Սերժ Սարգսյանի՝ Shant Tv-ին տված հարցազրույցն ամբողջացնում է այս օրերին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների առաջին փուլը: Գործող վերնախավի համար բավականին անակնկալ կերպով ծավալված փողոցային պայքարն այս պահին թևակոխել է սպասողական ռաունդ։ Այս գործընթացի առաջին շահառուն, որքան էլ որ տարօրինակ լինի, հենց իշխանությունն է, որովհետև հասարակական կյանքի բնականոն ընթացքի ապահովումը ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության գործն է, սակայն այդ ցիկլի խախտման պարագայում սովորաբար թանկ վճարում է միայն իշխանությունը: Այդպես եղավ 2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ: Փաշինյանը գործող վերնախավի համար բացառում է առնվազն երկրորդ Սասնա ծռերը, և սա էր պատճառը, որ երկրի ներքին անցուդարձը սովորաբար կուլիսներից կառավարող Սարգսյանը նախ՝ խորհրդարանում, ապա՝ արդեն հեռուստաընկերությամբ չորս օրվա ինտերվալով սկսել է անդրադառնալ փողոցային գործողություններին:
Որքան էլ որ ընդդիմախոսները թերահավատ մոտենան ու Սարգսյանի վարչապետությունը բնութագրեն միայն իշխանությունը պահելու մոլուցքով (ճշմարտություն սրա մեջ իհարկե կա, հակառակն անտրամաբանական կլիներ), ամեն դեպքում պառլամենտական կառավարումը մարտահրավեր է հենց իր՝ Սարգսյանի համար: Տարիներ շարունակ Հայաստանի կառավարող էլիտան որդեգրել է կառավարման ընդհատակյա խաղաոճը, որը ժամանակի ընթացքում դարձավ ոչ միայն կառավարելու, այլև՝ կենցաղ կազմակերպելու միջոց: Իհարկե, վերնախավում պետք է լինեն սևագործ աշխատանք անողներ, սակայն մի բան է, երբ դա անում է մեկը, մեկ այլ բան, երբ անում են բոլորը: Սա նույնն է, թե ֆուտբոլային թիմում բոլորը պաշտպան լինեն: Եվ ուրեմն՝ վերնախավի ու հատկապես Սերժ Սարգսյանի ամպլուայի փոփոխությունն իսկապես մեծ հնարավորություններ է ստեղծում ընդդիմության համար բոլորովին այլ պայմաններում մրցակցելու իշխանության հետ, որովհետև մեկ բան է ընդհատակյա Սերժ Սարգսյանը, մեկ այլ բան՝ Սարգսյան հարձակվողը: Այս դիրքում Սարգսյանը կարող է խոցելի լինել, որովհետև չի բացառվում, որ էլիտայի մաս կազմող շատ գործիչներ ու դերակատարներ պարզապես չցանկանան դուրս գալ ընդհատակից: Ինչո՞ւ դուրս գալ, եթե այսպես թե այնպես որոշում ընդունող են։
Ի՞նչ մնում է Փաշինյանին: Երկար տարիներ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր քաղաքական օրակարգ ձևավորողներից է երկրում, նախկինում ունեցել է անմիջական դերակատարում, այժմ ինքն է գլխավորում բարիկադը: Նա շատ լավ գիտի, որ իշխանափոխության համար առնվազն մի քանի անհրաժեշտ կետեր գոյություն ունեն: Որպես օրինակ կարող ենք բերել 2008 թվականի դեպքերը, որոնք այս օրերին շատ են հիշատակվում: Սակայն Տեր-Պետրոսյանը մինչ հրապարակային քաղաքականություն վերադառնալն ու իշխանությանը մարտահրավեր նետելն առնվազն երկու շատ լուրջ քայլ կատարել էր: Նախ՝ դեռ 2007 թվականին գաղտնի շրջում էր գյուղերով ու տրամադրություններ ստուգում՝ արդյոք կա՞ դժգոհություն իշխանությունից, և արդյո՞ք նա կարող է գեներացնել այդ դժգոհությունը, սարքել քաղաքական կապիտալ: Դա անելուց հետո արդեն սկսեց հանդիպել կուսակցական տարածքային ակտիվի հետ, որից հետո արդեն զբաղվեց իշխանության ներսում կամ դրան հարակից շրջանակներում համախոհներ փնտրելով, որոնք այս կամ այն փուլում միացան առաջին նախագահին, և հետո միայն արեց այն, ինչ անում է հիմա Փաշինյանը, այսինքն՝ հրապարակ ձևավորել ու, որ ավելի կարևոր է, պահել այն: Նշված կետերից Նիկոլ Փաշինյանը արել է միայն վերջինը, այն էլ՝ մեծ վերապահումներով: Սակայն սա առ ոչինչ է, այն ամենի հետ, ինչ նա արել է, որովհետև այս պարգայում կարողացել է հաղթահարել քաղաքական անտարբերությունը պետության ներսում, ինչը չգնահատելը, չընդունելը, անկախ իր հանդեպ ունեցած վերաբերմունքից, մեծագույն սխալ կլինի: Ուստի ներքաղաքական զարգացումները Հայաստանում թևակոխում են երկրորդ փուլ, այն է՝ կոմունիկացիայի նոր՝ առարկայական հնարավորություն ստեղծել իշխանության ու ընդդիմության համար, որպեսզի իրավիճակը երկուստեք վերահսկողությունից դուրս չգա: