Ահա և վերջ, Հայաստան, եկավ և քո վերջը բոլոր մահացած ազգերի շարքում դասվելու համար, քանի որ քեզ այսօր տեսնում եմ իբրև մի քանդվող շինություն, իբրև մի անմեղ որս, որին հոշոտում է գիշատիչը: Քեզ այսքան դարեր չկարողացան վերացնել ու կործանել, որովհետև քո մեջ կար ապրելու, պետականություն ստեղծելու ձգտում, բայց երբ պետականություն կառուցեցիր, ազատվելով արտաքին թշնամիներից, քո մեջ սկսեցիր թշնամի ման գալ ու սկսեցիր քեզ միջից ուտել այնքան ժամանակ, մինչև չհայտնվեց մի արտաքին ուժ, որի ազդեցության տակ ընկնելով, սկսեցիր ստրուկի պես ապրել, քանի որ չես գնահատում այն պետականությունը, որին հասել ես հազարավոր հայորդիների արյան գնով: Դու սեր չունես դեպի պետականությունը, քեզ տեր չես համարում քո ունեցածին, աշխատում ես միայն քեզ համար, այլ ոչ՝ քո պետության, դժվար պահին վախենում ես առճակատել դառն իրականության հետ, քանի որ վախենում ես՝ քեզ համար քո կաշին ավելի թանկ է, քան քո սեփական երեխան:
Հայաստանցիներ, սթափվեք ու մի երկնչեք, քանի որ արդեն շատ դաժանություններ եք տեսել ու դեռ կտեսնեք: Երկիր Նաիրի, եկել, հասել ես մեր օրերը ու հիմա քանդվում ես այնպես, որ այլևս չես վերականգնվի: Երբ դու ես քադնվում, քանդվում եմ և ես ու մեծ՝ շատ մեծ ցավ եմ ապրում, որովհետև քեզ քանդում են միջից ու քեզ քանդողները քո չարացած որդիներն են, որոնց խոսելուց ես պարզապես նողկանք եմ ապրում, դրանք քեզ կառավարողներն են, քո իշխանավորները, որոնց քայլերը կարելի է համեմատել 3 տարեկան անխելք երեխայի արարքների հետ: Սակայն ես խիստ կասկածում եմ, որ 3 տարեկան երեխան կվաճառեր կամ, կոպիտ ասած, 99 տարով պարսիկներին կտար ողջ Սյունիքը՝ 10.000 գլուխ ոչխար պահելու համար, ... և ցտեսություն Սյունիք, իսկ քո «հիմար» ժողովրդին (կներեք, բայց սիրտս շատ է լցված ու բարկացած) կքշեն աշխարհով մեկ: Չնայած հայի համար արդեն մեկ է, քանի որ նրա մոտ «ՈՐՏԵՂ ՀԱՑ, ԱՅՆՏԵՂ ԿԱՑ» սկզբունքն է գործում, նա դարձել է թափառաշրջիկ, անտուն, անբարոյական և վերջիվերջո՝ «անթասիբ», այո, հայը հային չի պահի ու կգերադասի գլուխն առնել ու փախչել դժվարությունից, քան թե կանգնել ու «թասիբով» անել այն, ինչը պատիվ կբերի նրան: Քո մեջ մի տարանջատող բացասական երևույթ է մտել, դա քո հայորդիներին զանազանելն ու օտարացնելն է, որն էլ քանդում է քեզ մեջից, որի պատճառով դու չես կարողանում կայանալ: Հենց այս խոսքը՝ ապարանցի է, մարտունեցի է, երևանցի է, ղարաբաղցի է և այլն, հենց սա է քո բոլոր դժբախտությունների պատճառը, քանի որ հայը հայ է և վերջ, իսկ վերը նշվածները պարզապես բնակավայրեր են: Չեմ դժվարանում գուշակել քո ապագան, թեպետ՝ բախտագուշակ չեմ:
Ահա անցան ընտրությունները, և երկրում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, դա նշանակում է, որ քո խնդիրները շարունակելու են քեզ նեղություն տալ, և դրանցից մեկն էլ արտագաղթն է, որը վերջին շրջանում հասել է աստղաբաշխական թվերի: Հիմա մեր երկրում պաշտոնապես ապրում է 2.8 միլիոնից 3 միլիոն մարդ, իսկ, ըստ իմ տեսածի և լսածի, 2 միլիոնից 2.2 միլիոն: Սթափվի՛ր, Հայաստան, քանի դեռ ուշ չէ: Ես այլևս հույսս չեմ դնում այս պետությունը կառավարող մի խումբ փողին ծախվածների վրա, իմ հույսը միայն ժողովուրդն է, որին ես ուզում եմ արթնացնել՝ պատերի տակի զրույցներն ու խոսակցությունները հավաքելով, խմբագրելով ու հանրության սեփականությունը դարձնելով:



