշտը պայմանավորված է քաղաքական մշակույթով: Ներկայիս քաղաքական կուսակցությունները ժառանգորդն են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի հայկական իրականության մեջ առաջին քաղաքական կուսակցությունների թողած մշակույթի: Պետականությունից զուրկ լինելու պայմաններում գոյություն ունեին ընդամենը երեք քաղաքական կուսակցություններ: Այս կուսակցությունները միակ քաղաքական գործող ուժերն էին հայկական իրականության մեջ և ունեին գաղափարական և գործունեության միևնույն ուղղությունները, սակայն ընդհանուր թշնամու դեմ պայքարում չեղան համագործակցության դեպքեր: Արդյունքում երեք կուսակցությունները չվերակազմավորվեցին և չդարձան մեկ կառույցի անդամներ, ինչի արդյունքում էլ թուլացավ կուսակցությունների կենսունակությունը, որոնցից երկուսը կազմալուծվեցին: Երեք կուսակցությունների ռազմավարական պլաններում էլ մտնում էր իշխանության մենաշնորհը, ինչն էլ չմիավորման գլխավորագույն պատճառն էր:
Այսօր ևս գոյություն ունեն բազմաթիվ ընդդիմադիր ուժեր, որոնք, սակայն, ընդհանուր հակառակորդի դեմ պայքարում գտնվում են տարբեր խրամատներում և շատ հաճախ միմյանց հանդեպ մրցակցային խրամատներում: Իրենց վրա կրելով քաղաքական մշակույթի ազդեցությունը` այժմյան ընդդիմադիր կուսակցությունները ևս չեն միավորվում, ավելին` դեռ պայքարում են միմյանց դեմ` ընդդիմության էլեկտորատի մենաշնորհի համար: Այդ իսկ պատճառով էլ ընտրական պայքարներում կրում եմ ամեն անգամ նախորդին գերազանցող փառահեղ պարտություններ: Քաղաքական կոնֆլիկտները հարթելու համար միշտ էլ կարևոր է եղել իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունավետությունը, բայց արդի պայմաններում հնարավոր չէ խոսել երկխոսության, առավել ևս` երկխոսության արդյունավետության մասին, քանի որ դեռ նույնիսկ ժողովուրդը չի կողմնորոշվել, թե որ ընդդիմությանն է պետք սատարել:



