Հայերիս մեջ շատ են նրանք, որոնք հիանում են Նելսոն Մանդելայով: Ես էլ եմ նրանց շարքում: Այս հիացմունքն ստիպել է ինձ, որպեսզի ուսումնասիրեմ նրա քայլերը քաղաքական գործունեության տարբեր դրվագներում: Շատերն առանձնացնում են միայն 27 տարի բանտում դիմակայելու իր տոկունությունը, բայց գրեթե երբեք չեմ տեսել, որ նույն այդ մարդիկ անդրադառնան նաև բանակցություններ երևույթի հանդեպ իր գնահատականին: Իսկ իր հաղթանակն իրականում ամրագրվել է հենց բանակցությունների շնորհիվ:
Այո, շատ անուններ կան, որոնք թերևս նույնքան կարևոր են այս գործընթացների մասին խոսելիս, սակայն «Նելսոն Մանդելա» ասելուց հետո ոչ ոք այլևս չի շարունակում, օրինակ՝ չի ասվում «Ֆրեդերիկ դե Կլերկ»: Իսկ քանի՞սը գիտեն Ռոելֆ Մեյերի կամ Սիրիլ Ռամաֆոսայի մասին: Դե միգուցե Ռոջեր Ֆիշերի մասին ոմանք կարող են հիշատակել. «Այո, լսել ենք, բանակցությունների մասնագետ էր»: Սակայն Մեյերի ու Ռամաֆոսայի անունները հայտնի են միայն մասնագետներին կամ այն անձանց, ովքեր իսկապես հետաքրքրվել են Մանդելայի հաղթանակի հասնելու ուղով:
Լինեմ հակիրճ. Մեյերը եղել է դե Կլերկի վստահված բանակցողը, իսկ Ռամաֆոսան՝ Մանդելայի: Անուրանալի է այս մարդկանց ներդրումը բանակցությունների արդյունքում Հարավային Աֆրիկայում փոփոխությունների հասնելու գործում: Բայց ամենագլխավորն այն է, որ Մանդելան նույնպես հասկացել է, որ իրական խնդիր լուծելու և նպատակին հասնելու ճանապարհը բանակցված փոփոխությունն է:
Հ.Գ. «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց»: Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են:
Հ.Գ. 2 Ցավոք, նյութը, որը կարող եմ տրամադրել դիտման համար, անգլերեն է: Բայց վստահ եմ, որ գիտակցողներն ու ցանկացողները չեն ալարի այն դիտել: